Լուրեր
«Խաղաղություն եվ անամպ երկինք մեր նորածիններին». ՀՀԿ կանանց խորհրդի այցը Հայաստանի ծննդատներ
07.04.2016
Ըստ ավանդույթի` կանանց միամսյակի ամենանվիրական օրը՝ ապրիլի 7-ին, ՀՀԿ կանանց խորհրդի անդամները այցելում են Հայաստանի ծննդատներ, շնորհավորում մայրացած կանանց : Այս տարի ևս ավանդույթը չխախտվեց, սակայն այն ունեցավ բոլորովին այլ նշանակություն` կապված Արցախյան ճակատում տեղի ունեցած վերջին ծանր իրադարձությունների հետ, մտահոգություններ որոնցով ապրում է այս օրերին ողջ հասարակությունը, այդ թվում, առաջին հերթին, հայ մայրերը: Այս առաքելությամբ էլ ՀՀԿ տարածքային և շրջանային կազմակերպությունների կանանց խորհուրդների անդամները ` խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, այցելեցին հանրապետության բոլոր 65 ծննդատները:
Կուսակից կանայք շնորհավորեցին, աչքալուսանք և բարեմաղթանքներ հղեցին մայրիկներին, հանձնեցին նվերներ: ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը մայրացած հայ կանանց ուղղված իր բարեմաղթանքում ընդգծեց ազգի վերարտադրման և կայացման, հայրենիքին նվիրված սերնդի, նրա պաշտպանների դաստիարակության գործում մայրերի առանձնահատուկ դերը: Նա ցանկացավ, որ այս սերունդը ապրի խաղաղության պայմաններում , անամպ երկնքի տակ, որ նրանց մանկությունը ընթանա անհոգ և երջանիկ` ամրապնդելու մեր երկրի խաղաղ և ստեղծագործ զարգացումը: «Սա պետք է լինի մեր մայրերի միակ իղձն ու ձգտումը», - իր խոսքում ընդգծեց Հերմինե Նաղդալյանը` մաղթելով ճակատագրի բարեհաճություն` նրանց իղձերի և նպատակների իրականացման գործում:
ՀՀԿ կանանց խորհրդի անդամներին միացավ նաև Երևանի քաղաքապետի տիկին Գոհար Մարգարյանը։ Զրուցելով մայրացած կանանց հետ` Հանրապետական կանայք ուրախությամբ նկատեցին, որ հայ մայրերը վերջին շրջանում չեն խուսափում երեխա ունենալուց , և ծննդաբերությունների քանակի աճ է արձանագրվում Հայաստանում: