Լուրեր
Նոյեմբերի 14-ը՝ համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի օր
09.11.2015
Մայրաքաղաքում ավարտվել են 2015թ. ծրագրով նախատեսված բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների և մուտքերի վերանորոգման աշխատանքները: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Վերանորոգվել է ընդհանուր թվով 1836 շենքերի տանիք և 598 շենքերի 866 մուտք:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլոր պատասխանատուներին հանձնարարել է արդեն իսկ գույքագրել և նախապատրաստվել հաջորդ տարվա աշխատանքներին:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ վարչական բոլոր շրջաններում շարունակվում են ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական ու երրորդական փողոցների, բակային տարածքների ասֆալտապատման, ճաքալցման, փոսալցման և փոսանորոգման աշխատանքները: Հանձնարարվել է խստորեն վերահսկել կատարվող աշխատանքների որակը:
Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ ամենշաբաթյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել է 3 դեպք: 2-ի մասով կատարվել են քանդման աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ հայտնաբերվել է պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված 2 օբյեկտ, որոնք նույնպես ապամոնտաժվել են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել խստորեն վերահսկել սահմանված նորմերի պահպանման ուղղությամբ աշխատանքները:
Մայրաքաղաքում աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 69 վարչական արձանագրություն է կազմվել: Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է վարչական 4 արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գույքագրել և խիստ հսկողություն սահմանել մայրաքաղաքի փողոցների մայթերին առկա վճարային տերմինալների տեղադրման վայրերի նկատմամբ:
«Այս մասով լուրջ անելիք կա, հատկապես հաշվի առնելով, որ դրանք հիմնականում տեղադրված են մայթերի այնպիսի հատվածներում, որ ակնհայտորեն խոչընդոտում են մեր համաքաղաքացիների անցուդարձը: Սա անթույլատրելի է, ըստ այդմ գույքագրեք ու համապատասխան քայլեր ձեռնարկեք դրանք մայթերի բանուկ հատվածներից տեղափոխելու ուղղությամբ: Եվ ընդհանրապես հետևեք, որ տեղադրվող այդ սարքավորումներն այսուհետ չհայտնվեն մայթերի բանուկ հատվածներում», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ծառերի էտի աշխատանքները: Ըստ այդմ, արդեն իսկ էտվել է շուրջ 5000 ծառ: Քաղաքապետը հանձնարարել է մեկ անգամ ևս գույքագրել քաղաքացիների կողմից ներկայացված այն հասցեները, որոնցում ևս առկա են էտման անհրաժեշտություն ունեցող ծառեր, և այդ ուղղությամբ ևս ձեռնարկել համապատասխան աշխատանքներ:
Զեկուցվել է նաև, որ նոյեմբերի 14-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի պատշաճ կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են: Հստակեցված են բոլոր տարածքները, ձեռք են բերվել անհրաժեշտ քանակությամբ տնկիներ և պարագաներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է գույքագրել նաև բոլոր այն տարածքները, որտեղ ամառային շոգերի պատճառով արձանագրվել էին հրդեհների դեպքեր, և այդ տարածքները նույնպես նախապատրաստել ծառատունկ իրականացնելու համար:
Քաղաքապետարանի ենթակայության դպրոցների, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ջեռուցման տարեշրջանի մեկնարկի առնչությամբ զեկուցվել է, որ վերոնշյալ հաստատությունները ջեռուցվում են, և պահպանվում է անհրաժեշտ ջերմային ռեժիմ: