Լուրեր

Բեռլինում անցկացվեց EDS Ձմեռային համալսարանը` ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ

29.02.2016

Փետրվարի 23-28-ը ժողովրդավարության եվրոպական մայրաքաղաք Բեռլինում անցկացվեց <<Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ>>(EDS) Ձմեռային համալսարանը, որը կրում էր <<Եվրոպա 2030. Մենք կանգնած ենք միասին>> խորագիրը:
Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը:

Տեղեկացնենք, որ <<Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ>>-ը երիտասարդական կազմակերպություն է, որը ներկայացնում է 1.600.000 ուսանողների 35 եվրոպական երկրներից: EDS-ը համախմբում է ուսանողական, երիտասարդական կազմակերպություններին` միասին ձևավորելու Եվրոպայի աջակենտրոն քաղաքականությունը: Կազմակերպության հիմնական նպատակը մայրցամաքում ազատ, ժողովրդավար և միացյալ Եվրոպայի առաջխաղացմանը նպաստելն է` ուսանողական ավելի մեծ շարժունության և համապարփակ կրթության միջոցով:
Այս տարի EDS-ը նշում է իր կազմավորման 55-ամյակը, այդ իսկ պատճառով ձմեռային համալսարանի նպատակներից էր միասին վերհիշել անցյալի աշխատանքներն ու ձեռքբերումները և նախորդ սերունդներից ստացած ժառանգությունը պահպանելով ու զարգացնելով ապահովել միասնական և ծաղկուն Եվրոպայի գաղափարի տարածումն ու պահպանումը:

EDS ձմեռային համալսարանի մեկնարկը տրվեց RCDS(Ring Christlich-Demokratischer Studenten) ղեկավար Ջենովան Կրիշնանի և EDS ղեկավար Գեորգիոս Չացիգեորգիուի հետ հանդիպմամբ:

Ծրագրի շրջանակներում ընթերցվեցին մի շարք զեկույցներ, ինչպես նաև փորձառու մասնագետների կողմից քննարկումներ անցկացվեցին ԵՄ անվտանգության ապագա հարցերի, քաղաքական հաղորդակցությունների, Եվրոպայի կրթական քաղաքականության, ուսանողության հետ կապված ռիսկերի, միգրացիոն ճգնաժամերի ազդեցության, տնտեսական համակարգի վերամոդելավորման հարցերի շուրջ:

Հավելենք, որ ծրագրի ընթացքում հայտարարվեց EDS-ի նոր նախաձեռնության` կազմավորման 55-ամյակի կապակցությամբ EDS-ի կողմից հրատարակվող "Bullseye" ամսագրի համար առցանց հարթակի` www.bullseye-magazine.eu կայքի բացման մասին:

 

← Վերադառնալ ցուցակին