Լուրեր

ՀՀԿ ԵԿ նախաձեռնությամբ սահմանադրական բարեփոխումների նախագծին այս անգամ ծանոթացան ՀՊՏՀ ուսանողները

14.10.2015

 Հոկտեմբերի 14-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացվեց սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ դասընթաց: Այն կազմակերպվել էր Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և ՀՊՏՀ ՈՒսանողական խորհրդում ստեղծված` սահմանադրական բարեփոխումների վերլուծությամբ ու ուսանողների շրջանում դրա վերաբերյալ տեղեկատվության տարածմամբ զբաղվով ժամանակավոր հանձնաժողովի կողմից:

Դասընթացը վարում էր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, ՀՀԿ խորհրդի անդամ Հրայր Թովմասյանը:

Դասընթացի ընթացքում ներկայացվեցին սահմանադրական բարեփոխումների ընդհանուր դրույթները, քննարկվեցին հատկապես տնտեսական ոլորտին վերաբերող բարեփոխումները, խոսվեց իրականացվելիք բարեփոխումների առավելությունների մասին:

Դասընթացի հիմնական հատվածին հաջորդեցին ուսանողների հարցերը` ուղղված մասնագետին, որոնք ստացան համապատասխան սպառիչ պատասխաններ:

ՀՊՏՀ ՈՒսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը կարևորեց ուսանողների ակտիվ մասնակցությունը երկրի համար նշանակալի դեր ունեցող սահմանադրական բարեփոխումների գործընթացում և հավելեց, որ դասընթացի մասնակիցները` արդեն իսկ իրազեկ լինելով սահմանադրական բարեփոխումների փաթեթին, այս նախաձեռնության շնորհիվ ստացան իրենց հուզող հարցերի պատասխաններն ու հարստացրին թեմայի շուրջ գիտելիքները:

← Վերադառնալ ցուցակին