Լուրեր

Խաղողի մթերման գործընթացը՝ կառավարության ուշադրության կենտրոնում

25.09.2015

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նիստում վարչապետը գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվել է հանրապետությունում խաղողի մթերման գործընթացով: Նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, որ խաղողի մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են. աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 7-ից: «Հանրապետությունում այսօր ունենք 49 մթերող կազմակերպություններ, որոնցից 32-ում արդեն մթերման աշխատանքները սկսված են: Հիմնականում աշխատանքները չեն սկսվել Վայոց ձորի մարզում, որտեղ շաքարայնությունը դեռևս ցածր է. մթերման աշխատանքները կսկսվեն հոկտեմբերի 1-ից հետո: Երեկ ես եղել եմ Տավուշի մարզում, որտեղ նույնպես մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են. 5 մթերող կազմակերպություններից 3-ը սկսել են մթերման աշխատանքները, 2-ն առաջիկա 2-3 օրերի ընթացքում կսկսեն: Իհարկե, խաղողի մթերման հարցում կան որոշակի դժվարություններ: Հասկանալի պատճառներով, գինեգործարանները հիմնականում չեն կարողացել ֆինանսական հոսքեր ապահովել, որոնք նախատեսված էր տարեսկզբին՝ կապված արտահանումների ծավալների կրճատման հետ: Պետք է ասել նաև, որ որոշ կազմակերպություններում տարաները լիքն են, սակայն բոլորի կողմից կա այն մոտեցումը, որ խաղողը պետք է մթերվի ամբողջապես, և դաշտում խաղող չի մնալու: Այսօրվա դրությամբ մթերվել է 80 հազար տոննա խաղող, անցյալ տարվանից մոտավորապես 20 հազար տոննա պակաս: Մթերողների թիվն ավելանում է և ես համոզված եմ՝ թեկուզ եղած դժվարություններով հանդերձ մենք մթերումները նորմալ անցկացնելու ենք: Պետք է ասեմ, որ այս տարի խաղողի ծավալն անցյալ տարվա համեմատ բավականին ավելի է, նույնիսկ կարելի է ասել 30 տոկոսով: Մենք 15-20 տոկոսի կանխատեսումներ ունեինք, սակայն փաստորեն արտադրական ծավալներն ավելի են: Անցյալ տարի հանրապետությունում արտադրվել է 281 հազար տոննա խաղող, այս տարի սպասվում է 300 հազար տոննայի կարգի խաղող: Անցյալ տարի մթերվել է 181 հազար տոննա, այս տարի կանխատեսվում է ավելի շատ մթերել: Առաջարկն ավելի է քան պահանջարկը, սակայն այդ խոչընդոտները մենք կհաղթահարենք Ձեր օգնությամբ և կկարողանանք հարցերին լուծում տալ»,-ասել է գյուղատնտեսություն նախարարը:
«Խնդրում եմ իրականացնել ամենօրյա հետևողական աշխատանք և եթե հարց լինի՝ մենք պատրաստ ենք աջակցել»,- նշել է կառավարության ղեկավարը:
Խաղողի մթերման գործընթացը վերահսկվում է նաև ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության կողմից:


Պետությունը կաջակցի անապահով ընտանիքների 1-ին կուրսի ուսանողներին՝ բարձրագույն կրթություն ստանալու հարցում

ՀՀ կառավարության որոշմամբ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված և ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող 1-ին կուրսի ուսանողների ըստ սահմանված չափերի համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում պետության կողմից կտրամադրվի ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում: Նշենք, որ գործող կարգով անապահով ընտանիքների ուսանողների վարձավճարը փոխհատուցվում էր միայն երկրորդ կուրսից սկսած, իսկ այժմ այն կտրվի առաջին կուրսից: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, իրականում, շատ կարևոր որոշում ենք ընդունում: Որոշում, որի շնորհիվ տարեկան մոտ 350 առաջին կուրսի ուսանող հնարավորություն կունենա իր բարձրագույն կրթությունը ստանալ պետության աջակցությամբ: Հատուկ ուզում եմ շեշտել, որ այս որոշումը մեր ընդհանուր քաղաքականության մասն է, որի վերջնանպատակը մեր լավ ուսանողների համար բարձրագույն կրթության մատչելիության ապահովումն է: Այս նպատակին հասնելու ճանապարհին մենք օրենքով ամրագրել ենք ուսման զեղչերի համակարգ սոցիալապես ամենախոցելի ընտանիքների ուսանողների համար: Օրենքով սահմանվել է նաև բուհերի զեղչային ֆոնդի նվազագույն ծավալը, որի միջոցները ուղղվում են ուսանողներին աջակցություն ցուցաբերելուն: Գործում է նաև արտոնյալ ուսանողական վարկերի համակարգը: Մենք ներդրել ենք «Փարոս» համակարգում ընդգրկված և լավ սովորող ուսանողների համար պետական աջակցության ծրագիր երկրորդ կուրսից: Այս որոշման շնորհիվ պետական աջակցությունը հասանելի կդառնա մեր երիտասարդների համար առաջին կուրսից, ինչը շատ կարևոր հարց է և շուրջ 350 ուսանող կօգտվի այս արտոնությունից»:
Կառավարության որոշմամբ Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն գիտական և գիտատեխնիկական փորձաքննության բնագավառում սահմանվել է որպես լիազոր մարմին՝ քաղաքականության իրականացման, իրավական ակտերի նախագծերի մշակման, փորձաքննության կազմակերպման ու գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում գիտական ծրագրերի և թեմաների ընտրության մրցակցային պայմանների ներդրման նպատակով: Որոշումը կնպաստի գիտության և տեխնիկայի զարգացման արդի մակարդակին համապատասխան գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի գիտական ծրագրերի և թեմաների ընտրությանը, ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը:
Գիտության ոլորտին առնչվող մեկ այլ որոշմամբ գործադիրը նախատեսում է կանոնակարգել ծրագրերում գիտական աստիճան ունեցող կատարողների ներգրավման գործընթացները: Համապատասխան որոշումը կնպաստի գիտական գործունեության համար պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացմանը: Ըստ այդմ, առաջարկվում է ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտաշխատողներին հավելավճար հատկացնել մեկ ծրագրից՝ դրանից առնվազն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձին համապատասխան վարձատրություն ստանալու դեպքում:


ՓՄՁ-ների համար ստեղծվում է բարենպաստ հարկային միջավայր

Կառավարությունը հավանություն է տվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկվում է զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերին ընձեռել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հնարավորություն: Ներկայումս «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը չօգտագործող և զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերը հանդիսանում են արտոնագրային վճար վճարողներ: Միաժամանակ, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքներով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող անձինք: Խնդիրն այն է, որ զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման գործունեությունը հիմնականում իրականացվում է ընտանիքի անդամների միջոցով, մինչդեռ նշյալ գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերը հնարավորություն չունեն համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ և օգտվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների համար նախատեսված հարկային արտոնություններից: Այս խնդիրը բարձրացվել է նաև ՓՄՁ զարգացման խորհրդի նիստի ընթացքում:
Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագծի և դրանից բխող` մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Օրենքի նախագծի հիմնական նպատակն է` իրավական հենքի ստեղծման միջոցով նախանշել մայրաքաղաքի զարգացման ընթացքում Երևանի փոքր կենտրոնի բարձրարժեք ճարտարապետական կերպարի միասնականության, կառուցապատման գեղագիտական միջավայրի կատարելագործման, առողջ և գրավիչ կենսամիջավայրի ձևավորման ապահովումը: Մասնավորապես, օրինագծով առաջարկվում է` «Փոքր կենտրոնի» և դրա անմիջական ազդեցության (բուֆերային) գոտիների սահմաններում ընդգրկված տարածքն առանձնացնել որպես ազգային կարևորություն ունեցող հատուկ և լրացուցիչ պայմաններով կառուցապատվող տարածք, որի սահմանագծերը նախատեսվում է հաստատել ՀՀ կառավարության որոշմամբ:
Գործադիրի հավանությանն է արժանացել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծի նպատակն է հնարավորության սահմաններում ապահովել դատախազների պատշաճ վարձատրությունը նրանց կողմից կատարվող գործառույթներին ու ստանձնած պատասխանատվությանը համապատասխան, ինչպես նաև դատախազների վարձատրության համակարգը համապատասխանեցնել պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքներին` վերացնելով անհամապատասխանությունները:
Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Դրանք պայմանավորված են նոր ձևավորվող խոշորացված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման, ինչպես նաև լիազորությունների բաշխման առանձնահատկություններով: Մասնավորապես, առաջարկվում է համայնքները տարանջատել ինքնուրույն և բազմաբնակավայր համայնքների, նոր ձևակերպում է ստանում «բնակավայր» հասկացությունը:
Օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:

Հաստատվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը

Կառավարությունը հաստատել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագիրը: Սահմանվել է, որ պետական կառավարման մարմինները յուրաքանչյուր տարվա կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի նախագծի մշակման ժամանակ հիմք ընդունեն նաև հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրում սահմանված տվյալ տարվա միջոցառումները: Ֆինանսների նախարարին հանձնարարվել է համապատասխան պետական մարմինների հետ համատեղ յուրաքանչյուր տարվա պետբյուջեի պլանավորման ժամանակ քննարկել հակակոռուպցիոն ռազմավարության 2015-2018 թթ. միջոցառումների ծրագրով տվյալ տարվա համար նախանշված արդյունքների ապահովման նպատակով պետբյուջեում համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելու հնարավորությունը:
Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է «Պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ժողովածու կազմելու և տրամադրելու կարգն ու ժամկետները սահմանելու մասին» որոշում: Ըստ այդմ, սահմանվում է, որ պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ ակտերի էլեկտրոնային ժողովածուի ներկայացումն իրականացվելու է http://www.arlis.am/ ինտերնետային կայքում: Էլեկտրոնային ժողովածուի համալրման աշխատանքներն իրականացվելու են երկու փուլով` սկզբում պաշտոնական սկզբնաղբյուր ունեցող, իսկ հետո պաշտոնական սկզբնաղբյուր չունեցող կամ չպահպանված նորմատիվ իրավական ակտերը: Էլեկտրոնային ժողովածուի ստեղծումը մեծապես կհեշտացնի իրավական ակտերի հետ աշխատանքը, կնպաստի բնակչության իրավական գրագիտության բարձրացմանը, իրավական պետության կայացմանը:
Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 8-ին կնշվի քննչական կոմիտեի ծառայողի օրը:


Կանոնակարգվում է տարեցների, հաշմանդամների և երեխաների խնամքի տրամադրման գործընթացը

Սոցիալական պաշտպանության հաստատություններում տրամադրվող խնամքի և սոցիալական ծառայությունների որակի բարձրացման նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է Խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը և ուժը կորցրած է ճանաչել մի շարք որոշումներ: Ըստ այդմ, մեկ միասնական իրավական ակտում կանոնակարգվել է և տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց, և երեխաների խնամքի տրամադրման գործընթացը: Ամրագրվել են խնամքի տրամադրման տեսակները, ձևերը, խնամք տրամադրող հաստատությունները, որոնք ծառայություններ են տրամադրում տարեցներին, հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին: Նախատեսվում է նաև ներդնել սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների հավաստագրման ինստիտուտ:
ՀՀ մարզերում գործող բժշկական հաստատությունների գործունեության համար հնարավորինս նպաստավոր պայմանների ստեղծման անհրաժետությամբ պայմանավորված գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած իր որոշումներից մեկում: Որոշման նպատակն է մարզերում բարձրացնել հիվանդանոցային ծառայությունների ֆիզիկական մատչելիությունը, ապահովել բժշկական ծառայությունների արդյունավետությունը:


Այլ հարցեր

ՀՀ կառավարության որոշմամբ պահուuտային ֆոնդից գումար է հատկացվել գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2015թ.-ի համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով: Որոշումը կնպաստի Մեղրու տարածաշրջանի ազգաբնակչության կողմից հողատարածքների մշակման և այդ տարածաշրջանում բնակչության ապրելակերպի բարելավմանը:
Գործադիրի որոշմամբ վեց ամսով երկարաձգվել է անալոգային հեռարձակումից թվային հեռարձակմանն անցման ժամկետը (01.01.2016թ.), ինչը հնարավորություն կտա հստակեցնել ՀՀ վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման շրջանակում սոցիալական ծրագրի մոտեցումները. նախատեսվում է անալոգայինից թվային հեռարձակմանը անցման գործընթացը դարձնել ավելի սահուն և ամբողջական, ապահովել հանրության առավել արդյունավետ իրազեկում:
Կառավարության որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա (ՀՖՖ) իրավաբանական անձանց միությանը նվիրաբերվել է Գյումրու «Մուշ-2» թաղամաս N10/5 հասցեի հողամասը, որը 2009թ.-ից տրամադրված էր ընկերությանն անհատույց (մշտական) օգտագործման: Գործադիրը հավանություն է տվել նաև «Գյումրու ֆուտբոլի ակադեմիա» ներդրումային ծրագրին, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության, ՀՖՖ և երկու միջազգային կազմակերպությունների՝ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կողմից: Ֆուտբոլային ակադեմիաների կառուցումը պայմանավորված է Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացմամբ, մանկապատանեկան ֆուտբոլում ժամանակակից մարզումային պայմանների ներդրմամբ, առողջ սերնդի ձևավորմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին