Լուրեր
Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան
16.11.2015
Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:
Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են նոյեմբերի 13-ին Փարիզում, իսկ ավելի վաղ` Բեյրութում տեղի ունեցած արյունոտ ահաբեկչությունների հետեւանքով զոհվածների հիշատակը:
«Մենք խստորեն դատապարտում ենք այդ անմարդկային գործողությունները եւ մերժում ահաբեկչության ցանկացած դրսեւորում: ՀՀ Ազգային ժողովի անունից մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ֆրանսիացի եւ լիբանանցի մեր գործընկերներին, Ֆրանսիայի եւ Լիբանանի բարեկամ ժողովուրդներին»,-ասել է ԱԺ նախագահը:
Այնուհետեւ պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստին հետեւող Երեւանի Բենիամին Ժամկոչյանի անվան համար 119 ավագ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրել է նստաշրջանի, ապա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաեւ մի շարք նախագծեր հետաձգելու մասին որոշումը: Քվեարկությամբ խորհրդարանը հաստատել է օրակարգերի նախագծերը եւ ԱԺ որոշումը:
Խորհրդարանը սկսել է քննարկել «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նշվել է, որ նախագծի հիմքում դրվել են ՀՀ Ազգային ժողովի հավանությանն արժանացած ՀՀ կառավարության ծրագրի, ինչպես նաեւ կառավարության կողմից ընդունված ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական եւ ՀՀ 2016-2018 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի դրույթները: Անդրադառնալով պետական բյուջեի եկամուտների ձեւավորմանը՝ նախարարը նշել է, որ նախագծով եկամուտների ընդհանուր գումարը ծրագրավորվել է շուրջ 1 տրիլիոն 183 մլրդ դրամի չափով: Ըստ հիմնական զեկուցողի՝ 2016 թվականի պետական բյուջեի եկամուտների ծրագրավորված ծավալում մեծ տեսակարար կշիռ կունենան հարկերն ու պետական տուրքերը՝ 95.4 տոկոս, իսկ պաշտոնական դրամաշնորհներն ու այլ եկամուտները կապահովեն տարեկան բյուջետային եկամուտների համապատասխանաբար 2.6 եւ 2 տոկոսը: Հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2016 թվականի համար ծրագրավորվել են շուրջ 1 տրիլիոն 129 մլրդ դրամի չափով: Հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 2016 թվականի ծրագրային մակարդակը կազմում է ՀՆԱ-ի 20.7 տոկոսը: Գագիկ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ ինչպես եւ նախորդ տարիներին, 2016 թ.-ին եւս հարկային եկամուտների եւ պետական տուրքերի գծով տարեկան ցուցանիշը ծրագրավորվել է ըստ նախորդ տարիների մակրոտնտեսական միջավայրի զարգացման միտումների, տնտեսական գործոնների եւ վարչական միջոցառումների իրականացումից ակնկալվող լրացուցիչ մուտքերի հաշվին: Պաշտոնական դրամաշնորհների գծով օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից 2016 թվականին ակնկալվում է ստանալ շուրջ 30.2 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ:
Նախագծով ծախսերի ծավալը ծրագրավորվել է շուրջ 1 տրիլիոն 373.7 մլրդ դրամի չափով, ծախսերի ամբողջ ծավալի 96 տոկոսը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին: 2016 թվականի պետական բյուջեի նախագծի ծախսային մասը 2015 թվականի պետական բյուջեի ծախսերի հաստատված մակարդակի համեմատ ավելացել է 68.1 մլրդ դրամով: Նախագծով առաջարկվող բյուջետային ծախսերի ծավալները, կազմն ու կառուցվածքը ձեւավորվել են՝ ելնելով 2016 թվականի մակրոտնտեսական կանխատեսումներից, գների եւ սակագների կանխատեսվող ցուցանիշներից, հանրապետությունում տնտեսական հարաբերությունների բնականոն ընթացքը խաթարող նոր բյուջետային պարտքերի չառաջացման անհրաժեշտությունից եւ առանձին ծախսատեսակների գծով մշակված բյուջետային նորմատիվներից:
Նախարարը նշել է, որ բյուջետային քննարկումների ընթացքում պատգամավորները ներկայացրել են բազմաթիվ առաջարկներ, որոնք հաշվի կառնվեն նախագիծը լրամշակելիս:
Պատգամավորները բազմաթիվ հարցեր են ուղղել ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, որոնք վերաբերել են 2016 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության, սոցիալական ոլորտներին հատկացված ֆինանսական միջոցներին, նվազագույն աշխատավարձի եւ թոշակների բարձրացմանը, պետական կառավարման եւ տեսչական համակարգերի ծախսերի օպտիմալացմանը, Հայաստանի արտաքին պարտքին, համայնքների ֆինանսական համահարթեցման խնդիրներին, Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո հարկային եկամուտների ավելացման հնարավորությանը, ինչպես նաեւ հարկային օրենսդրության փոփոխությանը, ստվերային տնտեսության ծավալներին, տնտեսական զարգացման համար ներդրումների ավելացման անհրաժեշտությանը եւ այլն:
«ՀՀ 2016 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկի եզրակացությունը ներկայացրել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Նա նշել է, որ 2016 թ.-ի համար նախատեսվում է ՀՆԱ-ում բյուջեի պակասուրդի նվազում՝ այն ապահովելով ՀՆԱ-ի 3.5 տոկոս սահմաններում: Եկամուտների մասով 2016 թվականի բյուջեի ծրագիրն արտացոլում է տնտեսական աճի խթանմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականության սկզբունքների պահպանում, որի շրջանակներում իրականացվող միջոցառումների արդյունքում ակնկալվում է ՀՆԱ-ի նկատմամբ եկամուտների տեսակարար կշռի նվազում:
Ըստ ԿԲ նախագահի՝ 2016 թ.-ի ՀՀ պետական բյուջեի ծրագրի իրականացման արդյունքում կդիտվի գնաճային միջավայրի ընդլայնում՝ պայմանավորված բյուջեի պակասուրդի դեռեւս պահպանվող բարձր մակարդակում:
Նա տեղեկացրել է, որ 2016 թվականին հարկաբյուջետային քաղաքականության ծրագրային շարունակականության ապահովումը եւ դրամավարկային քաղաքականության արդյունավետ կոորդինացումը կնպաստեն մակրոտնտեսական կայունությանը, արդյունքում 2016 թվականին գնաճը ապահովելով 4 տոկոս նպատակային ցուցանիշի շրջանակում:
Արթուր Ջավադյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են վարկերի տոկոսներին, արտաքին պարտքի սպասարկմանը, հարկաբյուջետային քաղաքականությանը, ոսկու պաշարի առկայությանը, գնաճին, ներդրումների հնարավորությանը, դրամ-արտարժույթ կանխատեսումներին եւ այլն:
Պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա նշել է, որ այս տարի բյուջետային քննարկումներն ընթացել են՝ շեշտը դնելով ծրագրային բյուջետավորման վրա: Գագիկ Մինասյանը նշել է, որ եկող տարի աճ է կանխատեսվում մի շարք ոլորտներում: Այսպես, գյուղատնտեսության ոլորտում կանխատեսվում է 4 տոկոս աճ, 3,7 տոկոս աճ է կանխատեսվում արդյունաբերության ոլորտում: Շինարարության ոլորտում աճը կանխատեսվում է 1 տոկոսի սահմաններում: Գագիկ Մինասյանը տեղեկացրել է, որ բյուջեի ծախսային մասի 90 տոկոսն ուղղվելու է ընթացիկ ծախսերին: Պետական պարտքի սպասարկմանը կուղղվի 252, 4 մլն դոլար: Կշարունակվի իրականացվել ծրագրված սոցիալական քաղաքականությունը:
Ազգային ժողովը քառօրյա նիստի աշխատանքը կշարունակի նոյեմբերի 17-ին: