Լուրեր
Գալուստ Սահակյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին
10.02.2016
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 10-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումային:
Ողջունելով հյուրին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է երկկողմ քաղաքական շփումների ակտիվացումը եւ միջխորհրդարանական համագործակցության սերտացումը՝ փաստելով, որ հարաբերությունների ներկա մակարդակը դեռեւս անբավարար է:
Գալուստ Սահակյանը նշել է, որ պետություների փոխհարաբերություններում որպես բաց ինստիտուտներ՝ մեծ նշանակություն ունեն երկրների խորհրդարաները, որոնք նպաստում են երկկողմ կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:
Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ դեսպանի գործունեության շնորհիվ հնարավոր կլինի զարգացնել երկկողմ հարաբերությունները` դրանք հասցնելով նոր մակարդակի: Այս համատեքստում նա կարեւորել է համագործակցությունը միջազգային հարթակներում, ինչպես նաեւ քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային բնագավառներում:
Դեսպան Յոհաննես Դաուման, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը Եվրամիության համար հուսալի գործընկեր է եւ հավելել, որ իր գործունեությամբ կնպաստի ՀՀ-ԵՄ համագործակցության առավել զարգացմանը:
Զրույցի ընթացքում Գալուստ Սահակյանն ու Յոհաննես Դաուման անդրադարձել են ՀՀ-ԵՄ ապագա իրավական փաստաթղթին, հետագա համատեղ իրականացվելիք ծրագրերին: