Լուրեր
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱԹԵՆՔՈՒՄ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ «ՀԱՅԱՍՏԱՆ.ԱՐԱՐԱՏԻ ՈԳԻՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՄԱՆԸ
14.03.2016
Հունաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աթենքում այցելել է Բյուզանդական և քրիստոնեական թանգարան, որտեղ Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ ներկա է գտնվել «Հայաստան.Արարատի ոգին» խորագրով ցուցահանդեսի բացմանը: Թանգարանի կենտրոնական մասնաշենքի երկու հարկերում ցուցադրված հարյուրից ավելի ցուցանմուշները ներկայացնում են Հայաստանը` բրոնզե դարից մինչ 20-րդ դարն ընկած ժամանակահատվածում: Ներկայացված առարկաները եզակի գտածոներ են՝ պեղված բացառապես Հայաստանի ներկա տարածքից, ճարտարապետության ու քանդակագործության բարձրարժեք գեղարվեստական նմուշներ, երկրպագության և ծեսի եզակի իրեր, ինչպես նաև ձեռագրեր և կիրառական արվեստի առարկաներ Հայաստանի տարբեր պատմական-ազգագրական շրջաններից: Թեմատիկ բաժանմամբ ցուցահանդեսը բաղկացած է երեք մասից` «Հայկական քաղաքակրթության հմայքն ու ուժը», «Հայաստանը փոփոխվող աշխարհում», «Կոչեմ ապրողաց (Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի առթիվ)»:
Հայաստանի և Հունաստանի նախագահները երկու երկրների մշակույթի նախարարների, պաշտոնական պատվիրակությունների անդամների ուղեկցությամբ` թանգարան այցելած բազմաթիվ հյուրերի հետ շրջել են ցուցահանդեսի սրահներով, ծանոթացել հարուստ ցուցադրանյութին: