Լուրեր

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄՄՀՊԻ ՌԵԿՏՈՐ ԱՆԱՏՈԼԻ ՏՈՐԿՈՒՆՈՎԻՆ

23.10.2015

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովին, ով Երևանում մասնակցում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Նեբենզյան:

Նախագահը ողջունել է հյուրերին, նշելով, որ ուրախ է հյուրընկալել նրանց Հայաստանում անցկացվող հեղինակավոր միջազգային վերոնշյալ ֆորումի շրջանակներում: Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առանձնահատուկ դերը բարձրորակ կադրերի՝ միջազգայնագետների և դիվանագետների պատրաստման գործում, այդ թվում՝ Հայաստանի համար, որոնցից շատերը, ըստ Նախագահի, պետական, հասարակական, գիտական ասպարեզներում հասել են մեծ հաջողությունների:

Սերժ Սարգսյանն ընդգծել է Անատոլի Տորկունովի ծանրակշիռ ներդրումը բուհի լավագույն ավանդույթների պահպանման գործում:

Հանդիպման ժամանակ Նախագահը ՌԴ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (համալսարանի) ռեկտոր, ակադեմիկոս Անատոլի Վասիլիի Տորկունովին պարգևատրել է ՀՀ բարձր պարգևով՝ Պատվո շքանշանով՝ հայ-ռուսական բարեկամության ամրապնդման և զարգացման, ինչպես նաև գիտակրթական կապերի խորացմանն ուղղված գործունեության համար:

Ռեկտոր Անատոլի Տորկունովը շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը նման բարձր գնահատականի արժանացնելու, ինչպես նաև իր գլխավորած բուհի վերաբերյալ ՀՀ Նախագահի հնչեցրած գնահատականների համար:

ՀՀ Նախագահը և ՄՄՀՊԻ ռեկտոր Անատոլի Տորկունովը զրույցի ընթացքում ընդգծել են կրթության և գիտության մեծ դերը պետությունների ու դրանց հասարակությունների զարգացման գործում:

← Վերադառնալ ցուցակին