Լուրեր
Մայրաքաղաքում շարունակվում է բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարը
07.09.2015
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում գործող բուժկետերում ավարտվել են առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով համալրման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է կազմակերպել ստուգայցեր քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներ, տեղերում մանրակրկիտ ուսումնասիրել բուֆետների աշխատանքն ու հանձնարարել խստորեն հետևել մատակարարների կողմից բացառապես թույլատրելի սննդի ապահովման կազմակերպմանը: Նաև հանձնարարվել է շարունակել մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի նկատմամբ խիստ վերահսկողությունը:
Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի հետ կապված քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ հայտնաբերվել է խախտման 9 դեպք, որոնց մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Հանձնարարվել է շարունակել գործընթացի նկատմամբ սահմանված խիստ հսկողությունը:
Զեկուցվել է, որ մինչև սեպտեմբերի 30-ը մայրաքաղաքում շարունակվելու է անվտանգ երթևեկության միամսյակը և ուժեղացված հսկողությունը կրթօջախների հարակից տարածքներում: Ուղևորափոխադրող բոլոր ձեռնարկություններին հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքի ապահովման ուղղությամբ` այդ թվում նաև ավելացնելով տրանսպորտային շարժակազմերի քանակը՝ քաղաքացիների պատշաճ ուղևորափոխադրում իրականացնելու նպատակով:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 11 վարչական արձանագրություն:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցների աջակցությամբ շարունակում է նաև բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ համաքաղաքային ստուգայցերը: Զեկուցվել է, որ վերջին 10 օրում իրականացված հետևողական աշխատանքի արդյունքում ամբողջությամբ վերացվել է մասնավորապես մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շուկայամերձ Վանթյան և Սվաճյան փողոցներում, Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց և Գնունի փողոցների շինանյութի շուկային հարակից հատվածի, Էրեբունի վարչական շրջանի Սասունցի Դավիթ կայարանի կայանամերձ տարածքի, Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի և Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի հրապարակի հարակից տարածքներում կազմակերպվող ապօրինի առևտուրը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել ոստիկանության հետ համատեղ տարվող աշխատանքները և սահմանել ամենօրյա հսկողություն:
«Այս ուղղությամբ հսկողությունը պետք է լինի մշտական, ու մենք պետք է շարունակենք պայքարը բացօթյա ապօրինի առևտրի դեմ: Որոշ մարդիկ փորձում են թյուր տպավորություն ստեղծել, որ մեր քաղաքացիներին հնարավորություն չենք տալիս առևտուր իրականացնել: Մինչդեռ մեր պահանջը հստակ է. առևտրային գործունեությունը պետք է իրականացվի բացառապես շուկաներում և առևտրի համար սահմանված մյուս տարածքներում, այլ ոչ թե այդ տարածքներից դուրս: Մենք որևէ մեկին ոչ արգելել և ոչ էլ խոչընդոտել ենք օրենքով սահմանված կարգով իրենց առևտրային գործունեությունը ծավալելու հարցում: Ըստ այդմ անհիմն են հնչող որոշ տեսակետները, թե բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարը քաղաքացուն զրկում է առևտրային գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից: Ավելին, նույն այդ քաղաքացիներից շատերն այսօր արդեն սահմանված վայրերում են շարունակում իրենց գործունեությունն ու որևէ խնդիր չունեն: Ու մենք շարունակելու ենք արատավոր այս երևույթի վերացման ուղղությամբ աշխատանքներն այնքան ժամանակ, մինչև բոլորը գիտակցեն, որ փողոցն ու մայթը առևտրային գործունեության տարածք չեն ու չեն կարող լինել»,-ընդգծել է քաղաքապետը:
Չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու ուղղությամբ ամենօրյա հսկողության արդյունքում վարչական արձանագրություն է կազմվել 60 դեպքի մասով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է առավել հետևողական լինել այս հարցում: