Լուրեր
Կառավարությունը կաջակցի վթարից տուժածներին
05.11.2015
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Մինչ նիստի օրակարգային հարցերին անցնելը վարչապետի առաջարկությամբ կառավարության նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված մեր հայրենակիցների հիշատակը: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ղեկավարությամբ: «Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Գագիկ Բեգլարյանն արդեն երկու օր է գտնվում են Տուլայի նահանգում, և իրենց անմիջական աջակցությունն են բերում մեր հայրենակիցներին: Շնորհակալ ենք Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, կառավարության ղեկավարին, տրանսպորտի նախարարին: Երեկ մենք ՀՀ Նախագահի հետ քննարկել և որոշում ենք կայացրել, որ բոլոր ծախսերը՝ և բուժման, և հուղարկավորության, կառավարությունն իր վրա է վերցնելու»,-նշել է վարչապետը:
Աջակցություն ներդրումային ծրագրին
Կառավարության որոշմամբ «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգվել է 3 տարով: Ներդրումային ծրագրի շրջանակում` ընկերությունը Կոտայքի մարզում կառուցված 11 հա ջերմոցային տնտեսությունում նախատեսում է զբաղվել բարձր որակի հոլանդական վարդերի աճեցմամբ: «Արմյանսկիյ Ուրաժայն» այդ նպատակով նախատեսում է իրականացնել շուրջ 1.637 մլրդ դրամի ներդրում, որից մոտ 1.337 մլրդ դրամը կուղղվի սարքավորումներ ձեռք բերելուն: Ընկերությունը նախատեսվում է տարեկան արտադրել շուրջ 2.5 մլրդ դրամի արտադրանք (2016թ.), որի գերակշիռ մասը կարտահանվի ՌԴ, Վրաստան, Բելառուս, Ղազախստան և այլ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 90 աշխատատեղ:
Սահմանվում են ԵԱՏՄ մաքսային տարածքում առանձին ապրանքների ներմուծման և տեղափոխման կարգավորման առանձնահատկությունները
Գործադիրը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրությանը, որը ստորագրվել է 2015թ. հոկտեմբերի 16-ին Բուրաբայում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից: Արձանագրությամբ սահմանվում են ԵԱՏՄ մաքսային տարածքում առանձին ապրանքների ներմուծման և տեղափոխման կարգավորման առանձնահատկությունները` կապված Ղազախստանի Հանրապետության ԱՀԿ-ին անդամակցելու հետ: Արձանագրության դրույթները վերաբերում են այն ապրանքներին, որոնք ընդգրկված են երրորդ երկրներից Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների ցանկում և որոնց հանդեպ Ղազախստանի Հանրապետության կողմից, ԱՀԿ-ի պարտավորություններին համապատասխան, կիրառվելու են ավելի ցածր մաքսատուրքի դրույքաչափեր:
Կառավարությունն ընդունել է «Թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնի՝ ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանման և ՀՀ տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ պետական վերահսկողության իրականացումը կանոնակարգելու մասին» որոշում: Ըստ այդմ, արտահանման և ներմուծման ժամանակ պետք է տրամադրվեն պետական վերահսկողության ակտեր:
Միջազգային համագործակցություն
Գործադիրն իր հավանությունն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրին, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 300 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ: Այն կտրամադրվի երեք մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը 100 մլն ԱՄՆ դոլար գումարով: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 2,1տոկոս, տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ ժամանակահատվածն է: Յուրաքանչյուր մասնաբաժնի տրամադրման համար նախապայման է հանդիսանում ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի կողմից բարեփոխումների ծրագրի իրականացումը: Ծրագրի գլխավոր ուղղություններն են՝ էներգետիկ հատվածի ֆինանսական կայունության և պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացում, բիզնեսի վարման պայմանների բարելավում:
Համաձայնություն է տրվել նաև Հայաստանի Հանրապետության և Բենինի Հանրապետության կառավարությունների միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Այլ հարցեր
Կառավարության որոշմամբ առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով 13 օրենսդրական փաթեթ և 8 միջազգային պայմանագիր:
Կառավարությունը հավանություն է տվել «Երևան Ջուր»,«Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցելու (վարձակալի ընտրության) գնման ընթացակարգի մասնակցին ներկայացվող նախաորակավորման հայտարարությանը:
Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով Տրանսպորտի և կապի նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 1,5 մլրդ դրամ:
Տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015 թվականների ազգային ծրագրով, ինչպես նաև «ՀՀ-ում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում և դեղակայուն տուբերկուլոզի կառավարման ընդլայնում» դրամաշնորհային ծրագիրն իրականացնելու համաձայնագրով պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2015թ. պետբյուջեում և նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշմամբ նախատեսվում է ավելացնել դրամաշնորհային ծրագրի 2015թ. բյուջեի վերջին եռամսյակում դրամային միջոցները, ինչը կնպաստի հանրապետությունում տուբերկուլոզ հիվանդության ախտորոշման, բուժման, այլ բժշկական ու կազմակերպչական միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացմանը և տուբերկուլոզի բնագավառում համաճարակային իրավիճակի բարելավմանը:
Կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը. գործադիրը նպատակահարմար չի համարել օրինագծի քննարկումը և ընդունումը: Օրինագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Կառավարության որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված զինվորական ավանների անշարժ գույքը կհանձնվի ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Գործադիրի համապատասխան որոշմամբ հնարավոր կլինի պարգևատրել համաշխարհային ունիվերսիադայում, նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մարզաձևերում մեդալներ նվաճած մասնակիցներին, եվրոպական խաղերում մրցանակակիր դարձած մարզիկներին և ավելացնել, մասնավորապես, աշխարհի երիտասարդական առաջնության և համաշխարհային ունիվերսիադայի, Եվրոպայի երիտասարդական առաջնության, աշխարհի պատանեկան առաջնության և Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնի մրցանակակիրների պարգևատրման գումարները: Վերոնշյալ միջոցառումները կնպաստեն միջազգային մրցասպարեզներում բարձր արդյունքների ձեռքբերմանը: