Լուրեր
ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ մեկնարկեցին Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի կողմից կազմակերպված առաջնորդների վերապատրաստման սեմինարները
07.04.2016
Ապրիլի 5-7-ը Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախաձեռնությամբ Ծաղկաձորում անցկացվեցին Հայաստանի երիտասարդ առաջնորդների վերապատրաստման սեմինարներ, որտեղ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր Գոհար Տեպոյանը:
Այս սեմինարները նախատեսված են 2016 թ.-ի ապրիլ և մայիս ամիսներին Հայաստան տարբեր մարզերում իրականացնելու համար:
Սեմինարները մասնակիցներին եզակի հնարավորություն են տալիս հանդիպել և հաղորդակցվել Հայաստանի տարբեր մարզերից իրենց գործընկերների, տեղական ինքնակառավարման ոլորտի ազգային և միջազգային փորձագետների, Հայաստանի կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչների, Հայաստանից և ԵԽ անդամ պետություններից Կոնգրեսի անդամների հետ:
Սեմինարների մեկնարկային 3 օրերի ընթացքում հայաստանյան և միջազգային փորձագետների կողմից ներկայացվեց տեղական ժողովրդավարությունը Եվրոպայում և Հայաստանում, միջազգային փորձը, հանրային հաղորդակցության սկզբունքները` որպես քարոզարշավի և լավ կառավարման ամրապնդման գործիք: Քննարկումներ եղան վստահության և սոցիալական կապիտալի, հաջողակ համայնքների և լավ կառավարման բաղադրիչների, հանրային էթիկայի, առաջնորդության, արժեքների և վարքագծերի մոդելների շուրջ: Մասնակիցներն ունեցան նաև խմբային աշխատանքներ որոշումների կայացման գործընթացի, անձնական արժեքների դիլեմաների և հանրային կյանքի հետ դրանց կապի վերաբերյալ:
Հավելենք, որ սեմինարների հիմնական նպատակն է հարթակ տրամադրել Հայաստանում տեղական ժողովրդավարությունը զարգացնելու լավագույն փորձի փոխանակման համար և օգնել Հայաստանի համայնքների երիտասարդ առաջնորդներին` պատկերացում կազմել եվրոպական փորձի մասին, բարձրացնել նրանց իրազեկվածությունը տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի, Հայաստանում և այլ եվրոպական երկրներում դրա գործնական կիրառման վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել տեղական և տարածաշրջանային ժողովրդավարության ընդհանուր սկզբունքները: