Լուրեր
Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահին
02.12.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով Յան Համաչեկին եւ պատվիրակության անդամներին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է Հայաստանի եւ Չեխիայի բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը: ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է հայ-չեխական խորհրդարանական շփումները՝ կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության զարգացումը եւ փոխայցելությունները: Գալուստ Սահակյանի պնդմամբ՝ համագործակցության դրական ավանդույթները պետք է ազդեն նաեւ միջազգային հարթակներում փոխօգնության մթնոլորտն ամրապնդելու վրա:
ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի ղեկավարների ներդրումը հարաբերությունների զարգացման գործում: Գալուստ Սահակյանը կարեւորել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը:
Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին եւ իր մտահոգությունը հայտնել տարածաշրջանում բնակվող էթնիկ եւ կրոնական համայնքներին սպառնացող վտանգների վերաբերյալ:
Ըստ ԱԺ նախագահի՝ խորհրդարանականները պետք է իրենց ձայնը բարձրացնեն՝ դատապարտելու Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները եւ այն երկրներին, որոնք խրախուսում են ահաբեկչություններն ու հանցագործությունները:
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցությանը՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձեւավորման շուրջ անցկացվելիք բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը կուրվագծի համապարփակ փոխգործակցությունը՝ դառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու լավագույն երաշխիքը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին՝ խորհրդարանի ղեկավարը փաստել է, որ հիմնահարցի կարգավորումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, եւ Հայաստանն այդ հարցի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
Գալուստ Սահակյանն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումների, տարածաշրջանում սպառազինությունների աննախադեպ կուտակման եւ հարեւան երկրի կողմից լարվածության աճի վերաբերյալ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Խավիարային դիվանագիտությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականությունը. այդ երկրի իշխանությունները քաղաքակիրթ աշխարհում իրենց վարկաբեկված հեղինակությունը փորձում են վերականգնել կաշառակերության ստոր ճանապարհով»:
Ազգային ժողովի նախագահն իր խոսքում անդրադարձել է նաեւ մեր երկրում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացին:
Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է իր գլխավորած պատվիրակության կազմը, որում ընդգրկված են Չեխիայի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Խոսելով Չեխիա-Հայաստան հարաբերությունների մասին՝ Յան Համաչեկը հավաստիացրել է, որ պատմության ընթացքում այդ հարաբերությունները երբեւէ այսքան բարձր մակարդակում չեն եղել, դա են վկայում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները: Նա կարեւորել է հատկապես երկու երկրների համագործակցությունը տնտեսական ոլորտում, որտեղ դեռ շատ անելիքներ կան:
Անդրադառնալով Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող երեւույթներին՝ Յան Համաչեկը հույս է հայտնել, որ ԵՄ ձեռնարկած քայլերը որոշակի փոփոխություն կմտցնեն իրավիճակում:
Խոսելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին՝ նա նշել է, որ ԵՄ-ն չի կարող դիտարկել տարբեր պետություններ նույն տեսանկյունից. պետություններն իրենք են կայացնում որոշումները, այդ որոշումները հարգանքի արժանի են եւ որեւէ կերպ չեն կարող խոչընդոտել համագործակցության հետագա զարգացումը:
Յան Համաչեկը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, նշել է, որ լինելով Չեխիա-Ադրբեջան բարեկամական խորհրդարանական խմբի անդամ՝ ջանք չի խնայում մատնանշելու այդ խնդրի խաղաղ բանակցային ճանապարհով լուծման կարեւորությունը: Նա նշել է. «Բաքվին ես մշտապես ասում եմ, որ կոնֆլիկտի լուծումը պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով, քանի որ այլ լուծում ընդունելի չէ»: Յան Համաչեկը նշել է, որ անհրաժեշտության դեպքում Չեխիան կարող է մասնակցել բանակցություններին՝ ջանքեր գործադրելով հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Հանդիպման ավարտին Գալուստ Սահակյանը եւ Յան Համաչեկը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով եւ պատասխանել լրագրողների հարցերին:
Այնուհետեւ Ազգային ժողովի այգում խորհրդարանների ղեկավարները եղեւնիներ են տնկել՝ ի նշան երկու երկրների բարեկամության: