Լուրեր

Երիտասարդ ՀՀԿ-ականները ծանոթացան քաղաքական ոլորտում ԶԼՄ-ների հետ աշխատանքի հմտություններին

20.02.2016



Փետրվարի 19-20-ը <<Հայաթ Փլեյս>> հյուրանոցում Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի(NIMD) նախաձեռնությամբ անցկացվեցին <<Media Relations. Քաղաքական կուսակցությունների արդյունավետ փոխգործակցությունը ԶԼՄ-ների հետ>> խորագրով դասընթացներ:
Դասընթացները կազմակերպվել էին ՀՀ խորհրդարանում ընդգրկված կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչների համար` մարտ ամսին Թբիլիսիում կայանալիք Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների 4-րդ համաժողովին ընդառաջ: Ծրագրին ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը ներկայացել էր 4 անդամներով:

Դասընթացները վարում էր PR մասնագետ ու վերլուծաբան, <<Հեռուստառադիոպետկոմ>> և <<Արմենպրես>> լրատվական գործակալության նախկին նախագահ և տնօրեն Տիգրան Հակոբյանը:

Դասընթացների ընթացքում երիտասարդները ծանոթացան քաղաքական ոլորտում PR և MR ֆունկցիաներին ու գործիքակազմին, ԶԼՄ-ների հետ քաղաքական կուսակցությունների աշխատանքների, սեփական տեղեկատվական հոսքերի կառավարման, տեղեկատվական առիթների ստեղծման հիմնական կանոններին, նախընտրական արշավների քարոզչական ապահովման տեսական և պրակտիկ դրույթներին, պրոպագանդիստական աշխատանքի տեխնիկաներին: Խոսվեց <<սև PR>>-ից, ասեկոսեներից, մանիպուլյատիվ տեխնոլոգիաների օգտագործումից և դրանց չեզոքացման տեխնիկաներից: Երիտասարդները ձեռք բերեցին պրակտիկ հմտություններ հարցազրույցների, մամուլի ասուլիսների վարման, մամուլի հաղորդագրության պատրաստման վերաբերյալ: Քննարկվեցին տպագիր մամուլի առանձնահատկություններն ու ինտերնետի առավելությունները: Դասընթացներին զուգահեռ կատարվեցին գործնական աշխատանքներ` ներկայացված իրավիճակներին և առաջադրված խնդիրներին համապատասխան, որոնց արդյունքում երիտասարդներն առավել հստակ պատկերացում կազմեցին մեդիայի հետ աշխատանքի բարդությունների ու նրբությունների և հնարավոր սխալների շտկման եղանակների վերաբերյալ:

Անդրադառնալով մեդիայի ներկայիս մարտահրավերներին` դասընթացավար Տիգրան Հակոբյանը նշեց, որ կուսակցական երիտասարդները մամուլի կողմից շատ հաճախ ընկալվում են որպես տվյալ կուսակցության հետ կապված բոլոր բացասական երևույթների կրողը, և նկատվում է վստահության պակաս այն բանի նկատմամբ, որ երիտասարդները կարող են նորը բերել ու փոփոխություններ կատարել, սակայն ներկա երիտասարդությունը բավականին ճկուն է այդպիսի մարտահրավերներին դիմակայելու համար: Դասընթացավարն իր խոսքում կարևորեց նման դասընթացների կազմակերպումը` նոր գիտելիքների ձեռքբերման, կարծիքների փոխանակման և կոմունիկացիոն խնդիրների լուծման տեսանկյունից: 

← Վերադառնալ ցուցակին