Լուրեր

Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը

24.11.2015

Նոյեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ շարունակել է քննարկել «Հայաստանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը:

Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել պատգամավորները:

Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝ գնալով մեծանում են գործազրկությունը, աղքատությունն ու արտագաղթը, սակայն վիճակագրական ծառայության տվյալներով դրանց ցուցանիշները բարելավվում են:

Մհեր Շահգելդյանը ՀՀ ազգային վիճակագրության ծառայության պետին առաջարկել է ուշադրություն դարձնել կիրառվող մեթոդաբանությանը: Ըստ պատգամավորի, արեւմտյան երկրներում կիրառվող մեթոդաբանության կիրառումը մեր երկրում արդյունավետ չէ:

Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ վիճակագրական ծառայության ներկայացրած թվերն իրականության հետ չեն առնչվում: Պատգամավորն անդրադարձել է երկրի համախառն ներքին արդյունքին եւ գյուղատնտեսության ոլորտի վիճակագրությանը:

Հեղինե Բիշարյանի խոսքով՝ այն թվերը, որոնք ներկայացրել է վիճակագրական ծառայությունը, իրականությանը չեն համապատասխանում. դրանք տարբերվում են իրականությունից եւ մտահոգիչ են:

Թեւան Պողոսյանն անդրադարձել է վիճակագրական ծառայության աշխատանքներին՝ նշելով, որ պետք է աշխատանքներ իրականացնել՝ բարձրացնելու հասարակության վստահությունը կառույցի հանդեպ:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած հարցերին: Անդրադառնալով մեթոդաբանության հարցին՝ Ստեփան Մնացականյանը նշել է, որ միջազգային վիճակագրական մեթոդաբանությունն օգտագործելով՝ պետք է առաջ գնալ: Այլ կերպ, ըստ նրա, հնարավոր չէ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել ՀՀ նախագահի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջեւ «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 25 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ Հայաստանի գյուղական տարածքներում աղքատության նվազեցման համար: Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից արտոնյալ ժամկետը՝ 5 տարի, տոկոսադրույքը՝ տարեկան 2.7 տոկոս:

Աժ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթի քվեարկությունը հեղինակի՝ ՀՀ կառավարության համաձայնությամբ՝ հետաձգվել է:

ԱԺ նախագահը նշել է, որ հետաձգման պատճառը փաթեթում որոշակի խնդիրների առկայությունն է, որոնք անհրաժեշտ է մեկ անգամ եւս քննարկել:

Այնուհետեւ պատգամավորները քվեարկությամբ ընդունել են արտահերթ նիստում քննարկված օրենքների նախագծերը եւ վավերացրել միջազգային պայմանագրերը:

Սպառելով օրակարգը? խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:  

← Վերադառնալ ցուցակին