Լուրեր

ՀՀԿ-ական երիտասարդների մասնակցությամբ Բուդապեշտում կայացավ <<Երիտասարդ առաջնորդներ 2015-2016>> ծրագրի 2-րդ փուլը

16.11.2015

Նոյեմբերի 10-15-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվեց «Էդուարդո Ֆրեյ» հիմնադրամի հետ համատեղ «Ռոբերտ Շուման» ինստիտուտի (RSI) կազմակերպած «Երիտասարդ առաջնորդներ 2015-2016» ծրագրի 2-րդ փուլը, որին, ինչպես և սեպտեմբերին անցկացված առաջին փուլին, մասնակցում էին 20 երիտասարդներ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից, տեղեկացնում է ՀՀԿ ԵԿ լրատվական ծառայությունը։

Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էին Ջուլիետա Նիկողոսյանը և Գրիշա Ամիրխանյանը:

Հիշեցնենք, որ «Երիտասարդ առաջնորդներ 2015-2016»-ը դասընթացների շարք է, որը նախատեսում է ևս 1 փուլ հունվար ամսին:

Այս նախաձեռնության նպատակն է երիտասարդ քաղաքական գործիչներին հաղորդել տեսական և գործնական գիտելիքներ Եվրոպայի քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային և քաղաքացիական մարտահրավերների ու զարգացումների մասին, ծանոթացնել ժողովրդավարության և մասնավորապես քրստոնեական դեմոկրատիայի հիմնարար արժեքներին:

Ծրագրի 2-րդ փուլը մեկնարկեց «Ռոբերտ Շուման» ինստիտուտի (RSI) գործադիր տնօրեն Գաբոռ Բերզելիի և RSI ծրագրերի և սույն դասընթացների ղեկավար Վիոլետտա Հորվաթի ողջույնի խոսքով:

Պաշտոնական բացմանը հաջորդեց երիտասարդներին Եվրոպայի ժողովուրդների կուսակցության (ԵԺԿ) միջազգային գործունեության և միջազգային կապերի մարտահրավերների ներկայացումը` ԵԺԿ միջազգային քարտուղար Պատրիկ Վոլլերի կողմից:

Ծրագրային հաջորդ օրերի ընթացքում քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են` «Միգրացիան Եվրոպայում», «Ռուսաստանի ազդեցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի վրա», «Էներգետիկան` որպես անվտանգության գործոն», «ՆԱՏՕ-ի և ԵՄ հարաբերությունները», «ԵՄ ուսումնասիրումը Հարավարևելյան Եվրոպայի հեռանկարների տեսանկյունից», «ԵՄ անդամակցության ազդեցությունը հունգարական խորհրդարանի աշխատանքի վրա» :

Դասընթացներն ուղեկցվեցին ազգային ինքնիշխանության պաշտպանության, ճգնաժամային կառավարման և միջազգային կապերի կառավարման հարցերի վերաբերյալ գործնական աշխատանքների կատարմամբ:

Ծրագրի 2-րդ փուլն ավարտվեց դասընթացների գնահատմամբ և մտագրոհի միջոցով 3-րդ փուլին նախապատրաստմամբ:

 

← Վերադառնալ ցուցակին