Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ

06.11.2015

 Պաշտոնական այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սմոլնիում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ: Տարոն Մարգարյանը նախ մեկ անգամ ևս իր և բոլոր երևանցիների խորին ցավակցությունն է փոխանցել գործընկերոջը՝ Սինայի թերակղզում 224 մարդու կյանք խլած ավիաաղետի կապակցությամբ` հավելելով, որ կորստի ցավը չէր կարող անտարբեր թողնել որևէ բանական մարդու, և իր զորակցությունն է հայտնել Գեորգի Պոլտավչենկոյին: Շնորհակալություն հայտնելով վիշտը կիսելու և զորակցության համար` Գեորգի Պոլտավչենկոն իր հերթին նկատել է, որ հատկապես նման իրավիճակներում անշահախնդիր բարեկամների անկեղծ վերաբերմունքը, ինչպիսին նաև Երևանն է ցուցաբերել՝ ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, շատ ավելին արժե, քան պարզապես գործընկերությունը: Սանկտ Պետերբուրգի նահանգապետը նաև շնորհակալություն է հայտնել իր հրավերն ընդունելու և ՌԴ հյուսիսային մայրաքաղաք այցելելու համար՝ նշելով, որ սա ևս մեկ առիթ է՝ համատեղ քննարկելու այս տարվա ապրիլին ստորագրված երկու քաղաքների համագործակցության 2015-2020 թթ. ծրագրի ընթացքը:
«Երևանը մեզ համար ոչ միայն կայուն և վստահելի գործընկեր է, այլև հարազատ քաղաք, որի հետ փոխգործակցության ընդլայնումը, վստահ եղեք, պարոն քաղաքապետ, մեզ համար շատ կարևոր է ու առաջնահերթ: Անշուշտ, Երևանի և Սանկտ Պետերբուրգի սերտ հարաբերությունների հարցում իր կարևոր դերակատարումն ունի նաև մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ինչը հերթական անգամ հավաստվում է նաև Սանկտ Պետերբուրգում հայ ազգի մեծանուն զավակի՝ Կոմիտասի արձանի տեղադրումով: Կոմիտասը հայ ժողովրդի հոգևոր խորհրդանիշն է: Համաշխարհային մշակույթում մեծ է նրա ներդրումը: Պետերբուրգում նրա արձանի բացումը մեր քաղաքի համար նշանակալի իրադարձություն է: Նա կդառնա հյուսիսային մայրաքաղաքի զարդը: Ու համոզված եմ, որ սա լրացուցիչ խթան կդառնա ոչ միայն մեր փոխգործակցության էլ ավելի ամրապնդման, այլև տեղի հայ համայնքի առավել աշխուժացման հարցում: Նաև վստահ եմ, որ կշարունակեք երկու քաղաքների միջև հաստատված փոխգործակցության ծրագրի արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ Ձեր հետևողական գործունեությունը, որը հնարավորություն է տալիս այն դարձնել առավել առարկայական ու շոշափելի, ինչի շնորհիվ առաջիկա տարիներին մենք կյանքի կկոչենք նախանշված բոլոր ծրագրերը», - ընդգծել է Գեորգի Պոլտավչենկոն:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հրավերի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված Սանկտ Պետերբուրգի կառավարության ջանքերը՝ նկատելով, որ Կոմիտաս վարդապետի արձանի տեղադրումն իսկապես երկու քաղաքների սերտ ու արդյունավետ համագործակցության հերթական վառ օրինակն է, ինչը չի կարող աննկատ մնալ:
«Կոմիտասը մեծ նշանակություն ունի հայերիս համար, ու հատկապես այս տարի, երբ մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որի զոհն է դարձել, ըստ էության, նաև Կոմիտաս վարդապետը, Սանկտ Պետերբուրգում նրա հուշարձանի բացումը մեզ համար իսկապես առանձնակի նշանակություն ունի: Սա իրոք փաստում է երկու ժողովուրդների անխախտ բարեկամության ու փոխադարձ հարգանքի մասին, ինչի համար, ի դեմս Ձեզ, պարոն նահանգապետ, մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր շարունակում են իրենց նպաստը բերել երկու երկրների ու քաղաքների միջև համագործակցության ամրապնդման հարցում: Նաև համոզված եղեք, որ իմ լիազորությունների շրջանակում կշարունակեմ անել հնարավորը՝ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առկա հարաբերությունների առավել սերտացման ու գործնական ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ՝ ի բարօրություն մեր երկու քաղաքների բնակիչների»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

← Վերադառնալ ցուցակին