Լուրեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

12.02.2016

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Արտակ Զաքարյանը, Արտակ Դավթյանը եւ Թեւան Պողոսյանը:

Աշխատանքային այցի սկզբում Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը եւ պատվիրակության անդամները Արցախի խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր: Գալուստ Սահակյանը ծաղկեպսակ է դրել Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ ծաղիկներ խոնարհել ազատամարտիկների շիրմաքարերին:

Այնուհետեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

Ողջունելով ներկաներին եւ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ վերջին տարիներին սերտ համագործակցություն է ձեւավորվել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պետական մարմինների միջեւ եւ այդ համատեքստում կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների դերը:

Գալուստ Սահակյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը եղել եւ մնում է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ուշադրության կենտրոնում: Նա հավելել է, որ խորհրդարանականները մշտապես ձգտում են միջազգային հարթակներում ճանաչելի դարձնել Ղարաբաղյան հիմնահարցը: Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջեւ ձեւավորված փոխշահավետ համագործակցությունը:

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը գոհունակություն է հայտնել ԼՂՀ եւ ՀՀ օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության ներկա մակարդակի առնչությամբ եւ բարձր է գնահատել Հայաստանի խորհրդարանի նախագահի ներդրումն այդ գործում:

Ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, որին մասնակցել են ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները եւ երկու խորհրդարանների պատգամավորները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերել են փորձի փոխանակմանն օրենսդրական գործունեության մեջ, փոխայցերին, միջխորհրդարանական հարաբերություններին եւ բյուջետային ծրագրերին:

ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսով:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւ կապերի խորացմանն ու զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

← Վերադառնալ ցուցակին