Լուրեր

Ծաղկաձորյան հավաքի ընթացքում Արմավիրի և Շիրակի երիտասարդ ՀՀԿ-ականները ուսումնասիրեցին սահմանադրական բարեփոխումների նախագիծը

30.11.2015

 Նոյեմբերի 27-29-ը Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Արմավիրի և Շիրակի մարզերից շուրջ 120 երիտասարդ ՀՀԿ-ականներ մասնակցեցին Ծաղկաձորում անցկացված եռօրյա հավաքին:

Հավաքի ընթացքում մասնակիցները հանդիպում ունեցան ՀՀԿ ԵԿ ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ, ով իր խոսքում անդրադարձավ սահմանադրական բարեփոխումներին:
«Հասարակության մեծ մասը մեզ հետ է ու կիսում է փոփոխությունների այս ամբողջ քաղաքականությունը, և նույնիսկ խորհրդարանում չի եղել այնպիսի ուժ, անգամ ընդդիմադիրներից, որ ամբողջապես դեմ լինի բարեփոխումների նախագծին: Սա այն բացառիկ նախագծերից է, որ ընդունվել է բոլոր պատգամավորների ընդհանուր թվի 4/5-ի կողմից»,-նշեց ՀՀԿ ԵԿ ղեկավարը:
Իր խոսքն ամփոփելիս ՀՀԿ ԵԿ ղեկավարը հավելեց,-«Մենք ցանկանում ենք, որ մեր երիտասարդները անմիջական մասնակցություն ունենան մեր երկրում ընթացող գործընթացներին»:

ՀՀԿ ԵԿ ղեկավարի խոսքից հետո մասնակիցներին ողջունեց ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության մարզային խորհրդի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը` ուրախությունը հայտնելով հանդիպել միաժամանակ 2 մարզերի հին և նոր կուսակցականների հետ, կիսվել կուսակցական փորձով և գիտելիքներով:

Այնուհետև երիտասարդները հանդիպում ունեցան ՀՀ ԱԺ Երիտասարդական խորհրդարանի ՀՀԿ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ, ով ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների նախագիծը, դրա անհրաժեշտությունը, անդրադարձավ ամենակարևոր կետերին, մեկնաբանություններին ու պարզաբանումներին և ընդգծեց առաջարկվող բարեփոխումների դեմոկրատականությունը:

Հաջորդիվ հավաքի շրջանակներում անցկացվեց սեղանի թենիսի մրցույթ, ինչպես նաև բանավեճ և ինտելեկտուալ խաղ սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին