Լուրեր
Եվրոպացի երիտասարդները հանդիպել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ
10.12.2015
Դեկտեմբերի 10-ին «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության՝ EDS-ի խորհրդի հավաքի մասնակիցները խորհրդարանում հանդիպում են ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ։ Խորհրդարանի խոսնակը, ողջունելով երիտասարդներին Հայաստանի օրենսդիր մարմնում, կարևորել է EDS-ի դերը Եվրոպայի ուսանողական շարժման մեջ։ Նա նշել է, որ արագ փոփոխվող աշխարհում մեծ դերակատարում է վերապահվում երիտասարդներին իրենց հետագա գործունեության համար։
Գալուստ Սահակյանը նկատել է, որ EDS-ի անդամները Հայաստանում են այն պահին, երբ ավարտվել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը։
Խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանն անցնում է ավելի ժողովրդավարական կառավարման մոդելի, որը հնարավորություն է տալիս մեր երկրում ընտրական գործընթացներին մասնակից դարձնել և′ քաղաքական մեծամասնությանը, և՜ ընդդիմությանը, և՜ հասարակության լայն շերտերին։
«Սա ևս մեկ հնարավորություն է մեր երիտասարդության համար, որպեսզի անմիջապես մասնակից դառնան երկրում կատարվող փոփոխություններին, առավել ևս պետականաշինարարությանը»,- ասել է Գալուստ Սահակյանը։
ԱԺ խոսնակն ընդգծել է, որ Հայաստանի խորհրդարանում և կառավարման տարբեր օղակներում ընդգրկված են մեծաթիվ գիտակ երիտասարդներ, ում միջոցով ուրվագծվում է Հայաստանի ապագան։ «Աշխարհին անհրաժեշտ են նոր մտածողություն, նոր ծրագրեր, ինչի հիմքում տեսնում ենք ձեզ,- դիմելով ներկաներին՝ ասել է պարոն Սահակյանը՝ տեղեկացնելով, որ նախարարություններում աշխատողների մոտ 40 տոկոսը երիտասարդներ են։- Ունենք նաև երիտասարդ նախարարներ, համայնքների ղեկավարներ։ Մեր ամենակարևոր սկզբունքներից մեկն է երիտասարդներին նախապատրաստել որպես փոխարինողներ, և այդ սկզբունքն այսօր իրականություն է դարձել»։
ԱԺ նախագահը հանդիպման ընթացքում պատասխանել է նաև ներկաների հարցերին։
Հիշեցնենք, որ «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության խորհրդի հավաքը Երևանում անցկացվում է ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության հրավերով։ ՀՀԿ երիտասարդական թևը եվրոպական այս կառույցին անդամակցել է 2015թ. ամռանը։