Լուրեր
Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
26.10.2015
Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:
Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստին հետեւող Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի դասախոսներին ու ուսանողներին:
Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի հեղինակած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրել է նստաշրջանի, ապա նաեւ` քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, որոնք հաստատելուց հետո պատգամավորները շարունակել են քննարկել «2014 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցը, որը ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Պատգամավորները տարաբնույթ հարցեր են ուղղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, որոնք հիմնականում վերաբերել են երեխաների եւ երիտասարդների իրավունքների պաշտպանությանը, անօրինական գաղտնալսումներին, ընտրողների իրավունքների պաշտպանությանը, մարդու իրավունքներին եւ դրանց պաշտպանության մեխանիզմների զարգացմանը, հանրակրթական եւ մասնավոր դպրոցներում կրթության որակի տարբերություններին:
Հարակից զեկույցում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ էլինար Վարդանյանը նշել է, որ զեկույցում 2014 թվականին արձանագրված խախտումները, եթե ոչ ամբողջությամբ, ապա մեծամասամբ կրկնում են 2013 թ. արձանագրված խախտումները: Նրա գնահատմամբ՝ զեկույցը հնարավորություն է տալիս համապարփակ տեղեկատվություն ստանալու եւ խնդիրների, եւ խախտումների մասին: Նշվել է, որ գլխադասային հանձնաժողովում զեկույցի քննարկումն իրականացվել է ըստ ոլորտների եւ պատասխանատու անձանց մասնակցությամբ, գրավոր հարցումներ են ուղարկվել համապատասխան գերատեսչություններ, ստացվել են առաջարկություններ եւ առարկություններ: Ընդգծելով, որ զեկույցում բարձրացվել են համակարգային խնդիրներ՝ տիկին Վարդանյանն անդրադարձել է ՀՀ ոստիկանության, դատախազության, արդարադատության, առողջապահության ոլորտներում քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն առնչվող բազմաթիվ հարցերի եւ օրենսդրական լուծում պահանջող խնդիրների: Հանձնաժողովի նախագահը, խոսելով օրենսդրական բացերի արդյունքում մարդու իրավունքների խախտման դեպքերից, անդրադարձել է օրենքների միատեսակ մեկնաբանման եւ կիրառման խնդրին:
Զեկույցի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել ԱԺ պատգամավորները: Տիգրան Ուրիխանյանի գնահատմամբ՝ ՄԻՊ-ից եւ նրա աշխատակազմից ՀՀ քաղաքացիներն ակնկալում են ավելի կոշտ եւ շարունակական քայլեր: Թեւան Պողոսյանը կարծում է, որ բաց քննարկումների, կլոր սեղանների եւ սոցիալական գովազդի միջոցով պետական կառավարման համակարգում առկա խախտումների մասին հանրությունը պետք է իրազեկվի: Արամ Մանուկյանն անդրադարձել է քաղաքացիների իրավական եւ սոցիալական պաշտպանության խնդրին եւ այս հարցում ՄԻՊ-ի դերին: Հեղինե Բիշարյանի կարծիքով՝ պատգամավորները պետք է նոր մոտեցումներով աջակցեն Մարդու իրավունքների պաշտպանին: Լեւոն Զուրաբյանն անդրադարձել է երկրում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը եւ այդ հարցում կարեւորել ՄԻՊ-ի դերը: Վահրամ Մկրտչյանը խոսել է զեկույցում ներկայացված խախտումների դեպքերից եւ դրանց վերաբերյալ տվել է գնահատականներ: Մարգարիտ Եսայանի կարծիքով՝ ՄԻՊ-ի ինստիտուտը ոչ թե վերահսկողական, այլ խորհրդատվական մարմին է եւ ինքը կցանկանար այդ պաշտոնում տեսնել ավելի տարեց եւ փորձառու անձի: Ստեփան Դեմիրճյանը նշել է, որ ըստ զեկույցի՝ երկրում շարունակվում են չլուծված մնալ մի շարք խնդիրներ հատկապես մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ոլորտում: Ռուզաննա Մուրադյանը դրական է գնահատել ՄԻՊ աշխատակազմի կատարած աշխատանքը, խոսել է ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդրումից, միջնակարգ կրթության որակից: Հովհաննես Մարգարյանը մտահոգություն է հայտնել մարդու իրավունքների խախտումների մեծ թվի վերաբերյալ՝ նշելով, որ այն նպաստում է նաեւ արտագաղթի ավելացմանը: Էդմոն Մարուքյանը կարեւորել է քրեական դատավարության նոր օրենսգրքի շուտափույթ ընդունումը, խոսել մարդու իրավունքների, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրների վերաբերյալ: Իշխան Խաչատրյանի դիտարկմամբ՝ զեկույցում ներկայացված դեպքերն ունեն կրկնվող բնույթ:
ԱԺ պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են նաեւ մի շարք խնդիրների, որոնք վերաբերել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին, մարզերում մարդու իրավունքների խախտումների վիճակագրությանը, կենսաթոշակառուների թաղման նպաստի տրամադրմանը, քաղաքացիներին բնակարան հատկացնելուն: Անհրաժեշտ է համարվել մանկավարժների վերապատրաստումը, անդրադարձ է կատարվել դպրոցներում առկա թերություններին, երկրում առկա սոցիալական խնդիրներին:
Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահը, ՄԻՊ ինստիտուտի ստեղծումը մեր երկրում աննախադեպ որակելով, նշել է, որ թերություններ չեն լինում այնտեղ, ուր աշխատանք չի իրականացվում: Պարոն Շարմազանովն ընդգծել է, որ ՄԻՊ-ի խնդիրը քննադատելը, խնդիրները բացահայտելը եւ լուծման ուղիները մատնանշելն է, այլ ոչ թե խնդիրները կոծկելը: Նա, դրական գնահատելով ՄԻՊ գրասենյակի գործունեությունը, նշել է, որ օմբուդսմենի ինստիտուտը կայացել է նախկին եւ ներկա ղեկավարների, ՄԻՊ աշխատակազմի աշխատանքի շնորհիվ: «Որքան հաճախ խորքային մատնանշեք իշխանությունների թերությունները, այնքան լավ կլինի իշխանությունների, ընդդիմության եւ, առաջին հերթին, հանրության համար»,- ասել է ԱԺ փոխնախագահը:
«2014 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցի վերաբերյալ ԱԺ պատգամավորները կշարունակեն ելույթ ունենալ հոկտեմբերի 27-ի ԱԺ նիստում: