Լուրեր
Վարչապետը մասնակցել է միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ օլիմպիադայի մրցանակաբաշխությանը
13.10.2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի արդյունքների ամփոփման և պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Այն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Այս տարի օլիմպիադային մասնակցել է ավելի քան 850 երիտասարդ աշխարհի տարբեր երկրներից: Օլիմպիադայի գլխավոր կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն, գլխավոր հովանավորը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:
Ողջունելով միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ օլիմպիադայի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ այն կարևոր հարթակ է միկրոէլեկտրոնիկայի ոլորտի երիտասարդ տաղանդավոր մասնագետներին բացահայտելու, նրանց ձեռքբերումները գնահատելու և դրանով իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա ներուժը լիարժեք իրացնելու համար:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՏՏ ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է, և պատահական չէ, որ այն ՀՀ կառավարության ծրագրի գերակա ուղղություններից է: Վարչապետի խոսքով՝ ոլորտում արձանագրվող աճն ու առաջընթացը ոգևորիչ են և միևնույն ժամանակ պարտավորեցնող, որ կառավարությունը հետևողականորեն շարունակի ՏՏ բնագավառի զարգացմանն ուղղված քաղաքականությունը: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ տեխնոլոգիաները և գիտելիքը մեր երկրի զարգացման հենքն են, և ՀՀ կառավարությունն ամեն կերպ սատարելու է ՏՏ ոլորտում որակյալ կադրերի բացահայտմանն ու խրախուսմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության: Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ Հայաստանը խոստումնալից ապագա ունի այս բնագավառում, քանի որ հարուստ է նման բարձրակարգ ու որակյալ երիտասարդ կադրերով:
Վարչապետը շնորհավորել է միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ օլիմպիադայի բոլոր մասնակիցներին, մաղթել էլ ավելի մեծ առաջընթաց, նորանոր հաջողություններ և շնորհակալություն հայտնել նախաձեռնողներին, կազմակերպիչներին ու հովանավորներին օլիմպիադայի գաղափարը կյանքի կոչելու համար:
Այնուհետև կառավարության ղեկավարը հատուկ մրցանակ է հանձնել «Լավագույն արդյունք Հայաստանից» անվանակարգում հաղթող ճանաչված Գրիգոր Հովսեփյանին: Իր հերթին «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին պարգևատրել է միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ օլիմպիադայի հոբելյանական հուշամեդալով:
Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադային կարող են մասնակցել մինչև 30 տարեկան ուսանողներ և ճարտարագետներ Հայաստանից, ինչպես նաև աշխարհի այլ երկրներից: Օլիմպիադայի նպատակն է խթանել միկրոէլեկտրոնիկայի զարգացումը Հայաստանում և մյուս մասնակից երկրներում, բացահայտել և խրախուսել երիտասարդ տաղանդավոր կադրերին, մեծացնել միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրությունը երիտասարդ մասնագետների շրջանում, բարելավել այս բնավագառի կրթական ծրագրերը և ձևավորել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում երիտասարդ մասնագետների համայնք: