Լուրեր
Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել ՀՀ սփյուռքի նախարարության հիմնադրման 7-ամյակին նվիրված միջոցառմանը
02.10.2015
Հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության հիմնադրման 7-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել նախարարության կայացման գործում մեծ ներդրում ունեցած կազմակերպություններին, հայաստանյան ակադեմիական կառույցներին, քաղաքական գործիչներին եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին:
Միջոցառումը մեկնարկել է քաղաքացիական ծառայողների երդման արարողությամբ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը վկայականներ է հանձնել նորաթուխ քաղաքացիական ծառայողներին:
Շնորհավորելով նախարարության հիմնադրման տարեդարձի առթիվ եւ դիմելով ներկաներին՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՀՀ սփյուռքի նախարարության հայրենանվեր գործունեությունը: Օրենսդիր մարմնի ղեկավարն ընդգծել է ՀՀ սփյուռքի նախարարության կատարած ազգանվեր աշխատանքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում: