Լուրեր

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2015թ. հուլիս-հոկտեմբեր ամիսների գնահատման ու վերլուծության արդյունքները

16.11.2015

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2015թ. հուլիսից հոկտեմբեր ամիսների գնահատման ու վերլուծության արդյունքները:
Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների` անցած չորս ամիսների ամփոփ ցուցանիշները, քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում հուլիսին առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Դավթաշեն, իսկ երրորդ տեղը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը: Նույն ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով վերջին՝ տասներորդ, տասնմեկերորդ և տասներկուերորդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրել են Կենտրոն, Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջանները: Օգոստոս ամսվա ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ տվյալների համաձայն աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիա, երկրորդը՝ Շենգավիթ, իսկ երրորդ տեղը Նոր Նորք վարչական շրջանը: Օգոստոսի ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշները գրանցել են Արաբկիր, Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջանները: Սեպտեմբեր ամսին իրականացված աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքներով էլ առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Դավթաշեն, իսկ երրորդ տեղը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը: Նույն ամսվա ամփոփիչ արդյունքներով վերջին՝ տասներորդ, տասնմեկերորդ և տասներկուերորդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրել են Աջափնյակ, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանները: Իսկ հոկտեմբեր ամսվա ամփոփիչ տվյալների համաձայն աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Էրեբունի, իսկ երրորդ տեղը Դավթաշեն վարչական շրջանը: Հոկտեմբերի ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշները գրանցել են Նոր Նորք, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանները:
Առանձնակի կարևորելով քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում իրականացվող աշխատանքներն ու անդրադառնալով արդյունքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել քառամյա ու տարեկան ծրագրերով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքը:
«Մայրաքաղաքի համաչափ զարգացման համար բոլոր ոլորտներն են կարևոր, և քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում անհրաժեշտ ցուցանիշներ ապահովելու համար պարզապես հետևողականություն և ամենօրյա աշխատանք է հարկավոր: Մենք պետք է հասնենք այնպիսի արդյունքների, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններն իրենց կատարած աշխատանքով կարողանան աղյուսակային ընդհանուր սանդղակում միայն առաջին երեք հորիզոնականները զբաղեցնել: Ուստի եղեք հետևողական, որպեսզի մեր բնակիչներին ներկայացված բոլոր ծրագրերը կատարվեն ամբողջությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության շրջանակում ներկայացվել են նաև քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների ու բաժինների գործառույթների 2015թ. հուլիսից հոկտեմբեր ամիսների գնահատման արդյունքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչությունների ու բաժինների պետերին հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել փաստաթղթաշրջանառությանը, բնակիչների ընդունելությունների կազմակերպմանն ու այդ թվում քաղաքացիներից, գերատեսչություններից ստացված դիմումներին և գրություններին, նաև թեժ գծով ստացված ահազանգերին ժամանակին ու սպառիչ պատասխաններ տրամադրելուն:
 

← Վերադառնալ ցուցակին