Լուրեր
Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
06.10.2015
Հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը` քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, վավերացնելով ՀՀ-ի եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջեւ 2015 թ. մայիսի 11-ին ստորագրված «Երեւանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագիրը:
Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողներին եւ դասախոսներին:
Խորհրդարանը շարունակել է քննարկել ՀՀ ԿԲ-ի 2014 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը:
Փաստաթղթի վերաբերյալ ՕԵԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Մհեր Շահգելդյանը: Նա նախ անդրադարձել է հաշվետվության խնդրահարույց ձեւակերպումներին, ապա խոսել գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրանքի իրացման խնդիրներից, աղքատությունից եւ տնտեսության զարգացման ցածր տեմպերից: Ըստ պատգամավորի՝ իրականացվող դրամավարկային քաղաքականությունը չի նպաստում երկրում բիզնեսի զարգացմանը:
Եզրափակիչ ելույթում Ներսես Երիցյանն անդրադարձել է ելույթներում հնչած հարցադրումներին:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը նաեւ ներկայացրել է ՀՀ ԿԲ-ի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը: Ներսես Երիցյանը նշել է, որ ՀՀ ԿԲ կանխատեսումների համաձայն՝ 2015 թ. ընթացքում 12-ամսյա գնաճը կտատանվի հիմնականում 4% + 1.5 տոկոսային կետ թույլատրելի միջակայքի վերին հատվածում եւ տարեվերջին կմոտենա նպատակային ցուցանիշին՝ կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում կայունանալով դրա շուրջ: Արտաքին տնտեսական անբարենպաստ միջավայրի ներքո 2015 թ.-ի ընթացքում կանխատեսվում է տնտեսական աճի տեմպերի որոշակի դանդաղում, իսկ կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում կարագանան՝ աստիճանաբար մոտենալով երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին: Կարճաժամկետ կանխատեսումների համաձայն՝ 2015 թ. թե՛ մասնավոր սպառումը եւ թե՛ մասնավոր ներդրումները կկրճատվեն: Տարվա ընթացքում նախատեսվող հարկաբյուջետային ազդակը գնահատվում է փոքր ընդլայնող: 2015 թ. կանխատեսվում է ապրանքների եւ ծառայությունների արտահանման իրական աճ 7.0-9.0% միջակայքում, ապրանքների եւ ծառայությունների ներմուծման իրական նվազում 4.0-6.0% միջակայքում:
Հիմնական զեկուցող Ներսես Երիցյանին պատգամավորներն ուղղել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել են վարկերի մարմանը, տարաբնույթ ռիսկերին, վարկերի պահանջարկին եւ առաջարկին, քաղաքացիների ֆինանսական գիտելիքներին, սպառողների շահերի պաշտպանությանը, գնաճին, դոլար-դրամ փոխարժեքին, դոլարով վերցված վարկերի մարման դժվարություններին այլն:
Ծրագրի վերաբերյալ հարակից ելույթ է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը: Ներկայացնելով ՀՀ կառավարության եզրակացությունը՝ նա պատգամավորներին տեղեկացրել է, որ այն կարող է պարունակել ժամանակավրեպ տարրեր, քանի որ եզրակացությունը գրվել է ապրիլին, իսկ այսօր տարվա ավարտին մնացել են հաշված ամիսներ: Նա տեղեկացրել է, որ 2014 թվականին ՀՀ ԿԲ-ն շարունակել է իրականացնել նախատեսված դրամավարկային քաղաքականությունը, որն ընդհանուր առմամբ համահունչ է եղել գնաճի զարգացումներին եւ մակրոտնտեսական կայունության ապահովման՝ կառավարության ծրագրով նախատեսված ուղղություններին: Նա ներկայացրել է տարվա ընթացքում Կենտրոնական բանկի իրականացրած քայլերը եւ ստացված արդյունքները:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրել է ծրագրի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Ըստ նրա՝ 2015 թվականի գնաճի վերաբերյալ ԿԲ կանխատեսումները, ըստ որի այն պետք է պահպանվեր 4+-1,5 տոկոսի սահմաններում, տարեվերջին կունենանք որպես իրողություն: Խոսելով արտահանման եւ ներմուծման ծավալներից՝ Գագիկ Մինասյանը նշել է, որ հաշվի առնելով այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները՝ ակնհայտ է, որ տարեվերջին կարձանագրվի արտահանման աճ՝ 6,8 տոկոսից ավելի եւ ներմուծման նվազեցում՝ 7,9 տոկոսից ավելի չափով: Տնտեսական աճը տարեվերջին կանխատեսվում է ավելի քան 2 տոկոս:
Ծրագրի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը, Նիկոլ Փաշինյանը, Արտաշես Գեղամյանը եւ Հովհաննես Մարգարյանը: Նրանք անդրադարձել են դոլար-դրամ փոխարժեքի տատանումների պատճառով վարկառուների կրած դժվարություններին, տնտեսության զարգացման ցածր տեմպերին, տնտեսությունում վարկավորման տոկոսադրույքների օպտիմալացմանը, անհրաժեշտ համարել արդիականացնել հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության ներդաշնակությունը, խոսել գյուղատնտեսության ոլորտի խնդիրներից, տրանսֆերտների ծավալների նվազեցումից, անհրաժեշտ համարել գանձարանում ստեղծել ոսկու ռեզերվներ:
Վերջին նիստի մեկ ժամը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն` տրամադրվել է պատգամավորների հայտարարություններին: