Լուրեր

ՀՀԿ Տավուշի և Լոռու մարզի ԵԿ անդամները համատեղ ծրագրով այցելություն կատարեցին Հաղարծնի վանական համալիր և Դիլիջանի միջազգային դպրոց

19.02.2016

Փետրվարի 18-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Տավուշի և Լոռու մարզի տարածքային երիտասարդական կազմակերպությունները համատեղ նախաձեռնությամբ այցելեցին Հաղարծնի վանական համալիր, որտեղ կատարած շրջայցի ընթացքում ծանոթացան տեղանքի պատմությանը: Հաջորդիվ երիտասարդները շարժվեցին դեպի Դիլիջանի միջազգային դպրոց:

Նշենք, որ UWC Դիլիջան քոլեջը 2014 թ.-ին բացված երկու նոր քոլեջներից մեկն է` բարեգործներ Ռուբեն Վարդանյանի, Վերոնիկա Զոնաբերդի և նրանց գործընկեր առանձին անհատների և կազմակերպությունների համատեղ նախագիծը: UWC Դիլիջան քոլեջը հետխորհրդային տարածքում UWC կրթական ցանցի առաջին միջազգային քոլեջն է և ներկայումս հյուրընկալել է շուրջ 190 աշակերտների` 63 երկրից, այդ թվում` Եվրոպայից, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից ժամանած աշակերտների: UWC մյուս քոլեջների պես ուսուցումն այստեղ կատարվում է անգլերենով և աշխարհի առաջատար համալսարանների կողմից ճանաչված Միջազգային Բակալավրիատի Դիպլոմ(IB Diploma) ուսումնական ծրագրով:


Դպրոցի աշխատակազմի ներկայացուցիչները բավականին ջերմ ընդունեցին ՀՀԿ-ական երիտասարդներին և ուղեկցեցին վարչական ու այլ մասնաշենքեր: Նրանք աշակերտների հետ միասին երիտասարդներին ծանոթացրին դպրոցի կառուցվածքին, եղան մարզասրահներում, դասարաններում, լաբորատորիաներում և գրադարանում, որտեղ հուշամատյանում կիսվեցին իրենց տպավորություններով, ծանոթացան դասավանդվող առարկաներին և դպրոցում իրենց ուսումը ստացող աշակերտների առօրյա անցուդարձին: Երիտասարդ ՀՀԿ-ականներն էլ աչքի ընկան իրենց բազմաբնույթ հարցերով և հետաքրքիր երկխոսություններով, ծանոթացան Եվրոպայից ժամանած աշակերտների հետ և կիսվեցին տպավորություններով:

Հավելենք, որ սա ՀՀԿ Տավուշի և Լոռու մարզի տարածքային երիտասարդական կառույցների 3-րդ տարին անընդմեջ իրականացվող համատեղ ծրագիրն էր: Նման նախաձեռնություններն ապահովում են մարզային երիտասարդների սերտ փոխադարձ կապեր, փորձի փոխանակում և համագործակցություն:

← Վերադառնալ ցուցակին