Լուրեր

Մայրաքաղաքում մեկնարկել են ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները

30.11.2015

 Մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերում, կրթական, առողջապահական և համայնքային ենթակայության մյուս հաստատություններում ավարտվել են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Ջերմամեկուսացվել են բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերը, ապակեպատվել են շքամուտքերի հարկաբաժինները: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Հանձնարարվել է շարունակել այս ուղղությամբ հսկողությունը՝ ուշադրության կենտրոնում պահելով մասնավորապես քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների անխափան ջեռուցման ապահովումը:
Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 3 դեպք: Հանձնարարվել է շարունակել ուժեղացված հսկողությունը:
Չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով ամենօրյա հսկողության արդյունքում հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 51 դեպքի մասով:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 4 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ոչ բավարար գնահատելով այդ ուղղությամբ աշխատանքների ներկա ընթացքը, պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է լինել առավել խիստ և հետևողական:
«Բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարի արդյունքները բավարար չեն: Անհրաժեշտ է շարունակել խիստ հսկողությունը: Հատկապես վերջին շրջանում կրկին նկատելի է այդ երևույթի աշխուժացումը, ինչն անթույլատրելի է: Ըստ այդմ ուժեղացրեք հսկողությունը հատկապես բակային տարածքներում, կամարանցումներում և շքամուտքերում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 17 արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել երթուղիներում շարժակազմերի՝ հատկապես երեկոյան ժամերին անհրաժեշտ խմբաքանակի ապահովման ու քաղաքացիների պատշաճ սպասարկման մշտադիտարկումները: Զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ են հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար իրականացվող ծրագրերի շրջանակում հասարակական տրանսպորտի ավտոբուսները համապատասխան վերելակներով կահավորելու աշխատանքները: Հանձնարարվել է սահմանված ժամկետում ավարտել ավտոբուսների կահավորման աշխատանքներն ու շահառուների մասնակցությամբ դրանք փորձարկելուց հետո հանձնել շահագործման:
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ վարչական շրջաններում շարունակվում է ծառերի աշնանային էտը: Քաղաքապետը հանձնարարել է հատկապես խորը էտի ենթակա ծառերի հետ կապված աշխատանքներն իրականացնել ոլորտի մասնագետների հետ համագործակցված: Բացի այդ, Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև ամառվա հրդեհներից տուժած, մասնավորապես Բուսաբանական այգու, Ծիծեռնակաբերդի հարակից լանջի, ինչպես նաև Փարոսի անտառ-պուրակի հատվածներում, որոնք աշնանային ծառատունկի շրջանակում համալրվել էին ծառերով, մեկ անգամ ևս կատարել գույքագրում ու արդեն իսկ պլանավորել տվյալ տարածքներում գարնանային ծառատունկի շրջանակում ծառերի լրացուցիչ համալրում:
Աշխատանքային խորհրդակցության շրջանակում արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետն էլ զեկուցել է, որ մայրաքաղաքում արդեն իսկ մեկնարկել են ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները, որոնք կավարտվեն սահմանված ժամկետում:

← Վերադառնալ ցուցակին