Լուրեր

Կանանց միջազգային օրը յուրովի տոնեցին ՀՀԿ Շիրակի, Արմավիրի, Լոռու և Արարատի մարզային երիտասարդական կազմակերպությունները

09.03.2016

Մարտի 8-ը` Կանանց միջազգային օրը, յուրատեսակ մոտեցմամբ նշվեց ՀՀԿ Շիրակի, Արմավիրի և Լոռու մարզային երիտասարդական կազմակերպությունների կողմից:

Շիրակի ՀՀԿ-ական երիտասարդները տոնի կապակցությամբ Գյումրիում անակնկալ այցեր կատարեցին թվով 20 անապահով և բազմազավակ ընտանիքների և այդ ընտանիքների կանանց ու աղջիկներին տարատեսակ նվերներ, քաղցրավենիք և ծաղիկներ նվիրեցին` տոնական տրամադրություն փոխանցելով նրանց:

Կանանց միջազգային օրը նշեցին նաև Արմավիրի երիտասարդ ՀՀԿ-ականները: Նրանք Արմավիր, Մեծամոր, Էջմիածին քաղաքներում և հարակից մի քանի համայնքներում կանանց ու աղջիկներին ծաղիկներ բաժանեցին, որոնց վրա նախապես փակցրել էին գեղեցիկ բարեմաղթանքներ: Այնուհետև երիտասարդները ՀՀԿ Արմավիրի մարզային գրասենյակում հյուրընկալեցին մարզում ապրող, <<Արևի շող>> հասարակական կազմակերպության շահառու, հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների: Միջոցառման այս մասում երիտասարդներից առավել շնորհալիները հանդես եկան երգով ու ասմունքով, ինչից ոգևորված` հյուրերը ևս սկսեցին ի ցույց դնել իրենց շնորհները` ասմունքի, երգի ու պարի միջոցով: Հանդիպումն այնքան ջերմ անցավ, որ ՀՀԿ-ական երիտասարդները <<Արևի շող>> ՀԿ-ի կողմից ապրիլի 7-ի կապակցությամբ հյուրընկալության հրավեր ստացան, ինչը սիրով ու ոգևորությամբ ընդունեցին:
Հանդիպման վերջում հյուրերը ստացան գեղեցիկ նվերներ ու ծաղիկներ ՀՀԿ Արմավիրի երիտասարդական կազմակերպության կողմից:

Իսկ Լոռու մարզի ՀՀԿ-ական երիտասարդները Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հովանավորությամբ գեղեցիկ ծաղիկներով և նվերներով անակնկալ այցեր կատարեցին մարզկենտրոն Վանաձորում բնակվող շուրջ 40 կանանց, ովքեր իրենց տարեդարձն են տոնում գարնանային այս գեղեցիկ օրը: Շնորհավորելով նրանց կանանց միջազգային օրվա առթիվ` երիտասարդները մի հաճելի ակնթարթով ևս հիշարժան դարձրին նրանց տարեդարձը:

Անակնկալները շարունակվեցին նաև Արարատի մարզում, որտեղ ՀՀԿ-ական երիտասարդները ՀՀԿ Արարատի մարզային ԵԿ ղեկավար Կարեն Բենիամինյանի գլխավորությամբ այցելեցին Հայոց բանակում զոհված 21 զինծառայողների ընտանիքների և նրանց կանանց, մայրերին ու քույրերին ծաղիկներով և բացիկներով շնորհավորելով` մաղթեցին առողջություն:


 

← Վերադառնալ ցուցակին