Լուրեր

Գիտելիքի օրվա առթիվ Հովիկ Աբրահամյանն այցելել է Երևանի թիվ 155 հիմնական դպրոց

01.09.2015

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ այցելել է Լևոն Միրիջանյանի անվան Երևանի թիվ 155 հիմնական դպրոց: Վարչապետը ներկա է գտնվել առաջին դասարանցիների նորամուտի տոնական միջոցառմանը:
Վարչապետը շնորհավորել է աշակերտներին, մանկավարժներին և ծնողներին Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ, մաղթել ձեռքբերումներ և նորանոր հաջողություններ: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այս օրը նշանակալից է հատկապես առաջին դասարանցիների համար, քանի որ սեպտեմբերի 1-ը նշանավորում է նրանց կյանքի նոր փուլի սկիզբը: Վարչապետի խոսքով՝ այս գեղեցիկ օրն ավելի հիշարժան դարձնելու նպատակով կրթօջախներ են այցելել նաև կառավարության անդամներն ու գերատեսչությունների ղեկավարները: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է ապագա սերնդին հավուր պատշաճի կրթություն տալու հանգամանքը և վստահություն հայտնել, որ այդ ուղղությամբ համապատասխան գերատեսչություններն ու մանկավարժներն ամեն ինչ կանեն: «Մեր երկրի և ժողովրդի ապագան գիտելիքն է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ուսումնական հաստատություններում կրթությունը լինի բարձր որակի»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Այնուհետև կառավարության ղեկավարը շրջել է դպրոցում, եղել դասասենյակներում,ծանոթացել ուսումնական պայմաններին, զրուցել ուսուցիների, աշակերտների և ծնողների հետ։

← Վերադառնալ ցուցակին