Լուրեր

ՀՀԿ ԵԿ-ն հանձնել է Գարեգին Նժդեհի, Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի և Վազգեն Սարգսյանի անվան կրթաթոշակներ

27.01.2016

 Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի նախօրեին՝ հունվարի 27-ին, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ռազմական ուսումնական հաստատությունների և բուհերի ռազմական ֆակուլտետների գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողներին շնորհեց Գարեգին Նժդեհի, Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի և Վազգեն Սարգսյանի անվան կրթաթոշակներ։ Անվանական կրթաթոշակների հավաստագրերն ուսանողներին հանձնեցին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Աշոտ Նավասարդյանի այրին՝ Հասմիկ Նավասարդյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը։
Գարեգին Նժդեհի անվան կրթաթոշակի արժանացավ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող Ռոբերտ Ազարումյանը, Աշոտ Նավասարդյանի անվան կրթաթոշակ ստացավ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտ Նարեկ Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակակիր դարձավ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սան Գարիկ Մատինյանը (ում, ի դեպ, ամրակցված է Մոնթե Մելքոնյանի անձնական ինքնաձիգը), Վազգեն Սարգսյանի անվան կրթաթոշակը շնորհվեց Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Տիգրան Ղազարյանին։


Կարեն Ավագյանի տեղեկացմամբ՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը տարվա ընթացքում շատ միջոցառումներ է իրականացնում ՀՀ զինված ուժերի հետ համագործակցաբար, նախ՝ որովհետև բանակն ամենամեծ երիտասարդական կառույցն է, բացի այդ, յուրաքանչյուրս պարտական ենք մեր ներդրումը կատարել բանակին։ «Այս երիտասարդներն ամսական 50-հազարական դրամ կրթաթոշակ կստանան մինչև իրենց ուսումնառության ավարտը։ Սա խրախուսանք է այն ուսանողներին, ովքեր ցուցաբերում են գերազանց առաջադիմություն, նաև ոգևորող փաստ ցածր կուրսերում սովորողների համար։ Ուսանողները պետք է իմանան, որ իրենց կրթությամբ կարող են լուծել որոշակի դրամական խնդիրներ։ Եվ ես հուսով եմ, որ նման ծրագրերը նպաստելու են կրթությունն ավելի մրցունակ դարձնելու, ավելի լավ սովորելու համար»,- նշեց Կարեն Ավագյանը։
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր շնորհավորանքի խոսքում ընդգծեց, որ մենք բոլորս պետք է կարողանանք տեղյալ լինել մեր պատմության մեջ մեծ դերակատարում ունեցած մարդկանց կյանքին, ընդօրինակենք այն ու շարունակենք նրանց ավանդը։ «Հասարակությունն առանց իր երևելիներին կամ մեծ դերակատարներին ընդօրինակելու դառնում է մի հասարակություն, որի նպատակները ոչ միայն չեն հասունանում, այլև ընդհանրապես չեն գոյանում»,- նկատեց խորհրդարանի ղեկավարը։


Տիկին Հասմիկ Նավասարդյանը, շնորհավորելով կրթաթոշակակիրներին, նշեց, որ դժվարին, բայց զինվորին շատ վայել ուղի է եղել այն մարդկանց ճանապարհը, ում անվան կրթաթոշակի այսօր նրանք անժանանում են։ «Այդ ճանապարհը պետք է կարողանալ պահպանել պատվով և փառքով։ Այն, ինչ նպատակադրվել էր Աշոտ Նավասարդյանը, չհասցրեց մինչև վերջ իրականացնել։ Դուք պետք է լինեք այն մասնիկները, որոնք պետք է անեն դա»,- ասաց Հասմիկ Նավասարդյանը։
Կուրսանտ Ռոբերտ Ազարումյանը նշում է, որ կրթաթոշակի արժանանալն իր համար խիստ ոգևորող է։ Ըստ նրա՝ նման նախաձեռնություններն առողջ մրցակցություն են ձևավորում ուսանողների, կուրսանտների միջև։
Նշենք, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության այս ծրագիրը կյանքի է կոչվում արդեն 9-րդ տարին։

← Վերադառնալ ցուցակին