Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա առթիվ

03.12.2015

 Սիրելի՛ բարեկամներ,
դեկտեմբերի 3-ն աշխարհում նշվում է որպես հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օր: ՄԱԿ-ի կողմից նման հատուկ օր սահմանելը ոչ միայն լրացուցիչ առիթ է` հանրության ուշադրությունը սևեռելու հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին, այլև ամփոփելու այդ խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքներն ու կազմելու նոր ծրագրեր:
Երևանը բոլորի համար մատչելի դարձնելը եղել և շարունակում է մնալ մեր ծրագրային առաջնահերթություններից մեկը: Հատկապես վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն շարունակում է կյանքի կոչել ծրագրեր, որոնք, անշուշտ, նպաստում են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքային ու հասարակական կյանքին ինտեգրմանը: Այդուհանդերձ, մենք նաև գիտակցում ենք, որ անելիքներ դեռ կան, ուստի փորձելու ենք համայնքային բյուջեի հատկացումներից զատ, մասնավոր հատվածի հետ համագործակցելով, լրացուցիչ միջոցներ ևս ներգրավել նմանատիպ ծրագրերի իրականացման համար:
Ուրախությամբ պետք է փաստեմ, որ տարեցտարի սերտանում է Երևանի քաղաքապետարանի համագործակցությունը հաշմանդամության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ: Վերջիններն իրենց ակտիվ մասնակցությունն են ունենում ոլորտի բարելավմանն ուղղված ծրագրեր կազմելու գործընթացին, վերահսկում դրանց իրականացման ընթացքը:
Սիրելի՛բարեկամներ,
վստահեցնում եմ, որ հետևողականորեն շարունակելու ենք ոլորտում որդեգրած մեր քաղաքականությունն ու մեր լիազորությունների շրջանակում անելու ենք ամեն ինչ՝ առկա խնդիրներին լուծում տալու ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին