Լուրեր

Շարունակվում են հայկական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ քննարկումները

11.12.2015

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են տեղական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ քննարկումները, որին մասնակցել են պատասխանատու պետական գերատեսչությունների ներկայացուցիչները:
Խորհրդակցությանը քննարկվել են, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության կողմից թուրքական ապրանքների նկատմամբ արգելանքի պարագայում ՀՀ-ից դեպի ՌԴ հայկական արտադրանքի արտահանման ծավալն ավելացնելու հնարավորությունները և պետական աջակցության մեխանիզմները: Այս համատեքստում անդրադարձ է եղել ս.թ. նոյեմբերի 30-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում կառավարության ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարված ընթացքին: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի շրջանակում պատկան մարմինների ներկայացուցիչները հանդես են եկել մի շարք առաջարկություններով:
Վարչապետը, ընդգծելով հարցի հրատապությունը և կարևորելով օպերատիվ արձագանքն ստեղծված իրավիճակին, հանձնարարել է քննարկման մասնակիցներին՝ ամփոփել միջգերատեսչական քննարկումները և գալիք շաբաթվա ընթացքում վերջնական արդյունքները ներկայացնել ՀՀ կառավարություն:

← Վերադառնալ ցուցակին