Լուրեր

ՀՀԿ ԵԿ-ն մասնակցություն ունեցավ Միջին Արևելքում քրիստոնյաների դրության և պաշտպանության հիմնահարցերի վերաբերյալ լիբանանյան քննարկումներին

18.01.2016


Հունվարի 15-17-ը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անցկացվեց «Երիտասարդության ակտիվությունը, հնարավորություններն ու քաղաքական մասնակցությունը» խորագրով ծրագիր, որը կազմակերպվել էր «Լիբանանյան ուժեր» կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից: Ծրագրի շրջանակներում Միջազգային երիտասարդական դեմոկրատական միությունը( IYDU) հրավիրել էր Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքին(DEMYC)` քննարկելու քրիստոնյաների դրությունը Միջին Արևելքում և նրանց պաշտպանության հիմնահարցերը:

Ծրագրին DEMYC-ի հայ ներկայացուցիչներից մասնակցում էր Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության անդամ Ալեքսան Հովհաննիսյանը:

Նախաձեռնությանը մասնակցում էին շուրջ 30 երիտասարդներ Հայաստանից, Ռուսաստանից, Ադրբեջանից, Լիբանանից, Իրաքից, Ալբանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Հունաստանից, Մարոկկոյից, Ֆինլանդիայից, Դանիայից և Սլովենիայից:
Ծրագրի մեկնարկին երիտասարդները հանդիպում ունեցան «Լիբանանյան ուժեր» կուսակցության ներկայացուցիչների և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի(KAS) լիբանանյան գրասենյակի ներկայացուցիչ Փիթըր Ռիմելեի հետ: Հաջորդիվ KAS նախաձեռնությամբ քննարկումներ եղան «Կուսակցության ներսում երիտասարդության ակտիվությունն ու շարժունությունը», «Երիտասարդների քաղաքական մասնակցությունը ազգային քաղաքականությանը և տարածաշրջանային ու միջազգային իրադարձություններին» թեմաներով:

Ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ DEMYC-ի խորհրդի հանդիպումը, կազմակերպվեցին IYDU 2 խորհրդաժողովներ, որոնց ընթացքում կատարվեց IYDU նոր ղեկավարի ընտրությունը:

Մասնակից երիտասարդները Լիբանանի քաղաքական և կրոնական իրավիճակի մասին պատմական փոքրիկ ֆիլմի դիտումից հետո քննարկում ունեցան նաև միգրացիոն ճգնաժամերի վերաբերյալ, այնուհետև այցելություն կատարեցին Բիբլոս քաղաք և հանդիպեցին վերջինիս քաղաքապետին:

Ծրագիրն ավարտվեց արդյունքների ամփոփմամբ` Միջին Արևելքում քրիստոնյաների պաշտպանությանն ուղղված հետագա ծրագրերի և միջոցառումների կազմակերպման ակնկալիքով:

← Վերադառնալ ցուցակին