Լուրեր
«Երիտասարդ դեսպանների ակադեմիան» նոր հմտություններով ու գիտելիքներով զինեց ՀՀԿ-ական երիտասարդներին
26.10.2015
Հոկտեմբերի 24-25-ը Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Արտաքին կապերի հանձնաժողովի նախաձեռնությամբ Ծաղկաձոր քաղաքում անցկացվեց «Երիտասարդ դեսպանների ակադեմիա» խորագիրը կրող ծրագիրը:
Ծրագրի նպատակն էր դիվանագիտությամբ և արտաքին հարաբերություններով հետաքրքրված ու որոշակի բազային գիտելիքներ ունեցող երիտասարդներին փոխանցել նոր հմտություններ, հարստացնել ոլորտի վերաբերյալ նրանց գիտելիքները` առավելագույնի հասցնելով դրանց պրակտիկ կիրառման արդյունավետությունը:
Ծրագրի մեկնարկը տրվեց ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ հանդիպումով: ՀՀԿ ԵԿ ղեկավարը խոսեց հանձնաժողովի գործառույթների և դրա առջև դրված խնդիրների մասին:
«Լինելով ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովում` դուք պետք է խորապես տեղեկացված լինեք կուսակցության անցած ճանապարհի, գաղափարախոսության, իրականացված ծրագրերի ու գործընթացների մասին: Դուք տարեբեր երկրներում տարբեր ծրագրերի ու միջոցառումների եք մասնակցելու, որտեղ ներկայացնելու եք կուսակցության, ինչպես նաև մեր երկրի շահերը, ուստի պետք է ունենաք բավականաչափ գիտելիքներ նաև մեր պատմության, երկրում ընթացող գործընթացների և երկրի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ»,- նշեց Կարեն Ավագյանը:
Երկօրյա ծրագրի ընթացքում անցկացվեցին մի շարք դասընթացներ, որոնք վարեցին ոլորտի մասնագետները:
ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների, երկկողմ և բազմակողմ կապերի մասին խոսեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Հաջորդ դասընթացը ինտերակտիվ ոճով անցկացրեց Բանակցության երևանյան կենտրոնի (CEN Yerevan) ղեկավար Ստեփան Խզրթյանը։ Երիտասարդները ծանոթացան բանակցությունների արվեստին, դրա հիմնական գաղտնիքներին ու հմտություններին և այդ ամենն ամրապնդեցին գործնական աշխատանքի միջոցով:
«Արարողակարգի խոհանոց» խորագրով դասընթացով, որը վարեց «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետ Վարդան Ասոյանը, երիտասարդները հետաքրքիր տեղեկատվություն ստացան արարողակարգի նախապատրաստման, դրա նրբությունների, ինչպես նաև տարբեր ժողովուրդների ազգային-մշակութային բնորոշիչներով պայմանավորված արարողակարգի առանձնահատկությունների վերաբերյալ:
Երիտասարդ հանրապետականների հետ հանդիպման ընթացքում ՀՀ արտաքին քաղաքական կուրսի, միջազգային գործընթացների, միջազգային ասպարեզում Հայաստանի համագործակցության մասին խոսեց ՀՀ նախագահի օգնական Վարուժան Ներսիսյանը։ Իսկ ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Հրայր Զորյանն էլ անդրադարձավ հանրային կապերին և ԶԼՄ-ների հետ աշխատանքին։
Ծրագիրն ավարտվեց արդյունքների ամփոփմամբ և երիտասարդներին վկայականների հանձնմամբ: