Լուրեր

Հանձնարարվել է խստորեն հետևել դպրոցներ և մանկապարտեզներ սննդի մատակարարման գործընթացի կազմակերպմանը

08.02.2016

 Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ փետրվարի 7-ի երեկոյան մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին զուգահեռ վարչական շրջաններում սկսվել և շարունակվում են գլխավոր ու երկրորդական փողոցների ձնամաքրման աշխատանքները, որոնցում ներգրավված են 103 միավոր մեքենասարքավորում և շուրջ 600 աշխատակից: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան ծառայություններին հանձնարարել է լինել ավելի օպերատիվ ոչ միայն փողոցների երթևեկելի հատվածների, այլև մայթերի, աստիճանավանդակների, բակային տարածքների և կանգառասրահների հարակից տարածքների ձնամաքրման ու ձնահեռացման հարցում: Հանձնարարվել է տնտեսվարողներին ևս մեկ անգամ հիշեցնել Երևանի ավագանու համապատասխան որոշումով հարակից տարածքների ձնամաքրման աշխատանքների կազմակերպման պարտավորության մասին՝ անբարեխիղճ տնտեսվարողներին էլ ենթարկել վարչական պատասխանատվության:
Մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 2 դեպք է հայտնաբերվել, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ:


Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել և վարչական արձանագրություններ են կազմվել 3 դեպքի մասով: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված 1 օբյեկտ և չգործող 8 կրպակ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները:


Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբ թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 43 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ակտիվացնել այս ուղղությամբ տարվող աշխատանքները:


Խորհրդակցության շրջանակում հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթական և մշակութային հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ և որ կրթամշակութային հաստատություններում հիմնականում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հսկողությունը: Բացի այդ, քաղաքապետը հանձնարարել է կազմակերպել անակնկալ ստուգայցեր քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներ և մանկապարտեզներ:


«Տեղերում մանրակրկիտ ուսումնասիրեք մասնավորապես դպրոցների բուֆետների աշխատանքն ու խստորեն հետևեք մատակարարների կողմից բացառապես թույլատրելի սննդի ապահովման կազմակերպմանը: Նաև շարունակեք խստորեն վերահսկել մանկապարտեզներ մատակարարվող սննդի գործընթացն ու խոհանոցների աշխատանքի կազմակերպումը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ խախտումներ հայտնաբերելու դեպքում պատասխանատուները կենթարկվեն կարգապահական խիստ տույժերի` ընդհուպ աշխատանքից հեռացման:

← Վերադառնալ ցուցակին