Լուրեր
ՀՀ վարչապետ. «Ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը»
04.02.2016
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը Հովիկ Աբրահամյանը նշել է. «Հայաստանի Հանրապետության տնտեսավարողների համար էական է իրենց արտադրանքի մրցունակությունը չխաթարող էներգակիրների գինը: Մենք շահագրգռված ենք, որ հանրապետության էական ենթակառուցվածք հանդիսացող «Գազպրոմ-Հայաստան» ընկերությունը լինի կայուն և խելամտորեն շահութաբեր, սակայն տնտեսության և բնակչության համար ևս գները պետք է լինեն մատչելի և շահավետ: Գազի սպառման ծավալների նվազումը ակնհայտորեն վկայում է, որ ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ՝ ավելի ցածր գների դեպքում: Կարծում եմ, որ «Գազպրոմ-Հայաստան» ընկերության ղեկավարությունը մեծ անելիքներ ունի այս բիզնես տրամաբանությունը հանրությանը և իր վերադասին ներկայացնելու գործում, ինչի արդյունքում թե՛ «Գազպրոմ» ընկերության, թե՛ Ռուսաստանի Դաշնության համար հստակ կդառնա մեր բանակցային առաջարկի փոխշահավետ բնույթը: Կարծում եմ, որ համաշխարհային տնտեսության և աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված, ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը»:
Այնուհետև վարչապետն, անդրադառնալով փետրվարի 2-ին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը, որի ընթացքում ներկայացվել են Արագածոտնի և Կոտայքի մարզերի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում ՀՀ վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքներում հայտնաբերված խախտումները, ընդգծել է, որ իր համար անընդունելի են դրանց վերաբերյալ հնչեցրած անհիմն արդարացումները: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին՝ այդ հարցերը քննարկել մարզպետների հետ, և խախտում թույլ տված պաշտոնյաներին ազատել իրենց զբաղեցրած պաշտոններից: Հովիկ Աբրահամյանն ընդունելի է համարել Վերահսկիչ պալատի խորհրդի՝ մարզպետարանների բոլոր սոցիալական ծառայություններում ստուգումներ իրականացնելու որոշումը: Վարչապետ Աբրահամյանը շեշտել է նաև, որ ինչպես բոլոր, այդպես էլ այս ոլորտում անհրաժեշտ է ապահովել անաչառություն և արդարություն:
Ներկայացվել են դիզվառելիքի և բենզինի շուկայում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները
Կառավարության նիստում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրել է դիզվառելիքի և բենզինի շուկայում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներն ու դիտարկումները: «Քանի որ բենզինի ներկրման և իրացման ոլորտը բարձր կենտրոնացվածություն ունեցող շուկա է հանդիսանում, այդ պատճառով մշտապես գտնվում է հանձնաժողովի տեսադաշտում, և հանձնաժողովը շարունակական ուսումնասիրություններ է իրականացնում: Մեր ոսւումնասիրության արդյունքներով՝ բենզինի գները 2015 թվականի ընթացքում նվազել են՝ 470-ից հասնելով 390 դրամի: Եթե վերցնենք դոլարային արտահայտությամբ, ապա բենզինի գները շատ ավելի շատ են նվազել, քանի որ բենզինը հանդիսանում է այն ապրանքը, որն իրացվում է հայկական դրամով և ներմուծվում ամերիկյան դոլարով և այդ պատճառով, հայկական դրամի փոխարժեքի արժեզրկումը շատ կարևոր նշանակություն ունի: Եթե թվերը դիտարկենք 2014 թվականից, ապա գները շատ ավելի են նվազել՝ 480 դրամից հասնելով 390 դրամի: Երկու տարվա կտրվածքով, եթե մենք ուսումնասիրենք դոլարային արտահայտությամբ, ապա բենզինի վաճառքի գները նվազել են մոտ 28 տոկոսով: Եթե մենք վաճառքի գները համեմատում ենք ձեռքբերման գների հետ, ապա վաճառքի գների նվազումն ամբողջությամբ ադեկվատ է բենզինի ձեռք բերման գներին:
Մենք պարբերաբար համեմատություններ ենք իրականացնում նաև այլ երկրների հետ: Կոնկրետ երեկ Ազգային ժողովում համեմատական հաշվարկ հնչեցվեց այլ երկրների հետ, և մենք ուսումնասիրություն ենք իրականացրել կոնկրետ տվյալ ժամանակահատվածում կոնկրետ տվյալ երկրների հետ: Մեր ուսումնասիրությունը հիմնված է Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից վառելիքային շուկայում վարվող պետական վիճակագրության թվերի վրա: Թվերը ներկայացված են եվրոյով: 2015թ.-ի ընթացքում եվրոյով արտահայտված բենզինի գները Հայաստանում նվազել են 14 տոկոսով, Ֆրանսիայում 8, Գերմանիայում 7, Իտալիայում 8, Չեխիայում 10, Ռումինիայում 7 տոկոսով: Այսինքն, մյուս եվրոպական երկրներում, երբ համադրելի ժամանակահատված ենք վերցնում համադրելի թվերով, նվազումը շատ ավելի քիչ է, քան ՀՀ-ում: Կցանկանայի նաև ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ շատ կարևոր նշանակություն ունի գնագոյացման վրա նավթի տեսակարար կշիռը: Հայաստան բենզինը մեծ չափերով ներկրվում է հիմնականում ՌԴ-ից, որտեղ արդյունահանման ծախսերը բավականին մեծ ծավալ են կազմում, բացի այդ, հարկերը մեծ տեսակարար կշիռ ունեն և երբ ՌԴ-ից բենզինը ներկրվում է տրանսպորտային մեծ ծավալի ծախսեր են իրականացվում: Հաշվի առնելով նաև հարկերի մեծ ծավալը բենզինի կառուցվածքում՝ ստացվում է, որ ՀՀ-ում վաճառվող բենզինի վերջնական գնի մեջ նավթի տեսակարար կշիռը կազմում է մոտավորապես 8 տոկոս: Այսինքն, եթե համեմատություն կատարենք նավթի հետ, ապա ստացվում է, որ նավթի տեսակարար կշիռը բավականին ցածր է և նավթի գների փոփոխությունը շատ ավելի քիչ ազդեցություն է ունենում բենզինի վաճառքի գների վրա: Այսպիսով, եթե վերցնենք դոլարային արտահայտությամբ, կստացվի, որ վաճառքի գները 2015 թվականին նվազել են մոտ 10 տոկոսով, իսկ 2014 թվականից սկսած, երբ համաշխարհային շուկայում սկսեց բենզինի գների նվազում, այսինքն՝ վաճառքի գները դոլարային արտահայտությամբ նվազել են շուրջ 28 տոկոսով: Եվ կցանկանայի մեկ անգամ ևս կրկնել, որ դա ամբողջությամբ ադեկվատ է ձեռք բերման գներին: Մենք պարբերաբար ուսումնասիրում ենք ներմուծող ընկերությունների վարքագիծը, ներկայումս բենզին ներկրում են հիմնականում երկու ընկերություններ՝ «Ֆլեշ» և «ՍիՓիԷս»: Ինչ վերաբերում է ընկերությունների թվաքանակին, ապա 2007թ.-ից սկսած որոշակիորեն նվազել է ներմուծող ընկերությունների քանակը, 2006-2007թթ. եղել են 5-6 խոշոր ներմուծող ընկերություններ: Այս պահին խոշոր ներմուծումներ իրականացնում են երկու ընկերություններ և նրանց գործունեությունը մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Մեր ուսումնասիրության արդյունքներով՝ այս շուկայում մուտքի խոչընդոտներ չկան, մրցակցության սահմանափակման երևույթներ չկան: Մրցակցության պաշտպանության մարմնի հիմնական խնդիրը կայանում է նրանում, որպեսզի մենք ուսումնասիրենք, տեսնենք կան արդյոք մուտքի խոչընդոտներ, կան արդյոք մրցակցային անհավասար պայմաններ, թե ոչ: Մեր ուսումնասիրության արդյունքներով ՝ չկան այդպիսի երևույթներ: Այնուհանդերձ, եթե կլինեն տնտեսվարողներ, որ այդ ոլորտում կհանդիպեն խնդիրների, դժվարությունների, ապա կարող են դիմել մեր հանձնաժողովին: Ես վստահեցնում եմ, որ մեր հանձնաժողովը հետևողական կլինի բոլոր այդ խնդիրների լուծման հարցում»,-տեղեկացրել է ՏՄՊՊՀ-ի նախագահը:
Կկառուցվի նոր էլեկտրակայան
Գործադիրի հավանությանն է արժանացել ՀՀ կառավարության և «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ-ի միջև կնքվող` Լոռվա մարզի Վանաձոր քաղաքի մոտակայքում «Համակցված Շոգեգազային ցիկլով» 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման և շահագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը: Ըստ հիմնավորման՝ «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ, որն այս բնագավառում նշանակալի փորձ, տեխնիկական և ֆինանսական հնարավորություններ ունի, նախագծի իրականացման նպատակահարմարության դեպքում ՀՀ-ում կհիմնի առևտրային կազմակերպություն, որի հետ կկնքվի էլեկտրակայանի կառուցման վերջնական պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ ՀՀ կառավարությունը կաջակցի «Գրեյնջ Փաուեր»-ին ձեռք բերել հողատարածք էլեկտրակայանի կառուցման համար՝ Լոռվա մարզի Վանաձոր քաղաքի մոտակայքում: Ընկերությունը պարտավորվում է պայմանագրի կնքման պահից 30 ամսվա ընթացքում իր հաշվին կառուցել էլեկտրակայանը: Դրանից հետո ՀՀ կառավարությունը պարտավորվում է 20 տարուց ոչ պակաս ժամանակահատվածում երաշխավորել էլեկտրաէներգիայի արտադրության համար էլեկտրակայանին անհրաժեշտ գազի մատակարարումը:
Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ըստ հիմնավորման, համաձայնագրի նպատակն է բացառել եկամուտների և գույքի կրկնակի հարկումը, թույլ չտալ պայմանավորվող կողմերի ազգային անձանց նկատմամբ հարկային խտրականություն` բոլոր տեսակի, բնույթի հարկերի առնչությամբ և հանդիսանում է բացառիկ կարևոր պայման այլ տնտեսական համաձայնագրերի ու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համար: Չեռնոգորիայի հետ կրկնակի հարկման համաձայնագրի նախագծի կնքումը հնարավորություն կտա զարգացնելու երկու պետությունների միջև ապրանքների և ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը:
Գործադիրը համաձայնություն է տվել նաև Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ դրամաշնորհի հերթական աջակցությունը կնպաստի երկու պետությունների փոխշահավետ համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության բազմաթիվ հրատապ խնդիրների լուծմանը:
Կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի կեցության, անձեռնմխելիությունների և արտոնությունների պայմանների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Աջակցություն՝ տնտեսվարող ընկերություններին
Գործադիրի որոշմամբ թույլատրվել է «Սամտ հոլդինգ» ՍՊԸ-ին «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալել: «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել արտահանման ծավալների աճը ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով, ստեղծել նոր աշխատատեղեր և նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ինչպես նաև նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:
Կառավարությունը որոշել է Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի համապատասխան հասցեներում գտնվող անշարժ գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Սասստեքս» ՍՊԸ-ին՝ 2 293 400 եվրոյին համարժեք ՀՀ դրամի ներդրում իրականացնելու և տեքստիլի արտադրություն կազմակերպելու նպատակով: Ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը սահմանվել է 1 000 000 ՀՀ դրամ:
Գործադիրի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Արմյանսկիյ ուրաժայ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2016թ. հուլիսի 31-ը: Ներդրումային ծրագրի շրջանակում` Կոտայքի մարզում կառուցված 11 հա ջերմոցային տնտեսությունում ընկերությունը նախատեսում է զբաղվել բարձր որակի հոլանդական վարդերի աճեցմամբ: Դրա համար ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 1.637 մլրդ դրամի ներդրում, որից մոտ 1.337 մլրդ դրամը կուղղվի սարքավորումներ ձեռք բերելու համար: Ծրագրի արդյունքում կստեղծվի մոտ 90 աշխատատեղ:
Կառավարությունը հավանություն է տվել ««Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հրազդան-ցեմենտ» ընկերության բնականոն գործունեության ապահովմամբ, մասնավորապես` ընկերության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատման միջոցով: Նախագծով առաջարկվում է ընկերությանն ազատել 2016 թվականի փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից` 510125.0 հազար դրամ ընդհանուր գումարի չափով: Ըստ հիմնավորման՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին հանրապետությունում շինարարության տեմպերի կտրուկ անկման հետևանքով ընկերության աշխատանքն ընթացել է անկայուն ռիթմով, հաճախակի ընդհատումներով, ինչը բացասական ազդեցություն է ունեցել ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վրա` արդյունքում առաջացնելով ֆինանսական պարտավորություններ: Ներկայումս ընկերությունն իրականացնում է արտադրության ընդլայնման աշխատանքներ. ըստ ընկերության ծրագրի, որն արժանացել է ՎՏԲ-Հայաստան բանկի հավանությանը, նախատեսվում է ցեմենտի արտադրության 2016թ. տարեկան ծավալը հասցնել մինչև 200 հազար տ. և ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր: Վերը նշվածի արդյունքում (ըստ ընկերության գնահատականի) պետբյուջե կվճարվի ավելի քան 700 մլն դրամի հարկեր: Օրինագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ընկերության գույքի և հաշվի վրայից հանել արգելանքը: Ծրագրի բարեհաջող իրականացման արդյունքում կմարվեն ընկերության պարտքերը և կստեղծվեն նոր աշխատատեղեր` ապահովելով հարկերի վճարման շարունակականությունը:
Սուբսիդավորված գներով գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուներ՝ հողօգտագործողներին
Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի գարնանացան գարու, առվյուտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը և տվել ֆինանսական միջոցների օգտագործման թույլտվություն: Հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու և սերմացուների նկատմամբ պահանջարկը մասամբ բավարարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել արտերկրից ձեռք բերելու 1457 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության, 188 տոննա կորնգանի և «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ից 100 տոննա գարնանացան գարու էլիտային սերմացու, որոնք ծրագրի դրույթներին համապատասխան կտրամադրվեն գյուղացիական տնտեսություններին:
Գործադիրը հավանություն է տվել Լոռու մարզի Հաղպատի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցների տնօրինման ծրագրին, որն ուղղված է համայնքի ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքների իրականացմանը: Ակնկալվում է, որ Հաղպատ գյուղի շուրջ 270 տնտեսությունները, միջնակարգ դպրոցը, մանկապարտեզը, հյուրանոցներն ու հյուրատները 24-ժամյա մատակարարմամբ կօգտվեն մաքուր և սանիտարական նորմերին համապատասխանող ջրից:
Վարչապետի հանձնարարականով իրականացվում են անօթևան մարդկանց հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներ
Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «որոշակի բնակության վայր չունեցող անձ» հասկացության հստակեցման ու սահմանման նպատակով: Այդ իրավական ակտով սահմանվում են նշված անձանց սոցիալական ծառայությունների տրամադրման ու կացարանով ապահովման հետ կապված հարաբերությունները: Ներկայումս տարբեր իրավական ակտերում «անօթևան» կամ «որոշակի բնակության վայր չունեցող անձ» հասկացությունն օգտագործվում է տարբեր իմաստներով, ըստ որոնց «անօթևան» են համարվում բնակարան չունեցող, սակայն բնակության վայր ունեցող անձինք կամ ընտանիքներ, ովքեր ապրում են ժամանակավոր կացարաններում, տնակներում, վարձով և այլն: Նշվել է, որ խնդրի հետ կապված քննարկումներ են անցկացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: Անօթևան մարդկանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների ժամանակացույցը ներկայացվել է վարչապետին և նրա հանձնարարականի հիման վրա իրականացվում են այդ միջոցառումները: Առաջին քայլը վերոնշյալ որոշումն է, որում օգտագործվող հասկացությունը վերաբերում է ոչ թե ժամանակավոր կացարաններում ապրող անօթևաններին, այլ ընդհանրապես բնակության վայր չունեցող` փողոցներում, կայարաններում, կամուրջների տակ կամ բնակության համար չնախատեսված շինություններում գիշերող անձանց և նրանց տրամադրվող ծառայություններին: Տարընթերցումների տեղիք չտալու համար, ամրագրվել է «որոշակի բնակության վայր չունեցող անօթևան անձ» հասկացության սահմանումը :
Կառավարությունը հավանություն է տվել «Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի 2016-2020 թվականների ծրագրին», որի նպատակն է իրականացնել համընդհանուր և փոխհամագործակցված միջոցառումներ՝ այդ հիվանդությունների հետևանքով հաշմանդամության և վաղաժամ մահացության նվազեցման համար: Ըստ հիմնավորման՝ այդ հիվանդություններից մահվան, հաշմանդամության և աշխատունակության կորստի դեպքերը գրանցվում են բնակչության առավելապես երիտասարդ, աշխատունակ տարիքային խմբում: Առաջարկվում է ձևավորել համակարգող հանձնաժողով` այդ հիվանդությունների դեմ պայքարում միջգերատեսչական ակտիվ համագործակցությունն ապահովելու նպատակով: Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմամբ կբարելավվեն բնակչության առողջության և ժողովրդագրական ցուցանիշները:
Այլ որոշումներ
Կառավարությունը նախկինում ընդունած մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ և լրացումներ՝ ազատությունից զրկված անձանց իրավաբանական օգնության լիարժեք իրացումը ապահովելու և առկա խոչընդոտները վերացնելու նպատակով: Նախ, առաջարկվող փոփոխությունները նախատեսում են գործադրել մեխանիզմը, որով ձերբակալված և կալանավորված անձինք կկարողանան տեսակցել ոչ միայն իր պաշտպանի, այլև պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի հետ: Ընդ որում՝ թե՛ պաշտպանի, թե՛ պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի հետ տեսակցությունները կարող են տեղի ունենալ նաև ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին: Հաջորդ կարևոր քայլը վերաբերում է պաշտպանի կամ պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի՝ քրեակատարողական հիմնարկ առանց քննիչի ուղեկցության մուտք գործելուն, քանի որ այսուհետ վերջիններս քրեակատարողական հիմնարկ մուտք գործել կկարողանան քննիչի՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմին ուղղված հավաստագրի հիման վրա:
Կառավարության որոշմամբ առաջարկվում է ընդունել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մարգարա խճուղի թիվ 12 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 5.5601 հա մակերեսով հողամասի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը և նվիրաբերել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությանը՝ ֆուտբոլի ակադեմիա կառուցելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ ֆեդերացիան պարտավորվել է հինգ տարվա ընթացքում ֆուտբոլի ակադեմիայի կառուցման նպատակով իրականացնել 300 մլն դրամի ներդրում:
Մեկ այլ որոշմամբ էլ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոց 130 հասցեում գտնվող՝ «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության սեփականությունը հանդիսացող` 1257.2 քառ. մետր մակերեսով «Հոբելյանական» մարզադաշտի, ինչպես նաև դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 5.9 հա հողամասը կնվիրաբերվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ ֆեդերացիայի կարիքների համար որպես մարզադաշտ օգտագործելու նպատակով: Ֆեդերացիան հինգ տարվա ընթացքում մարզադաշտի բարեկարգման նպատակով կիրականացնի 800 մլն դրամի ներդրում:
Նիստի ավարտին գնումների ընթացակարգի կազմակերպման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը. «Հակաճգնաժամային հիմնադրամի հետ մենք կնքեցինք համաձայնագիր բյուջետային աջակցության վարկի վերաբերյալ և ուզում եմ հիշեցնել, որ անդամ-պետություններին բոլորին մերժվեց, բացառությամբ Հայաստանի Հանրապետությանը, քանի որ մեր վերցրած պարտավորությունները շատ ավելի բարձր էին, համահունչ էին ինչպես հիմնադրամի, այնպես էլ Համաշխարհային բանկի՝ նման դեպքերում առաջադրվող պայմաններին: Դրանցից մեկը վերաբերում էր գնումների գործընթացին, որը հետևյալն է՝ մեկ աղբյուրով կատարվող գնումները տարվա ընթացքում չպետք է գերազանցեն 10 տոկոսը, իսկ հաջորդ տարի՝ 7 տոկոսը: Հաշվի առնելով նախորդ տարիների շարունակական ծրագրերը՝ մենք արդեն մոտ ենք այդ 10 տոկոսի սահմանագծին, և ուզում եմ հորդորել մեր գործընկերներին, որպեսզի ձեռնպահ մնան այդ դրույթից: Միաժամանակ տեղեկացնեմ, որ հանրապետության վարչապետի հանձնարարությամբ մեկ տարվա ընթացքում գնումների ընթացակարգի այդ գործառույթները կառավարության աշխատակազմի հետ հստակեցվել, պարզեցվել են: Էլեկտրոնային համակարգը թույլ է տալիս այդ եռաստիճան համակարգից օգտվելու, որպեսզի գործառույթները, գործընթացները լինեն շարունակական, առանց հետաձգումների. կա 10-15 օրվա կարճ գործընթաց, որից դուք կարող եք օգտվել: Ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանումները կարող են համապատասխան պարզաբանումներ տրամադրել: Նշեմ նաև, որ այդ օրենսդրական, ինչպես նաև գործառույթների փոփոխությունները միաժամանակ քննարկվել են բոլոր գերատեսչությունների հետ, և բոլորի կարծիքները հաշվի են առնվել: Խնդրում եմ օգտվել այդ կարճ ընթացակարգերից»: