Լուրեր
Վարչապետը կարևորել է երրորդ սերնդի տեխնոլոգիական համալսարանի ստեղծումը
03.12.2015
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան նիստի օրակագային հարցերին անցնելը Հովիկ Աբրահամյանը նշել է. «Օրերս նորաստեղծ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն արձագանքեց Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի վերջին նիստի արդյունքներով ձևավորված աշխատանքային խմբի մշակած մոտեցմանը, որն առաջարկում էր մասնավոր-պետություն համագործակցության հիման վրա, Ճարտարագիտական համալսարանի ներքո նոր՝ երրորդ սերնդի տեխնոլոգիական համալսարանի ստեղծում: Կարծում եմ՝ սա հեռանկարային մոտեցում է և արժանի է մանրամասն ուսումնասիրության: Պարոն Գաբրիելյանին հանձնարարում եմ՝ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների և ՏՀՏ-ի գործատուների միության հետ՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ քննարկել այս գաղափարը և ներկայացնել առաջարկություններ: Կարծում եմ՝ նոր որակի համալսարանի ստեղծման գաղափարը ազգային ծրագրերի ներուժ ունի, և հարկ է այս հնարավորությունը պատշաճ կերպով օգտագործել»:
Հայաստանում օտարերկրյա ներդրումների աճ է գրանցվել
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կառավարության այսօրվա նիստում տեղեկացրել է, որ ՀՀ ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն Հայաստանում օտարերկրյա ներդրումների աճ է գրանցվել, ընդ որում՝ արդեն բոլոր ուղղություններով: Նախարարը որոշ մանրամասներ է ներկայացրել նաև Ամուլսարի հանքավայրի շահագործման առնչությամբ: Նա նշել է, որ «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը համաձայնության է եկել ֆինանսական խմբերի հետ ծրագրի մեկնարկի, ֆինանսական և ներդրումների շուրջ. իրականացվելու է 325 մլն դոլարի ներդրում: Նախարարի խոսքով՝ դրան գումարներ են ավելացնելու նաև Միջազգային ֆինանսական կորպորացիան և Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկը: Ներդրումները մոտավորապես կազմելու են 460-480 մլն դոլար: Ըստ Կարեն Ճշմարիտյանի՝ արդյունքում արդյունաբերական իմաստով արդյունավետ կդառնա նաև ոսկու ձուլակտորների արտադրության կազմակերպումը Հայաստանում:
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2016թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին
Գործադիրն ընդունել է «ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխությունների մասին» որոշում: Ըստ այդմ, հավանություն է տրվել կառավարության կողմից հոկտեմբերի 2-ին Ազգային ժողով ներկայացված ՀՀ 2016թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին, ինչպես նաև ԱԺ մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում պետբյուջեի նախագծի քննարկման արդյունքներով ԱԺ մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին: Ներկայացված 322 առաջարկություններից կառավարությունը մասնակի կամ ամբողջությամբ ընդունելի է համարել 60-ը կամ 18,6 տոկոսը: Հաշվի առնելով միայն հստակ գումարներ պարունակող առաջարկությունները, բյուջեի նախագծի լրացուցիչ եկամուտների և ծախսերի ծավալներն՝ առաջարկվել է ավելացնել, համապատասխանաբար, շուրջ 15 մլրդ և շուրջ 14,3 մլրդ դրամ:
Կարգավորվում են գնումների գործընթացում առկա որոշ խնդիրներ
Գնումների գործընթացի կազմակերպման կարգի գործնական կիրառման ժամանակ առաջացած որոշ խնդիրներ կարգավորելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Բոլոր կարգավորումները՝ ժամկետային և օրենսդրական, վերաբերում են ընթացակարգերի պարզեցմանը և զրկում են հակամրցակցային համաձայնության գալու հնարավորությունից:
Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և Վերականգնման Վարկերի Բանկի (KfW) միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III» ծրագրի 2-րդ փուլի 83 մլն եվրո արժողությամբ վարկային և ծրագրային համաձայնագրի նախագծին: Ծրագրի շրջանակում տրամադրվելիք վարկային միջոցներն օգտագործվելու են Դդմաշենում ենթակայանի կառուցման, էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ էլեկտրացանցերի վերականգնման և վերակառուցման, սարքավորումների և մեքենաների շահագործման, ինչպես նաև ծրագրի նախապատրաստման և իրականացման ընթացքում մատուցվող խորհրդատվական ծառայությունների ֆինանսավորման նպատակով:
Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է համապատասխան որոշում, որով կապահովվի արտահանողների կողմից ներկայացված հայտերով օրենքով սահմանված կարգով ս.թ. չորրորդ եռամսյակում ավելացված արժեքի հարկի վերադարձի ապահովումը:
Գործադիրը որոշել է «Բարձր ջերմաստիճանային բյուրեղներ» ՍՊԸ-ին տրամադրել «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն (5 տարի) շափյուղայի բյուրեղների աճեցման սարքավորումների մշակման, պատրաստման և շափյուղայի բյուրեղների արտադրության իրականացման համար:
Հայաստանում նախատեսվում է ամբողջությամբ ներդնել բարոյական վնասի հատուցման ինստիտուտը
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով նախատեսվում է ամբողջապես ներդնել բարոյական կամ ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ նախատեսել էին իրավունքների ոչ սպառիչ, ոչ ամբողջական ցանկ, որով հնարավոր էր պահանջել ոչ նյութական կամ բարոյական վնասի հատուցում: Մասնավորապես դրանք էին՝ կյանքի իրավունքը, խոշտանգման արգելքը, անձնական ազատության իրավունքի խախտումը և ապօրինի դատապարտման հետևանքով կրած ոչ նյութական վնասը: Նախարարի խոսքով՝ այժմ ավելացվում են նաև արդար դատաքննության, անձնական կամ ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության, մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու, հավաքների և միավորման ազատության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և սեփականության իրավունքները։ Բացի այդ, նախատեսվում է կատարել ևս մի քանի կարևոր փոփոխություններ, որոնք վերաբերում են հատուցման չափերին. դրանք կավելացվեն և կհապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին: Այսպիսով՝ նախագծի ընդունմամբ բարոյական վնասի կամ ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտն ամբողջությամբ կներդրվի Հայաստանում: Կարևորելով ներկայացված օրինագիծը՝ վարչապետը նշել է, որ ՀՀ քաղաքացիները կունենան իրենց հիմնական իրավունքների խախտման դեպքում բարոյական վնասի հատուցում պահանջելու և ստանալու ավելի լայն հնարավորություն:
Գործադիրի հավանությանն է արժանացել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ինչպես օրենքի, այնպես էլ դրա հիման վրա կառավարության որոշումների նախագծերում առաջարկվող փոփոխությունների առաջնային նպատակն է ապահովել ՀՀ սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված՝ ձերբակալված և կալանավորված անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի պատշաճ իրացումը: Միաժամանակ, նախագծի ընդունմամբ կլուծվեն գործնականում առկա այն խնդիրները, որոնք խոչընդոտում են քրեական վարույթի բնականոն ընթացքը և սահմանափակում ազատությունից զրկված անձի սահմանադրական հիմնարար իրավունքը:
Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը պայմանավորված է ներքին արտադրողի համար հումքային բազա ապահովելու անհրաժեշտությամբ: ՀՀ օգտակար հանածոների հանքավայրերի պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված են օբսիդիանի չորս հանքավայրեր (Դամլիկի, Արտենիի, Արթին լեռի և Արթին լեռի Սևքարի տեղամաս): Օբսիդիանի հանքավայրի շահագործման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի նվազեցումը հնարավորություն կտա հանք շահագործող ընկերություններին շահագործել օբսիդիանի հանքավայրերը, ինչի արդյունքում օբսիդիանի հումք օգտագործող տեղական ընկերությունները կկարողանան փաստաթղթավորված կերպով ձեռք բերել անհրաժեշտ հումք:
Կառավարությունը հավանություն է տվել «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի փաթեթի ընդունման արդյունքում կկարգավորվեն ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական վճարի հաշվարկման և վճարման հարցերը:
Լուծվում են մարզերում առկա մի շարք խնդիրներ
Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից ավելի քան 97 մլն դրամ կհատկացվի Արմավիրի մարզպետարանին՝ օգոստոսի 22-ի և հոկտեմբերի 4-ի կարկտահարության հետևանքով մարզի համայնքների հողի հարկ վճարող, ոռոգման ջուր օգտագործող, ինչպես նաև ջերմատնային տնտեսությունների սեփականատեր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Ուժեղ կարկտահարությունից տուժել են մարզի Քարակերտ, Մյասնիկյան, Կողբավան, Բաղրամյան, Բագարան, Շենիկ, Դալարիկ, Մրգաշատ, Մարգարա, Վարդանաշեն, Երասխահուն և Ակնաշեն համայնքներում գործող գյուղացիական տնտեսությունները:
Կառավարության մեկ այլ որոշմամբ գումար կհատկացվի Վայոց ձորի մարզի Վարդահովիտ համայնքի ներհամայնքային ճանապարհների խճապատման, Խաչիկ համայնքի համայնքային ճանապարհների քարաթափման և Արարատի մարզի Դալար համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի վերանորոգման նպատակով:
Կառավարության որոշմամբ Լոռու մարզի Լեռնապատի առողջության կենտրոնի նախկին տնակային շինությունը նվիրաբերվել է Լեռնապատ համայնքին՝ մարզասրահի վերափոխելու նպատակով: Համայնքը պարտավորվել է կատարել համապատասխան ներդրումներ շինության վերանորոգման և գույքի ձեռբերման համար: Մարզասրահի կառուցումը կխթանի գյուղական համայնքներում սպորտի զարգացմանը: Գործադիրի մեկ այլ որոշմամբ Արագածոտնի մարզի Արտենի համայնքի Բաղրամյան փողոցի 39 հասցեում գտնվող անշարժ գույքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է մարզի Արտենիի առողջության կենտրոնին՝ առողջապահական ծառայություններ մատուցելու նպատակով:
Վայոց ձորում կներդրվի հեմոդիալիզային բուժծառայություն
Վայոց ձորի մարզում հեմոդիալիզի ծառայություններ իրականացնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որը կնպաստի հեմոդիալիզի կարիք ունեցող հիվանդների բուժօգնությունը ժամանակին և որակյալ կազմակերպելուն` կրճատելով մարզից Երևան հասնելու և վերադարձի տրանսպորտային ծախսերը և այլ անհարմարություններ: Մարզում հեմոդիալիզային ծառայության ներդրման նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ն ապահովել անհրաժեշտ սարքավորումներով` արհեստական երիկամի և ջրի մաքրման սարքավորումներով: Որոշմամբ նախատեսվում է ձեռքբերել ջրի մաքրման սարքավորում:
Այլ հարցեր
Գործքադիրը հաստատել է ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագրից բխող 2015-2020 թվականների միջոցառումների ծրագիրը: Նշենք, որ այս ժամանակաշրջանում Ասիական զարգացման բանկի նույնանուն վարկային ծրագրում ընդգրկված են մի շարք դպրոցներ:
Կառավարությունն ընդունել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2 (Դավթաշեն-Աշտարակ) ճանապարհահատվածում առկա որոշ գույքերի և հողատարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշում: Այդ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մարտի 24-ին ստորագրված Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի (Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր) և Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում: Ճանապարհաշինության արդյունքում մասնակիորեն կլուծվեն Երևան քաղաքում ավտոճանապարհների գերբեռնվածության բեռնաթափման խնդիրները:
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հստակեցնելով ուղևորների, նրանց ձեռքի իրերի, բեռների զննման ընթացակարգերը: Ընդունված որոշմամբ հնարավորություն կընձեռնվի ավելի բարձր մակարդակի հասցնել օդանավակայանում ավիացիոն անվտանգության հսկողության գործառույթների իրականացումը:
Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը վերազինելու նպատակով. ձեռք կբերվի լուսային տեխնիկա և կհիմնանորոգվի բեմի հատակը: Գումար կհատկացվի նաև Երևանի կամերային պետական թատրոնի տեխնիկական վերազինման նպատակով: