Լուրեր

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

20.11.2015

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Առանձնակի կարևորելով երկու գերատեսչությունների միջև հարաբերությունների էլ ավելի ամրապնդումն ու գործակցության շրջանակների ընդլայնումը` քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է հայտնել վերջին տարիներին ձևավորված համագործակցությունից և ընդգծել, որ այն իսկապես արդյունավետ ու հաջողված է եղել: Քաղաքապետը նաև համոզմունք է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջև ստորագրվելիք հուշագիրը նոր հնարավորություններ կընձեռի և իր հերթին օգտակար կլինի ինչպես գյուղացիական տնտեսությունների, այնպես էլ մայրաքաղաքի բնակչության համար:
«Երևանում գյուղատնտեսական շուկաներ ունենալու նախաձեռնությունն իսկապես սպասված էր մայրաքաղաքի բնակիչների կողմից, ինչը ոչ միայն գյուղացիների համար առանց միջնորդի իրենց արտադրանքը վաճառելու լավ հնարավորություն է, այլև մայրաքաղաքի բնակչությանն է հնարավորություն ընձեռում առավել մատչելի գներով ձեռք բերելու գյուղացիական արտադրության մթերքը: Ելնելով մայրաքաղաքի բնակիչների պահանջարկից՝ Երևանի քաղաքապետարանը հատկացրել ու պատրաստ է անհրաժեշտության դեպքում մայրաքաղաքի վարչական շրջաններում համապատասխան նոր տարածքներ ևս հատկացնել գյուղմթերքի շուկաների կազմակերպման համար»,- ընդգծել է քաղաքապետը:
Անդրադառնալով գյուղատնտեսական ապրանքների արտահանմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ քաղաքապետարանը պատրաստ է կամուրջ հանդիսանալ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քույր ու գործընկեր քաղաքների միջև՝ աջակցելով տեղական գյուղմթերքը այդ քաղաքներ արտահանելու գործին:
«Երևանի քաղաքապետարանն այսօր սերտորեն համագործակցում է աշխարհի շուրջ 50 քաղաքների հետ: Մենք տարեցտարի ընդլայնում ենք գործակցության շրջանակներն ու ընդգրկում նոր ոլորտներ: Ուստի, մեր լիազորությունների շրջանակում, պատրաստ ենք առևտրային հարթակ ստեղծել նաև գյուղատնտեսության ոլորտում՝ դառնալով կամուրջ հայրենական գյուղատնտեսական արտադրանքը արտերկրի մեր գործընկեր քաղաքներ արտահանելու համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով համագործակցության և այն ընդլայնելու պատրաստակամության համար՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր հերթին գոհունակություն է հայտնել երկու գերատեսչությունների միջև վերջին տարիներին ձևավորված փոխշահավետ համագործակցության վերաբերյալ` շեշտելով դրա ընդլայնման անհրաժեշտությունը:
«Այժմ մենք նպատակ ունենք գալիք տարվանից մայրաքաղաքում նախաձեռնել և կազմակերպել գյուղատնտեսական տարբեր մթերքների օրեր, իսկ առաջիկայում նախատեսում ենք կազմակերպել նաև գինու փառատոն, որը կկրի ամենամյա բնույթ»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:
Հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ստորագրել են ագրոպարենային ոլորտի բնականոն գործունեությունն ու զարգացումն ապահովելուն միտված համագործակցության հուշագիր: Հուշագիրը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության տնտեսության, մասնավորապես, ագրոպարենային ոլորտի համամասնական ու կայուն զարգացմանը, հայրենական արտադրության լավագույն արտադրանքի գովազդմանը, ճանաչման ու սպառման մակարդակի ավելացմանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը:

← Վերադառնալ ցուցակին