Լուրեր

ՀՀԿ ԵԿ և ԿԱՀ համատեղ նախաձեռնությամբ անցկացվեցին «Քաղաքական մարտահրավերները Հայաստանում.Սահմանադրական բարեփոխումներ» խորագրով եռօրյա դասընթացներ

15.02.2016

 Փետրվարի 12-14-ը «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցում Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Մարզային խորհրդի և գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի(ԿԱՀ) համատեղ նախաձեռնությամբ անցկացվեցին «Քաղաքական մարտահրավերները Հայաստանում. Սահմանադրական բարեփոխումներ»խորագրով դասընթացներ, որոնց մասնակցում էին 25 երիտասարդներ ՀՀԿ ԵԿ Մարզային խորհրդից:

Ծրագրի նպատակն էր երիտասարդ քաղաքական գործիչներին փոխանցել համապատասխան գիտելիքներ և հմտություններ քաղաքական դաշտում առկա հիմնախնդիրների վերաբերյալ,որոնք կնպաստեն ՀՀԿ ԵԿ կողմից քաղաքացիական հասարակությանը նպաստող թիրախավորված գործողությունների իրականացմանը:

Ծրագրի պաշտոնական բացմանը ներկա էր ՀՀԿ ԵԿ ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ով իր խոսքում կարևորեց երկրում սպասվող փոփոխությունների վերաբերյալ երիտասարդ հանրապետականներին անհրաժեշտ գիտելիքների փոխանցումը և այդ գործընթացներում երիտասարդների մասնակցության ապահովումը:
Պաշտոնական բացումից անմիջապես հետո ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը երիտասարդներին ծանոթացրեց համամասնական ընտրահամակարգի մարտահրավերներին, թերություններին և առավելություններին, որին հաջորդեց ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի դասախոսությունը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:

Փոքր խմբերով գործնական աշխատանքից հետո ծրագրային օրն ամփոփվեց ՀՀ ՍԴ իրավաբանական խորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սամվել Առաքելյանի դասախոսությամբ, ով խոսեց սահմանադրական բարեփոխումների` որպես ՀՀ-ում ժողովրդավարության զարգացման խթանի և մարդու իրավունքների մասին:
Ծրագրային հաջորդ օրվա ընթացքում ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոսներ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոդյանը և քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Խաչիկ Գալստյանը երիտասարդներին փոխանցեցին անհրաժեշտ գիտելիքներ համապատասխանաբար քաղաքականության ռազմավարական պլանավորման վրա սահմանադրական բարեփոխումների ազդեցության և բանակցային հմտությունների ու կոալիցիա կազմելու վերաբերյալ:
Ծրագիրն ավարտվեց արդյունքների ամփոփմամբ ու գնահատմամբ և մասնակիցներին հավաստագրերի հանձնմամբ:

← Վերադառնալ ցուցակին