Լուրեր
Վարչապետն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահին
16.10.2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինին:
Ողջունելով հյուրին՝ վարչապետը կարևորել է Եվրասիական զարգացման բանկի հետ համագործակցության խորացումը և ընդլայնումը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել նաև Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի գործունեությունը Հայաստանում: Հիմնադրամի հետ հաջողված համագործակցության արդյունք է համարել «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն. 4-րդ փուլ» նախագծի ֆինանսավորման համար 150 մլն ԱՄՆ դոլարի կնքված համաձայնագիրը, որի շրջանակում աշխատանքները հաջող ընթացքի մեջ են: Հովիկ Աբրահամյանը կարևորել է «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի համար նախատեսվող 40 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային վարկային համաձայնագրերի այսօր նախատեսվող ստորագրումը:
Դմիտրի Պանկինը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և կարևորել համագործակցության խորացումը՝ ուղղված տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը: Նա արդյունավետ և հաջողված է համարել փոխգործակցությունը և նշել, որ Եվրասիական զարգացման բանկը այսուհետ ևս պատրաստ է Հայաստանի հետ շարունակել ակտիվ գործակցությունը:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և Եվրասիական զարգացման բանկի միջև փոխգործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: