Լուրեր
Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
05.10.2015
Հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:
Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն Ուսուցչի տոնի առթիվ շնորհավորել է բոլոր ուսուցիչներին: ԱԺ նախագահը շնորհավորել է Հայաստանի, Արցախի ու սփյուռքի բոլոր ուսուցիչներին եւ իր այն գործընկերներին, ովքեր վայելել են ուսուցիչ լինելու բերկրանքը՝ մաղթելով նրանց առողջություն, լավատեսություն ու բարեկեցություն:
Պատգամավորներն այնուհետեւ ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստին հետեւող Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի համար 2 միջնակարգ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրել է նստաշրջանի, ապա նաեւ՝ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաեւ մի շարք նախագծերի քննարկումը հետաձգելու մասին որոշումները:
Նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը հաստատելուց հետո պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:
Մինչ այդ՝ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի խոսքը՝ ուղղված ՀՀ Ազգային ժողովին եւ հանրությանը:
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին՝ Ջաննի Բուքիքիոն նշել է, որ Հայաստանը եւ Վենետիկի հանձնաժողովը երկար ճանապարհ են անցել միասին:
Ըստ Բուքիքիոյի՝ կառավարման ցանկացած ձեւի գործունեությունը սերտագույն կապված է ընտրական համակարգի հետ: Խորհրդարանական համակարգին անցում կատարելուն զուգահեռ, կայունությունը, եւ ուստի կառավարելիությունը երաշխավորելու նպատակով, առաջարկվել է անցում կատարել ամբողջովին համամասնական ընտրակարգի:
Խոսելով սահմանադրական բարեփոխումներից՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահը նշել է, որ փոփոխությունների նախագիծը նաեւ մարդու իրավունքների շատ ժամանակակից ցանկ է պարունակում, որը համահունչ է եվրոպական եւ միջազգային չափանիշներին:
Փոփոխությունների նախագիծն ամրապնդում է դատական իշխանության անկախությունը, Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը, ամրագրվում են պետական կարեւոր մարմինների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, Վերահսկիչ պալատի անկախությունները:
Ջաննի Բուքիքիոն նշել է, որ Սահմանադրության փոփոխությունների տեքստը հիմնվում է Վենետիկի հանձնաժողովի ներկայացրած նախկին եւ նոր եզրակացությունների վրա:
Ջաննի Բուքիքիոյի դիտարկմամբ, անկախ բարեփոխումները նախաձեռնելու դրդապատճառից, սահմանադրական բարեփոխումը հիասքանչ հնարավորություն է, եթե համապատասխանում է եվրոպական եւ միջազգային չափանիշներին:
Սահմանադրական կանոնները, ըստ հանձնաժողովի նախագահի, կարող են շարժիչ ուժ դառնալ հասարակության զարգացման եւ պետության ժողովրդավարության ավելի բարձր մակարդակի անցնելու համար:
Այնուհետեւ ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովում քննարկված եւ Հայաաստանի Հանրապետության նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա փոփոխված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Վարդան Պողոսյանը նշել է, որ նախագիծը ենթարկվել է փոփոխությունների՝ պատգամավորների եւ խմբակցությունների կողմից ներկայացրած առաջարկների հիման վրա, որոնք ընդունվել են հանրապետության նախագահի կողմից: Առաջարկներ ներկայացրել են ԱԺ բոլոր խմբակցությունները, ինչպես նաեւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն անդրադարձել է հիմնական փոփոխություններին: Ըստ այդմ՝ կարեւոր փոփոխություն է կատարվել սահմանադրական կարգի հիմունքների գլխում՝ ամրագրելով, որ ընդերքը եւ ջրային ռեսուրսները համարվում են բացառիկ սեփականություններ:
Անդրադառնալով մարդու ազատ գործելու իրավունքին՝ Վարդան Պողոսյանը նշել է, որ, փոփոխության համաձայն, մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի հակասում Սահմանադրությանը եւ օրենքներին: Եվ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:
Փոփոխություն է կատարվել նաեւ հավաքների ազատության մասին հոդվածում՝ ամրագրելով, որ բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն օրենքով նախատեսված դեպքերում անցկացվում են ողջամիտ ժամկետում, եւ ինքնաբուխ հավաքների իրականացման համար իրազեկում չի պահանջվում:
Հիմնական զեկուցողն անդրադարձել է նաեւ սեփականության իրավունքի, հանցագործություններ սահմանելիս եւ պատիժներ նշանակելիս օրինականության սկզբունքի, տնտեսական, սոցիալական, մշակույթի ոլորտներում, օրենսդրական երաշխիքների եւ պետության քաղաքականության վերաբերյալ հոդվածներում տեղ գտած փոփոխություններին:
Վարդան Պողոսյանը մանրամասն ներկայացրել է հատկապես Սահմանադրությամբ նախատեսված կառավարման համակարգի փոփոխությանը վերաբերող հոդվածները:
Խոսելով Ազգային ժողովի ընտրություններից, Վարդան Պոսղոսյանը նշել է, որ Ազգային ժողովը ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը: Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձեւավորվում ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ:
Երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձեւավորումը:
Կարեւոր է նաեւ օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ փոփոխությունը. այն է օրենսդրական նախաձեռնության հեղինակը կարող է ցանկացած ժամանակ հետ կանչել իր ներկայացրած օրենքի նախագիծը: Ինչպես նաեւ այն օրենքների նախագծերը, որոնց օրենսդրական նախաձեռնության բացառիկ իրավուքնը պատկանում է կառավարության, քվեարկության կարող են դրվել միայն կառավարության ընդունելի որոշումներով:
Անդրադառնալով Հանրապետության Նախագահի ընտրության կարգին՝ Վարդան Պողոսյանը նկատել է, որ այստեղ եղել է կոնսենսուսային մոտեցում՝ այն է՝ Հանրապետության Նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Վարդան Պողոսյանն անդրադարձել է նաեւ ՀՀ կառավարությանը, դատարաններին, դատախազությանը, քննչական մարմիններին, տեղական ինքնակառավարմանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Կենտրոնական բանկին վերաբերող փոփոխություններին: Մասնավորապես նշվել է, որ Կենտրոնական բանկի խորհուրդը ընտրվելու է Ազգային ժողովի կողմից: Դրամի անվան ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի հանրաքվեի միջոցով:
ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը նշել է, որ հիմնական փոփոխությունները ցույց են տվել, որ Հանրապետության Նախագահի կողմից ցանկություն կա հասնելու հնարավորին մեծ քաղաքացիական համաձայնության, կատարել փոխզիջումներ, որպեսզի Սահմանադրության փոփոխությունների նախագծում ընդգրկվեն քաղաքական ուժերի եւ հասարակության առաջարկները, որոնք արժանի են պաշտպանության:
Խորհրդարանը 104 կողմ, 10 դեմ եւ 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշումը:
«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Նշվել է, որ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է հատուկ բանկային հաշիվների համար համապատասխան իրավական դաշտի ապահովման անհրաժեշտությամբ: Ներկայում ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, կարգավորելով բանկային հաշվի հետ կապված հարաբերությունները, չի նախատեսում որոշակի առանձնահատկություններ այնպիսի հաշիվների համար, ինչպիսիք են սոցիալական փաթեթի հաշիվները, էսքրոու հաշիվները, անվանատիրոջ հաշիվները, նոտարի դեպոզիտ հաշիվները: Պարոն Երիցյանի խոսքով՝ հատուկ հաշիվների օրենսդրական կարգավորումը հնարավորություն կտա քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցներին առավել արդյունավետ եւ ապահով օգտվելու հատուկ հաշիվներից՝ հաշվի առնելով, որ իրավական դաշտի ապահովվածությունը կբարձրացնի հասարակության վստահությունը նման գործիքների նկատմամբ:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը կարեւորել է օրենսդրական փոփոխության ընդունումը՝ նշելով, որ այն թույլ կտա տեւական ժամանակ պահանջող գործարքների իրականացման պարագայում բարձրացնել գնորդի եւ վճարման դիմաց պատասխանատվություն կրող տնտեսավարող սուբյեկտի միջեւ վստահությունը, ինչն էլ իր հերթին կխթանի տնտեսության զարգացումը:
Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է ՀՀ-ի եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջեւ 2015 թ. մայիսի 11-ին ստորագրված «Երեւանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագիրը: Ըստ հիմնական զեկուցողի` համաձայնագրով նախատեսվում է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Հայաստանին կտրամադրի 4 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ: Ծրագրի կապիտալ արժեքը կազմում է 7 մլն դոլար, որից 3 մլն դոլարը՝ դրամաշնորհ: Ծրագրի հիմնական նպատակն է Երեւանում ունենալ էներգախնայող եւ անվտանգ արտաքին լուսավորության ցանց: Մասնավորապես նախատեսվում է Երեւանի 28 փողոցներում փոխարինել հենասյուները, անցկացնել ստորգետնյա մալուխներ, օգտագործել էներգախնայող լամպեր, ինչպես նաեւ ներդնել կառավարման ավտոմատացված համակարգ:
Հարակից զեկույցում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն է ներկայացրել Խոսրով Հարությունյանը: Նա ողջունել է քաղաքապետարանի՝ ենթակառուցվածքների արդիականացմանը միտված հետեւողական աշխատանքը:
Համաձայնագիրը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից եւս արժանացել է դրական եզրակացության. այս մասին բարձրաձայնել է հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը: Նրա գնահատմամբ՝ քաղաքի զարգացման ծրագրերի իրականացման տեսանկյունից կարեւոր եւ սկզբունքային նշանակություն ունեցող համաձայնագիր է:
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Արա Բաբլոյանի եւ Մկրտիչ Մինասյանի հեղինակած օրինագծերի փաթեթը քննարկվել է երկրորդ ընթերցման ընթացակարգով: Ներկայացնելով առաջինից երկրորդ ընթերցում պատգամավորների առաջարկների հիման վրա լրամշակված փաթեթը՝ Արա Բաբլոյանը համոզմունք է հայտնել, որ օրենսդրական փաթեթի ընդունումը կնպաստի բուժաշխատողների գիտելիքների եւ հմտությունների կատարելագործմանը:
Օրենսդրական փաթեթի վերաբերյալ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Մկրտիչ Մինասյանը:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրել է ՀՀ ԿԲ-ի 2014 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը: Ըստ զեկուցողի՝ 2014 թվականին հիմնականում պահպանվել է ցածր գնաճային միջավայր, ինչը հնարավորություն է տվել ԿԲ-ին այդ ժամանակահատվածում իրականացնելու ընդլայնողական դրամավարկային քաղաքականություն: 2014 թ.-ի առաջին տաս ամիսների ընթացքում ԿԲ-ն շարունակել է դեռեւս 2013 թ.ի նոյեմբեր-դեկտեմբերից սկսած վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման քաղաքականությունը: 2014 թվականի փետրվարից տեղի է ունեցել նաեւ դրամավարկային պայմանների թուլացում՝ դրամով պարտադիր պահուստավորման նորմայի 4-2 տոկոսի իջեցման արդյունքում: Դրամավարկային պայմանների թուլացմանն ուղղված վերոնշյալ գործողությունների արդյունքում նվազել են նաեւ ֆինանսական շուկայի կարճաժամկետ տոկոսադրույքները եւ պահպանվել համեմատաբար բարձր վարկավորման աճ: 12 ամսյա գնաճը 2014 թվականի առաջին տասն ամիսների ընթացքում, ինչպես եւ սպասվել է, ցուցաբերել է նվազողական վարքագիծ, սակայն նոյեմբեր-դեկտեմբերին՝ պայմանովորված աշխարհում եւ հատկապես տարածաշրջանում խորացող աշխարհաքաղաքական հիմնախնդիրներով, ձեւավորվել է զգալի գնաճային միջավայր: Ներսես Երիցյանը վստահեցրել է, որ ԿԲ պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները եւ ապահովելու ֆինանսական կայունությունը:
Հարակից զեկուցմամբ ելույթ են ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Փաստաթղթի վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանը, Միքայել Մելքումյանը, Արտաշես Գեղամյանը: Նրանք անդրադարձել են ԿԲ-ի կողմից իրականացվող ընդլայնողական դրամավարկային քաղաքականությանը եւ դրա մրցունակությանը, տնտեսության աճին, ֆինանսական կայունությանը, 12 ամսյա գնաճին, նոր ֆինանսատնտեսական քաղաքականությանն անցման հնարավորությանը, արժութային տատանումներին:
Նշենք, որ վերոնշյալ փաստաթուղթը քննարկելուց հետո պատգամավորներն այն ընդունելու են ի գիտություն:
Ազգային ժողովն աշխատանքը կշարունակի հոկտեմբերի 5-ին: