Լուրեր

Աթենքում կայացել են հայ-հունական բարձր մակարդակի բանակցությունները

14.03.2016


 

Նախագահ Սերժ Սարգսյանը Հունաստանի Հանրապետության Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Հունաստան:

Մինչ բարձր մակարդակի բանակցությունները, Սերժ Սարգսյանը Աթենքում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:

Հունաստանի Նախագահի նստավայրում ՀՀ Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Պրոկոպիս Պավլոպուլոսը առանձնազրույց են ունեցել: ՀՀ Նախագահը և Պրոկոպիս Պավլոպուլոսը, ով մինչ Նախագահի պաշտոնն ստանձնելը եղել է Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամ և բավականաչափ տեղեկացված է Հայաստանի վերաբերյալ կարևորագույն հարցերին, քննարկել են միջպետական հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ` միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը, փոխշահավետ մի շարք կարևոր ոլորտներում հայ-հունական գործակցության զարգացմանը, միջխորհրդարանական կապերին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր: Նախագահներն անդրադարձել են նաև միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի, ներկայացրել դրանց շուրջ երկու երկրների մոտեցումները, խոսել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների և դրանց զարգացման գործում բարեկամ Հունաստանի դերակատարության, Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում ստեղծված ճգնաժամի և դրա հետևանքով առաջացած մարդասիրական աղետի, փախստականների ճգնաժամի հետևանքների մասին, որն այսօր համաեվրոպական խնդիր է դարձել, իսկ Հունաստանի կառավարության համար՝ ամենօրյա լուրջ մարտահրավեր:

Առանձնազրույցից հետո, ի պատիվ պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի անունից տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով` անդրադառնալով բարձր մակարդակի հայ-հունական միջպետական հարաբերություններին, դրանց առավել սերտացման և փոխշահավետ բազմաթիվ ոլորտներում համագործակցության զարգացման ներուժին, ընդհանուր պատմությամբ և ավանդույթներով փոխկապակցված, երկու հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող հայ և հույն ժողովուրդների դարավոր բարեկամությանը, ինչպես նաև այդ բարեկամության ամրապնդման գործում զգալի դերակատարություն ունեցող Հունաստանի հայ համայնքին: «Բարեկամ հույն ժողովրդի հյուրընկալության մասին վկայությունները հիշատակվում են դեռևս մեծն Հոմերոսի «Ոդիսականում», այդուհանդերձ, հունական «քսենիան» մեզ՝ հայերիս, քաջածանոթ է ոչ միայն գրականությունից: Անծանոթին անօգնական չթողնելու պատգամին հավատարիմ՝ հարյուր տարի առաջ հույն ժողովուրդը ապաստան տվեց հայրենազրկված և անօթևան մնացած հազարավոր հայերի: Եվ այսօր հպարտությամբ եմ նշում, որ արմատներ ձգելով Հունաստանում՝ հայ համայնքն ամրացավ ու ծաղկեց՝ իր ստեղծագործ ներդրումը բերելով Հունաստանի շենացմանն ու նպաստելով հայ-հունական միջպետական համագործակցության ամրապնդմանը:

Հյուրերի նկատմամբ նման վերաբերմունքն անչափ հարազատ է մեզ` հայերիս, սակայն, հյուրասիրության այս դրսևորումը մեր ժողովուրդներին կապող միակ ընդհանրությունը չէ: Հայերն ու հույները ավելին են, քան բարեկամներ: Նրանք միմյանց փոխկապակցված են ընդհանուր պատմությամբ և ավանդույթներով:

Ներկայացնելով երկու հնագույն քաղաքակրթություն՝ հայ և հույն ժողովուրդները արարել են կողք կողքի՝ իրենց հետքը թողնելով համաշխարհային պատմության էջերում: Պայքարել են կողք կողքի՝ վաստակելով գոյատևելու իրավունքը: Այսօր էլ, որպես համանման արժեքների ու բարոյականության կրողներ, հանդես են գալիս կողք կողքի՝ վաստակելով հարատևելու ու բարգավաճելու իրավունքը: Այդ ժառանգության հիման վրա ենք այսօր շարունակում ամրապնդել հայ-հունական բարեկամությունը, որն արդեն 24 տարի է, ինչ միջպետական բնույթ է կրում:

Այսօր մենք ունենք հագեցած երկկողմ օրակարգ՝ քաղաքական գործուն երկխոսու-թյունից մինչև համագործակցություն կրթության և մշակույթի բնագավառներում: Սերտորեն փոխգործակցում ենք ռազմական ոլորտում: Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում Հունաստանը մեր կարևորագույն գործընկերներից է: Պարբերական դարձած բարձրաստիճան փոխայցելությունները հնարավորություն են տալիս ուրվագծել համագործակցության նոր հնարավորություններ: Ասածիս վառ վկայությունն իմ այս այցն է, որի հիմնական նպատակն է նոր մակարդակի բարձրացնել մեր տնտեսական համագործակցությունը՝ հիմնվելով առկա ներուժի վրա»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջարկել բաժակ բարձրացնել հանուն հայ և հույն ժողովուրդների դարավոր պատմության, հանուն ներկա բարեկամության և ապագա սերունդների հարատև համակեցության:

Ողջունելով ՀՀ Նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը` Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսն ընդգծել է, որ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Հունաստան ևս մեկ անգամ ցույց է տալիս բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, մշակութային, երկու երկրների միջև հարաբերությունների և համագործակցության բարձր մակարդակն ու բացառիկ կարևորությունը: Նշելով, որ հայերը և հույները միմյանց հետ կապված են ամուր պատմական, բարեկամական կապերով, Նախագահ Պավլոպուլոսը շեշտել է, որ այսօրվա միջպետական հարաբերությունների հիմք դարձած այդ պատմական կապերն ամրապնդվել են դարերի ընթացքում` դժվարին պայմաններում. «20-րդ դարի սկզբներին երկու ժողովուրդները միևնույն պատճառով տառապալից պահեր են ապրել, ինչպես վկայում է պատմությունը` թե՛ հայ ժողովրդի, թե՛ Պոնտոսի հույների, թե՛ Փոքր Ասիայի հույների նկատմամբ տեղի ունեցածը: Մենք չենք մոռանա 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Հպարտ ենք, որ Հունաստանն այն քիչ երկրներից էր, որ օթևան տվեց տարագիր հայերին, նաև Հունաստանն առաջին երկրներից էր, որ ճանաչեց հայերի դեմ գործված ցեղասպանությունը, իսկ մյուս կողմից` Հայաստանի խորհրդարանը ճանաչեց պոնտոսցիների դեմ գործված ցեղասպանությունը: Պետք է հիշենք, պարո՛ն Նախագահ, որ պատմական հիշողությունը կարևոր է մարդկության հավաքական գիտակցության համար, կարևոր է նաև մարդկության ապագայի տեսանկյունից: Հատկապես ներկայիս ճգնաժամային պայմաններում, երբ սև, մութ ամպեր են հավաքվել համաշխարհային հորիզոնում, պետք է հիշենք անցյալը, ոչ թե որպես ատելություն սերմանելու միջոց, այլ որպեսզի կարողանանք ապագայում խուսափել նման ողբերգություններից»,- ասել է Հունաստանի Նախագահը, ում տեսակետի հետ ՀՀ Նախագահն այս հարցում համակարծիք է եղել` ընդգծելով, որ ցեղասպանությունը հիշելը և դատապարտելը հետագա ցեղասպանությունների կանխարգելման նպատակ ունի և փաստելու, որ մեր թշնամիներին չի հաջողվել իրականացնել մի ամբողջ ժողովրդի ոչնչացնելու իրենց ծրագիրը:

Հունաստանի Նախագահը խոսել է զարգացման լայն հնարավորություններ և հեռանկար ունեցող հայ-հունական երկկողմ կապերի մասին, որոնք, նրա համոզմամբ, ավելի կամրապնդվեն ՀՀ Նախագահի պաշտոնական այցի արդյունքում:

Նախագահ Պավլոպուլոսը բաժակաճառում հանգամանորեն անդրադարձել է իր երկրի արտաքին քաղաքականության մի շարք կարևորագույն հարցերի` Հունաստան-Թուրքիա հարաբերությունների, Կիպրական հարցի, տարածաշրջանի մարտահրավերների, փախստականների խնդրի վերաբերյալ Հունաստանի դիրքորոշումներին: Այդ համատեքստում նա ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հունաստանի դիրքորոշումը, նշելով, որ Հունաստանն իր արտաքին քաղաքականության մեջ հետապնդում է միջազգայնորեն ընդունված օրենքների և նորմերի հիման վրա բոլոր հարցերի խաղաղ կարգավորման սկզբունքը և, անշուշտ, նույն տեսակետին է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված: Պրոկոպիս Պավլոպուլոսն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը այդ հիմնախնդրի լուծման ամենահարմար հարթակն է: Հունաստանի Նախագահի խոսքով, իր երկիրը կարևորում է Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությունը, խաղաղությունն ու կայունությունը նաև տարածաշրջանի տնտեսական զարգացման տեսանկյունից:

«Վստահ եմ, պարո՛ն Նախագահ, որ նկատի ունենալով այս մարտահրավերները, բոլորս մեր հնարավորությունների սահմաններում պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դիմագրավենք այս ճգնաժամները:

Ցանկանում եմ բաժակ բարձրացնել ու խմել անձամբ Ձեր և բարեկամ հայ ժողովրդի կենացը` մաղթելով ազգային իղձերի և նպատակների իրականացում, առաջընթաց բոլոր ոլորտներում»,-ասել է Հունաստանի Նախագահը:

Հունաստան պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նաև հարցազրույց է տվել Հունաստանի հանրային հեռուստաընկերությանը:

Ավելի ուշ Նախագահ Սերժ Սարգսյանը Հունաստանի Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ Աթենքի Բյուզանդական և քրիստոնեական թանգարանում ներկա կգտնվի «Հայաստան.Արարատի ոգին» խորագրով ցուցահանդեսի բացմանը, իսկ երեկոյան հանդիպում կունենա Հունաստանի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ:

 

← Վերադառնալ ցուցակին