Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

02.02.2016

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ: Ողջունելով հյուրին և ընդգծելով երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունները՝ քաղաքապետը կարևորել է լիտվական քաղաքների և, մասնավորապես, մայրաքաղաք Վիլնյուսի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:


Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար՝ Էրիկաս Պետրիկասը նշել է, որ լիտվական կողմը ևս շահագրգիռ է Երևանի հետ համագործակցության շրջանակների ընդլայնման հարցում և վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը երկուստեք հարաբերությունները գործնական դաշտ տեղափոխելու ուղղությամբ:


Հատկանշելով, որ Լիտվայի Հանրապետությունը առաջինն է ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը` 1991թ.-ին և նկատելով, որ այս տարի լրանում է այդ իրադարձության 25-ամյակը, դեսպանը Երևանի քաղաքապետին առաջարկել է Լիտվայում արդեն ավանդական դարձած «Փողոցային երաժիշտների օր» փառատոնն անցկացնել նաև Երևանում:


Ողջունելով փառատոնի անցկացման գաղափարը` Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցելու Երևանում փառատոնի կազմակերպմանն ու անցկացմանը:

← Վերադառնալ ցուցակին