Լուրեր

Վարչապետը մասնակցել է Գյուղական համայնքների հինգերորդ համաժողովի բացմանը

10.11.2015

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Ջերմուկում այսօր մեկնարկել է Գյուղական համայնքների հինգերորդ ամենամյա համաժողովը: Ֆորումի նպատակը գյուղական համայնքների կայուն զարգացման ոլորտում գործող բոլոր մարմինների մասնակցությամբ տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների խնդիրների քննարկումն է, փորձի փոխանակումը, իրականացվող ծրագրերի և քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը: Նշենք, որ 2015 թ. նոյեմբերի 10-ին նշվում է նաև Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 19-ամյակը:
Տեղական ինքնակառավարման համակարգի աշխատանքներում ներդրած ավանդի համար Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին, Ստրասբուրգի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, Եվրոպայի խորհրդի փորձագետ Ռոբեր Հերցոգին և ՀՀ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղական համայնքի ղեկավար Խորեն Ավետիսյանին: ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի կայացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել նաև «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ նախագահ Ջեմմա Հասրաթյանին:
Ողջունելով ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ ավանդույթ դարձած այս համաժողովը հնարավորություն է ընձեռում միասին քննարկել գյուղական համայնքների զարգացման խնդիրները, իրականացված գործողությունների արդյունքները և ներկայացնել հետագա անելիքները։ «Հատկանշական է, որ ֆորումն անց է կացվում այսօր՝ նոյեմբերի 10-ին` Տեղական ինքնակառավարման մարմինների օրը, և այս առիթով շնորհավորում եմ ձեզ և մեր մյուս բոլոր գործընկերներին», - նշել է Հովիկ Աբրահամյանը և շնորհավորել նաև 2015 թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում ընտրված և վերընտրված համայնքապետերին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:
Անդրադառնալով հինգերորդ ամենամյա ֆորումի շրջանակում քննարկվելիք թեմաներին՝ կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Այս տարվա համաժողովի օրակարգում ներառված են գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներին առնչվող խնդիրներ: Դրանցից առաջինը նախանշում է գյուղական համայնքների բնակչության զբաղվածությունը և եկամուտները, երկրորդը` նոր ձևավորվող գործունեությունը և հնարավորությունները։
Գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի մասին մեր համայնքների ղեկավարները քաջատեղյակ են, քանի որ դրանց մեծ մասը իրականացվում է իրենց անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ: Դրանք են՝ մատչելի որակյալ սերմերով, պարարտանյութով, դիզվառելիքով, գյուղատնտեսական մեքենաներով և սարքավորումներով, նոր այգիների տնկման համար բազմատեսակ տնկիներով ապահովման ծրագրերը և այլն։ Տարբեր ուղղություններով առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում նաև ֆերմերային տնտեսություններին: Իմ անմիջական ուշադրության կենտրոնում եղել և մնում են գյուղացու ամենօրյա չարչարանքով ստեղծված գյուղմթերքի իրացման խնդիրները: Միևնույն ժամանակ իրականացվում են աշխատանքներ՝ ավելի շատ հողատարածքներ ոռոգելի դարձնելու և եղած իռիգացիոն համակարգերը բարեկարգելու ուղղությամբ: Մեծ հեռանկար ունի ինտենսիվ գյուղատնտեսությունը, որի վառ ապացույցն է ջերմոցային տնտեսությունների ավելացումը և զարգացումը:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս հրատապ ծրագրերի շրջանակում ՀՀ մարզերին հատկացվել է շուրջ 4.3 մլրդ ՀՀ դրամ գումար, որը հիմնականում ուղղվել է կրթական օբյեկտների, համայնքային նշանակության ճանապարհների, առողջապահական կազմակերպությունների, բազմաբնակարան շենքերի տանիքների և այլ օբյեկտների հիմնանորոգմանը»:
Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, ինչպես նաև միջազգային մյուս կառույցների դերակատարությունը վարչատարածքային բարեփոխումների գործընթացում: «Նրանց օժանդակությամբ Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով համայնքների փորձնական 14 փնջերում կիրականացվեն ավելի քան 13.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի աշխատանքներ: Մարզային զարգացման ծրագրերի իրականացման նպատակով Եվրոպական միության կողմից հատկացվել է ավելի քան 13.0 մլն եվրոյի օժանդակություն, որոնց ծրագրերի մրցույթները հայտարարվել են, և որոնց մասնակցության պարտադիր պայման է համարվում համայնքների ներգրավվածությունը», - շեշտել է կառավարության ղեկավարը։
Տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության և արդյունավետ տեղական իշխանություն ձևավորելու տեսանկյունից Հովիկ Աբրահամյանը կարևորել է նաև բնակիչների ակտիվ մասնակցությունը որոշումների կայացմանը և իրականացմանը և ընդգծել, որ հենց այդ նպատակին են ծառայում Միավորված ազգերի կազմակերպության օժանդակությամբ ժողովրդավարական կառավարման արմատավորմանն ուղղված բազմաբնույթ ծրագրերը: «Մենք նաև հետևողական աշխատանքներ ենք իրականացնում համայնքներում տեղեկատվական համակարգերի ստեղծման և ներդրման ուղղությամբ: Ասվածիս վառ ապացույցն է «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծում և ներդրում ՀՀ համայնքապետարաններում» ծրագրի իրականացման համար այս տարվա հոկտեմբերին Մեքսիկայի Միացյալ Նահանգների Մեխիկո քաղաքում կայացած «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլոբալ համաժողովում Հայաստանի ստացած մրցանակը: Հավաստիացնում եմ, որ իրականացվող բարեփոխումները լինելու են շարունակական: Վստահ եմ՝ ունենալու ենք կայուն և բարեկեցիկ կենսամիջավայր ապահովող համայնքներ», - նշել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ միջազգային գործընկերների հետ միասին ՀՀ կառավարությունն աջակցելու համայնքների զարգացմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության կյանքի կոչմանը և, միայն թե համայնքների ղեկավարությունը պետք է աշխատի ավելի արդյունավետ և հոգա ազգաբնակչության խնդիրները: «Տարեցտարի ՀՀ կառավարությունը, քաջ գիտակցելով տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների կարևորությունը մեր երկրի կայացման գործընթացում, ավելի շատ ֆինանսական միջոցներ է հատկացնելու և աջակցելու, որպեսզի այդ ինստիտուտները կայանան: Դա է մեր երկրի ապագան, և մենք ունենալու ենք հզոր համայնքներ ու հզոր պետություն», - եզրափակել է վարչապետը՝ համաժողովի մասնակիցներին մաղթելով հաջողություն և արդյունավետ աշխատանք։
Իրենց ելույթներում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը և Ստրասբուրգի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, Եվրոպայի խորհրդի փորձագետ Ռոբեր Հերցոգը շնորհակալություն են հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին պարգևատրման համար և կարևորել Հայաստանում գյուղական համայնքների՝ արդեն ավանդական դարձած համաժողովի անցկացումը:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդի խոսքով՝ ֆորումն արդյունավետ հարթակ է դարձել համայնքային զարգացման խնդիրները վեր հանելու և լուծման ուղիները քննարկելու առումով և հաշվի առնելով նախորդ տարիներին համաժողովների արդյունքում ոլորտում կատարված մեծ աշխատանքը՝ պետք է արձանագրել դրական տեղաշարժ: ՏԻՄ համակարգում բարեփոխումների իրականացման համատեքստում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարը կարևորել է Հայաստանի համայնքների խոշորացման գործընթացը՝ որպես ապակենտրոնացված կառավարման արդյունավետ միջոց: Նշելով, որ կառավարման առումով համայնքների խոշորացումը կարևոր և արդյունավետ փոփոխություն է համայնքների և մարդկանց կյանքում՝ Քարեն Հիլիարդն ԱՄՆ ՄԶԳ անունից պատրաստակամություն է հայտնել ՀՀ իշխանության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ շարունակելու աջակցությունն այս գործընթացին և ընդհանրապես ՏԻՄ համակարգի բարեփոխումներին:
Իր հերթին Ստրասբուրգի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, Եվրոպայի խորհրդի փորձագետ Ռոբեր Հերցոգը նշել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կանգնած է ՏԻՄ համակարգի բարեփոխումների ակունքներում, և դեռևս ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում նախաձեռնել է այս գործընթացը: Նա նշել է, որ Հայաստանը հուսալի գործընկեր է Եվրոպայի խորհրդի համար և գոհունակությամբ նշել, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել ստորագրել տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումների եվրոպական խարտիան:
Վարչապետ Աբրահամյանը Ջերմուկում այցելել է նաև «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված ցուցահանդես, ծանոթացել Մեղրու տարածաշրջանը ներկայացնող «Այգեգործ ֆերմերների աջակցության կենտրոն»-ի առաջարկած սարքավորումներին ու ծառայություններին:
Գյուղական համայնքների հինգերորդ ամենամյա համաժողովին մասնակցում են Հայաստանի Հանրապետության 129 համայնքի ղեկավար (ներառյալ 17 կին և 49 քաղաքային համայնքի ղեկավար) և 20 ավագանու անդամներ, մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Համաժողովի շրջանակում քննարկվելու են գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացմանը, տեղական ինքնակառավարման մարմինների կայացմանը և տարածքային համաչափ զարգացմանը վերաբերող հարցեր:

← Վերադառնալ ցուցակին