Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Փարաքար համայնքի բնակիչների հետ

25.11.2015

ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 24-ին այցելել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մշակույթի տուն` համայնքի բնակիչների հետ հանդիպման:

Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը եւ Առաքել Մովսիսյանը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը անդրադարձել է հանրային հետաքրքրություն ներկայացնող սահմանադրական բարեփոխումների գործընթացին, նախագծի ընձեռած հնարավորություններին:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Սահմանադրությունը երկրի հիմնական օրենքն է, որը սահմանում է մարդու եւ պետության միջեւ հիմնարար հարաբերությունները: Գալուստ Սահակյանը հավելել է, որ ներկայիս առաջարկվող սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակներն են երկրում կայուն ժողովրդավարական համակարգի հաստատումը եւ իրավունքի գերակայության երաշխավորումը: ԱԺ նախագահը ընդգծել է, որ առաջարկվող նախագծում արմատական վերանայման են ենթարկվել հիմնական իրավունքների սահմանափակումների խնդիրները:

Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգին, համայնքների խոշորացման պիլոտային ծրագրին ու համամասնական եւ մեծամասնական ընտրական համակարգերին:

Ջերմ եւ անկաշկանդ հանդիպման ընթացքում ներկաներն իրենց հուզող հարցերն են հղել ԱԺ նախագահին, որոնց նա սիրով պատասխանել է: Հարցերը հիմնականում վերաբերել են սահմանադրական փոփոխությունների ընթացակարգին:
 

← Վերադառնալ ցուցակին