Լուրեր

Քննարկվել են հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր

26.01.2016

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության Ասիայի վարչության փոխտնօրեն Ժան-Կլոդ Պիրի գլխավորած պատվիրակության հետ:

Ներկայացնելով մայրաքաղաքի զարգացման ռազմավարության հիմնական ուղղություններն ու այդ շրջանակում նաև միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերը փորձի փոխանակման առումով` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանն այսօր համագործակցության բազմաթիվ հաջողված ծրագրեր ունի ինչպես ֆրանսիական գործընկեր քաղաքների, այնպես էլ կազմակերպությունների և ռեգիոնների հետ:
«Մենք մեծապես կարևորում ենք միջազգային համագործակցության ընդլայնումը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում, ինչպես ծրագրերի իրականացման, այնպես էլ փորձի փոխանակման առումով: Այս համատեքստում, իսկապես հաջողված կարող եմ համարել համագործակցության խորացումը ֆրանսիական գործընկեր քաղաքների, կազմակերպությունների և ռեգիոնների հետ, ինչի վառ ապացույցը վերջին տարիներին հաճախակի դարձած փոխայցելություններն են, որոնք, անշուշտ, էլ ավելի են ակտիվացնում երկուստեք շփումները»,- ընդգծել է քաղաքապետը՝ առանձնակի կարևորելով Զարգացման ֆրանսիական գործակալության առաքելությունը Հայաստանում, ինչպես նաև Երևանի հետ համագործակցության հեռանկարները։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կյանքի կոչվող զարգացման ծրագրերի մանրամասն ներկայացման համար` Ժան-Կլոդ Պիրը նշել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը ևս պատրաստակամ է համագործակցություն ծավալել Երևանի քաղաքապետարանի հետ:

«Զարգացման ֆրանսիական գործակալությունը, որպես պետական կառույց, ծրագրեր է իրականացնում մի շարք երկրների մայրաքաղաքների ու քաղաքների հետ՝ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում։ Եվ, տեսնելով Երևանի քաղաքապետարանի համատեղ փոխգործակցության ծրագրերը, որոնք իրականացվում են միջազգային տարբեր կառույցների հետ, մենք, պարոն քաղաքապետ, համոզված ենք, որ Երևանի քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է և մեր պատրաստակամությունն ու ցանկությունն ենք հայտնում ծրագրեր իրականացնելու նաև Երևանում»,- նշել է Ժան-Կլոդ Պիրը:
Քաղաքաշինության, տրանսպորտի, էներգախնայողության, ջրամատակարարման ու ջրահեռացման, աղբի վերամշակման, ինչպես նաև քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում երկուստեք հարաբերությունների ամրապնդման ու գործակցության հստակ ուղղությունները նախանշելու նպատակով՝ կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ: 

← Վերադառնալ ցուցակին