Լուրեր

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՓԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

31.03.2016


Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 30-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում այցելել է հայկական Սուրբ Հակոբ եկեղեցի: Հանրապետության Նախագահը Հայ Առաքելական եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արք. Պարսամյանի, Մեծի Տանն Կիլիկիո ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տեր Օշական արք. Չոլոյանի, «Հայաստան ծառ» ծրագրի հիմնադիր Քերոլին Մուգարի ու տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ծաղկեպսակ է դրել եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել: Ավելի ուշ կայացել է ՀՀ Նախագահի հանդիպումը ԱՄՆ Արևելյան ափի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Հանդիպման ավարտին Հանրապետության Նախագահը համայնքային մի շարք գործիչների պարգևատրել է պետական բարձր պարգևով, խրախուսել շնորհակալագրերով: Մասնավորապես` ՀՀ անկախության տոնի առթիվ, ինչպես նաև հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար բժիշկ, Բոստոնի համալսարանի նախագահ Արամ Չոբանյանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պատշաճ կազմակերպման և անցկացման գործում ներդրած ավանդի համար միջոցառումները համակարգող Ամերիկայի Միացյալ Նահանգների Բոստոնի տարածաշրջանային հանձնախմբի անդամներ `Էնթոնի Բարսամյանը, Ջեյմս Գալուստյանը և Արա Նազարյանը պարգևատրվել են ՀՀ Նախագահի շնորհակալագրով:

 

***

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԱՄՆ Արևելյան ափի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը

 

Գերաշնո՛րհ սրբազան հայրեր,
Սիրելի՛ հայրենակիցներ,


Նախ` ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սուրբ Զատկի կապակցությամբ: Ուրախ եմ այս զորեղ և կազմակերպված հայ համայնքի ներկայացուցիչներին հանդիպելու և ջերմ ու անկեղծ մթնոլորտում հաղորդակցվելու հնարավորության համար: Նման հանդիպումները լավ առիթ են ոչ միայն սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ ուղղակիորեն շփվելու, նրանց հուզող հարցերը քննարկելու, այլև, որ ամենակարևորն է, Հայաստանի ու հայության առջև ծառացած մարտահրավերների մասին Հայոց պետության տեսակետները ներկայացնելու, դրանց հաղթահարման համար միասնական լուծումներ փնտրելու և համահայկական հարցերում մեր ջանքերը մեկտեղելու համար:


Վիլյամ Սարոյանը պատգամում էր. «Ուր որ կերթաս՝ պոռա Հայաստան»: Դուք ականջալուր եք մեծ հայի պատգամին և այստեղ՝ ԱՄՆ-ում, ստեղծել եք տասնյակ փոքրիկ Հայաստաններ: Այս օրերի ընթացքում ես իսկապես բոստոնյան «Փոքրիկ Հայաստանում» եմ: Եվ դա պատահական չէ, քանզի այստեղ է գտնվում ԱՄՆ-ի խոշորագույն հայկական համայնքներից մեկը, որն իր գոյության ընթացքում նշանակալի ներդրում է ունեցել երկրի մշակութային բազմազանության և զարգացման գործում: Անթաքույց հպարտության պահեր ապրեցի՝ տեսնելով հայկական եկեղեցիներն ու կենտրոնները, ցուցասրահներն ու թանգարանները, այցելելով հայկական կառույցներ ու կազմակերպություններ, Հայկական ժառանգության պուրակ, ինչպես նաև հանդիպելով տաղանդաշատ հայազգի գիտնականների ու մասնագետների հետ: Ջերմ ու հուզիչ էր հանդիպումս ԱՄՆ-ի առաջատար բուհերում սովորող հայ ուսանողների հետ, որոնց ուսումնառության հարցում սատարում է մեր կողմից ստեղծված «Լույս» հիմնադրամը:
Բոստոնը նաև յուրահատուկ նշանակություն ունի Հայաստանի նորագույն պատմության համար: Չէ՞ որ մեր նորանկախ պետության դիվանագիտության, քաղաքագիտության, իրավաբանության և այլ ոլորտների բազմաթիվ երիտասարդ մասնագետներ կրթություն են ստացել հենց այս քաղաքի բուհերում: Նրանք իրենց հետ հայրենիք են բերել արևմտյան մշակույթի լավագույն ավանդույթները, հարուստ գիտելիքներն ու հմտությունները և այսօր էլ աշխատում են ի նպաստ մեր պետության հզորացման և առաջընթացի:


Շնորհակալ եմ, որ հայրենիքի համար օրհասական պահերին ամերիկյան հզոր համայնքը մշտապես եղել է իր հայրենակիցների կողքին, օգնության ձեռք մեկնել թե՛ Սպիտակի երկրաշարժի, թե՛ Արցախյան ազատամարտի և թե՛ պետականության կերտման դժվարին ժամանակներում: Դուք մեծապես նպաստել եք Հայաստանի Հանրապետության կայացմանը, Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական առաջընթացին՝ ժամանակ ու միջոցներ տրամադրելով բազմաթիվ խնդիրների լուծման համար։


Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ,


Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց մենք, առավել քան երբևէ, համախմբվեցինք, մեկտեղեցինք մեր ուժերն ու միասնական ոգով կարողացանք աշխարհին ապացուցել, որ ամուր է հայի կամքը, հաստատակամ ու շարունակական նրա պայքարը՝ հանուն արդարության հաստատման, հանուն մարդկության դեմ ուղղվող հանցագործության դատապարտման, որպեսզի այլևս երբեք և ոչ մի վայրում չկրկնվի ցեղասպանություն կոչվող հրեշավոր հանցագործությունը։


Մենք մշտապես կապի մեջ ենք եղել և միասին ծրագրել, անցկացրել և համադրել ենք ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում, այնպես էլ ԱՄՆ-ում կազմակերպված ոգեկոչման միջոցառումները: Երախտապարտ ենք 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող ԱՄՆ-ի տարածաշրջանային հանձնախմբերին, բոլոր կառույցներին ու կազմակերպություններին՝ կազմակերպված ու բարձր մակարդակով աշխատանքներ իրականացնելու համար: Մեր ջանքերի շնորհիվ հայ դատը լսելի դարձավ աշխարհի ամենաժողովրդավարական երկրներից մեկում, որտեղ մարդու իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեք են:


28 տարի առաջ սկիզբ առած Արցախյան գոյամարտը մեր ազգային վերածննդի և միասնականության ևս մեկ ապացույցն էր։ Այսօր էլ արցախահայության ինքնորոշման իրավունքի, Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցերը շարունակում են մնալ մեր համազգային առաջնահերթություններից: Եթե չլինեին Ադրբեջանի ծայրահեղական դիրքորոշումները և սադրանքները, մենք, թերևս, հարցը վաղուց լուծած կլինեինք, և այսօր միանգամայն այլ հնարավորություններ բացված կլինեին մեր ժողովուրդների համար: Իհարկե, մեր նպատակն է շարունակում մնալ հարցի՝ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորումը, սակայն հավաստիացնում եմ ձեզ՝ մենք չենք վարանի համարժեք քայլեր ձեռնարկել հակառակորդի հնարավոր ագրեսիան զսպելու համար: Ինչպես իրավացիորեն ասում է Մասաչուսեթս նահանգի նշանաբանը՝ «Սրով մենք ձգտում ենք խաղաղության, սակայն խաղաղության՝ միայն ազատության մեջ»:
Ակնհայտ փաստ է, որ Արցախն այսօր ունի կայացած պետության բոլոր բնորոշիչները՝ իր բոլոր ինստիտուտներով ու կառույցներով, և դա անշրջելի գործընթաց է: Վստահ եմ, որ մեր համակարգված ջանքերի շնորհիվ կկարողանանք Արցախը դարձնել միջազգային իրավունքի և հարաբերությունների լիարժեք սուբյեկտ: Հարկ եմ համարում նշել, որ ԱՄՆ-ի հայկական լոբբիստական կառույցների, համայնքային կազմակերպությունների, նահանգային ու քաղաքային օրենսդիր մարմինների հայազգի անդամների շնորհիվ արդեն 7 նահանգ, այդ թվում՝ նաև, իհարկե, Մասաչուսեթսը և 2 քաղաքներ, ընդունել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ բանաձևեր և որոշումներ: Շնորհակալ եմ ձեզ դրա համար: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք ապագայում ականատես կլինենք նորանոր հաջողությունների այս ուղղությամբ։


Սիրելի՛ հայրենակիցներ,


Մենք պետք է միասնական լինենք և համակարգված քայլեր ձեռնարկենք ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի արդարացի կարգավորման, այլև մեր հայրենիքի տնտեսական զարգացման ու բարգավաճման ուղղությամբ: Այստեղ անելիքներ շատ կան, և ես ակնկալում եմ, որ դուք էլ, մեզ հետ միասին, ակտիվ և նախաձեռնող կլինեք: Իհարկե, տեղյակ եք, որ գլոբալ տնտեսական ճգնաժամը, տնտեսական վայրիվերումները չեն շրջանցել նաև Հայաստանը, և մենք ստիպված ենք աշխատել հավելյալ բարդությունների պայմաններում: Սակայն պետք է արձանագրեմ, որ եվրոպական երկրներում և Ռուսաստանում վերջին շրջանի դժվարությունների ներքո անգամ անցյալ տարի մեր տնտեսական աճը կազմել է երեք տոկոսից քիչ ավելի, և սա այն դեպքում, երբ տարածաշրջանի երկրներից շատերը տնտեսական անկում են ունեցել:
Գրանցված գնաճը եղել է նախատեսվածի շրջանակներում և բավական ցածր ցուցանիշ է տարածաշրջանի երկրների համեմատությամբ: Հավատացե՛ք, այս ցուցանիշները խոսում են Հայաստանի տնտեսության՝ արտաքին ցնցումներից կախվածության թուլացման մասին, որը երկրում իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունք է:


Այս ամենին զուգընթաց՝ վերջին շրջանում միջազգային և տարածաշրջանային զարգացումները լուրջ հնարավորություններ են ընձեռում մեր երկրի տնտեսական գրավչությունը մեծացնելու համար: 2015թ. Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ՝ ստանալով ազատ մուտք դեպի 170 միլիոնանոց շուկա: Անցյալ տարվա մայիսին Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրվեց Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը (TIFA), որը նոր հորիզոններ է բացում երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման առումով: Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը նոր` 77 միլիոնանոց շուկա է բացում Հայաստանի անմիջական հարևանությամբ:


Մեր տնտեսության ներդրումային գրավչությունը ներկայացնելու առումով մեծապես կարևորում եմ ինչպես մեր դիվանագետների հետևողական աշխատանքը, այնպես էլ հայ համայնքի ակտիվ ներգրավումն այս գործընթացին: Օգտագործելով ամերիկյան բիզնես շրջանակների հետ ձեր կապերը՝ դուք կարող եք մեծապես խթանել դեպի Հայաստան օտարերկրյա ուղղակի ներդրումները: Ամբողջությամբ չի օգտագործվում հատկապես ամերիկահայերի ներուժը, որի նպատակաուղղված ներգրավման արդյունքում, իմ խորին համոզմամբ, հաջողություններն ակներև են լինելու։ Ասել եմ ու այսօր դարձյալ կրկնում եմ` եկե՛ք հայրենիք, ներդրումներ կատարե՛ք, շահույթ ստանալով` միաժամանակ կառուցե՛ք երկիրը, աշխատատեղեր ստեղծելով՝ օգնե՛ք զարգացնել երկիրը: Հայաստանը ներդրումների ներգրավման մեծ ներուժ ունի՝ հատկապես ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների ու ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներում: Ակնհայտ է նաև, որ զարգացմանը զուգահեռ՝ խոշոր ներդրումների հնարավորություն է բացվել ծառայությունների, հատկապես՝ զբոսաշրջության, առողջապահության, ֆինանսական շուկաների ոլորտներում:


Հայաստանում գործում են հարկային և մաքսային արտոնություններ տրամադրող ազատ տնտեսական գոտիներ, որոնց ստեղծման նպատակն է օտարերկրյա ներդրումների ներգրավման, առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել արտահանման ծավալների աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանը և ապահովել կայուն տնտեսական աճ:


Մեզնից յուրաքանչյուրի ուժն ու մեծությունը ուղիղ համեմատական է հայրենիքի հզորությանն ու բարեկեցությանը և, հավատացե՛ք, սա է հայ ժողովրդի կենսունակության միակ բանաձևը, նրա հավերժության բանալին:
Այս առումով մենք պատրաստ ենք քննարկել ձեր կողմից ներկայացված ներդրումային ծրագրերը, նոր գաղափարները, ստեղծարար առաջարկները, դրանք կենսագործելու համար ստեղծել պատշաճ հնարավորություններ ու պայմաններ, որպեսզի դուք հայրենիքում կարողանաք շահութաբեր գործունեություն ծավալել:


Հայաստանն իսկապես այսօր ֆինանսական ներդրումների կարիք ունի, սակայն նաև երկրի զարգացման համար սփյուռքի մեր հայրենակիցների տաղանդի, հմտությունների ու մասնագիտական անգնահատելի կարողությունների ավելի մեծ կարիքն ունենք: Եթե մեզ հաջողվի մեր սփյուռքի այս ներուժն օգտագործել այնպես, ինչպես օրինակ Մասաչուսեթսում հայտնի մեկ այլ համայնքի ներկայացուցիչները` իռլանդացիներն են անում, դա մեծագույն խթան կհանդիսանա Հայաստանի զարգացման համար:


Սիրելի՛ հայրենակիցներ,


Մենք քաջ գիտակցում ենք՝ որքան հայրենիքը ակնկալում է սփյուռքից, այնքան էլ պարտավոր է օգնել սփյուռքին: Այս առումով այսօր սիրիահայերին ցուցաբերվող օգնությունը մենք ոչ թե դիտարկում ենք որպես մեր պետության բարի կամք, այլ որպես Հայաստանի ուղղակի պարտավորություն: Այո, մեր պետության պարտքն է դժվարին կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին օգնության ձեռք մեկնել:


Ցավոք, անպատժելիությունը ծնում է մարդկության դեմ ուղղված նոր հանցագործություններ, որոնց ականատեսն ենք մեր անմիջական հարևանությամբ՝ Մերձավոր Արևելքում: Այսօր Սիրիայի հայ համայնքը կանգնած է ոչնչացման եզրին, ավերվում և թալանվում են հայկական պատմամշակութային արժեքները: Սա փորձություն է, որին պետք է դիմակայենք միասնաբար: Այստեղ անելիք ունենք բոլորս՝ և՛ պետությունը, և՛ սփյուռքը, և՛ մեր բոլոր համայնքները: Վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանի իշխանություններն անում են հնարավորը մայր հայրենիքում ապաստանած՝ 20 հազարի հասնող սիրիահայերի արժանապատիվ կեցությունն ապահովելու ուղղությամբ։ Մենք նրանց անմիջապես քաղաքացիություն ենք շնորհում, աջակցում անվճար կրթության ապահովման, առողջական խնդիրների լուծման հարցերում, օգնում բիզնես հիմնելու և Հայաստանում հաստատվելու հարցերում: Ուրախ եմ, որ սիրիահայության աջակցության համար ԱՄՆ-ի հայ համայնքը պարբերաբար կազմակերպում է հեռուստամարաթոններ ու դրամահավաքներ, և այդ նվիրատվությունների շնորհիվ հնարավոր է դառնում զգալիորեն թեթևացնել մեր հայրենակիցների առօրյա խնդիրները ոչ միայն Սիրիայում, այլև սիրիահայերին ապաստան տրամադրած երկրներում: Եկե՛ք միասնաբար օգնենք, որ նրանց հիմնական մասը հաստատվի Հայաստանում: Իհարկե, մեզ համար պատուհաս է, որ Մերձավոր Արևելքում ոչնչանում են հայկական համայնքները: Բայց, միգուցե, դա կլիներ չարիքների փոքրագույնը, եթե այդ համայնքի անդամների ճնշող մեծամասնությունը հաստատվեր Հայաստանում: Դա գոնե ինչ-որ տեղ մեզ համար սփոփանք կլիներ: Մեզ համար իսկապես ցավալի է այս ծաղկուն գաղութի կորուստը, բայց մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի դուրս եկածները գոնե Հայաստան տեղափոխվեն:
Սիրելի՛ հայրենակիցներ,


Այս տարի մենք ազգովին և մեծ հանդիսավորությամբ նշելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը: Այս տարիների ընթացքում գրանցել ենք հաղթանակներ, ունեցել նվաճումներ տարբեր ոլորտներում, դարձել միջազգային հանրության լիիրավ անդամ: Ապավինել ենք մեր բազկին, հավատացել մեր վաղվա օրվան, չենք ընկրկել դժվարությունների առջև։
Այսօր Հայաստանը թևակոխել է նոր ժամանակաշրջան։ Երկրում շարունակվում են իրականացվել լայնածավալ օրենսդրական, կառուցվածքային բարեփոխումներ: Դրանց շարունակականության ապահովմանն են միտված նախորդ տարվա դեկտեմբերին ընդունված սահմանադրական բարեփոխումները, որոնք, վստահ եմ, կկատարելագործեն Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու մեխանիզմները: Այս նոր ուղին անցնելու ենք ձեզ հետ միասին՝ համատեղ ջանքերն ուղղելով հայրենիքի հզորացմանը:


Որքան էլ որ մեր առջև դեռևս բազմաթիվ անելիքներ ու խնդիրներ կան, կարծում եմ, այսօր մենք պատրաստ ենք վստահաբար շրջելու մեր պետության՝ «նորանկախ» կոչվող էջը և միասնաբար մուտք գործելու մեր համազգային նպատակների իրագործման նոր շրջափուլ: Հայաստանը երազ է, որ մենք այսօր իրականություն ենք դարձնում: Հայաստանը մեր ու մեր սերունդների տունն է՝ անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում: Հայաստանն իրոք աշխարհի ամենաջերմ ու հարազատ անկյունն է յուրաքանչյուր հայի համար և այդպիսին է լինելու միշտ:
Անկախության 25-ամյակի շրջանակներում միջոցառումների կիզակետում են լինելու երիտասարդությունը և հատկապես անկախության սերունդը: Այդ նպատակին է ծառայելու նաև սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և համագործակցությամբ Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների՝ ս.թ. հունիսի 11-16-ը Երևանում Հայաստանի անկախության 25-ամյակի շրջանակներում մեկնարկող «Ստեղծենք միասին՝ հանուն Հայաստանի» երիտասարդական ամենամյա հավաքը: Նպատակն անկախության ստեղծագործող սերնդի, մասնավորապես՝ հայրենիքի և սփյուռքի գիտնական երիտասարդների, աշխարհի առաջնակարգ համալսարանների մագիստրանտների և ասպիրանտների համախմբումն է, ինչը նրանց հնարավորություն կտա սեփական գիտելիքներն ու կարողությունները ներդնել Հայաստանի զորացման և տարբեր բնագավառների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում:


Շնորհակալ եմ ձեզ՝ ամերիկահայ համայնքի բոլոր կազմակերպություններին, կառույցներին և միություններին ազգանվեր գործունեության, Հայաստանին ու Արցախին նեցուկ կանգնելու պատրաստակամության համար։ Միաժամանակ, մեծապես գնահատելի է, որ ջանք ու եռանդ չեք խնայում հայ մնալու և ապագա սերունդներին հայ դաստիարակելու համար: Մենք միասնաբար ենք կառուցում մեր հզոր Հայաստանը:


Կեցցե՛ ազատ և անկախ Հայաստանը, կեցցե՛ հայ-ամերիկյան բարեկամությունը:
 

← Վերադառնալ ցուցակին