Լուրեր
Գալուստ Սահակյանը հանդիպել է «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ
20.08.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը օգոստոսի 20-ին հանդիպել է «Բազե-2015» համահայկական երիտասարդական ամենամյա հավաքի մասնակիցների հետ: Նշենք, որ այս տարի հավաքը մեկնարկել է օգոստոսի 17-ին, եւ մասնակիցները Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի երիտասարդներն են:
ԱԺ նախագահը ներկա է եղել «Բազե-2015»-ի մարզական միջոցառումներից մեկին, որի ընթացքում երիտասարդները ցուցադրել են իրենց սպորտային հմտությունները:
Գալուստ Սահակյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ կարելի է հայաստանյան ամառը երիտասարդական համարել հենց այսպիսի ծրագրերի շնորհիվ, որոնք համախմբում են հայ երիտասարդներին, հնարավորություն տալիս նրանց շփվելու միմյանց հետ, ինքնադրսեւորվելու:
ԱԺ նախագահը փաստել է, թե տարիներ շարունակ հետեւում է «Բազե»-ի գործունեությանը եւ սիրով ականատես լինում երիտասարդների կազմակերպած մարզական եւ մշակութային միջոցառումներին, հավաքին այցելած հյուրերի հետ շփումներին:
ԱԺ նախագահի խոսքով՝ հենց երիտասարդները պետք է լինեն ազգային գաղափարախոսության կրողները, ազգային մշակույթի ու սովորույթների պահապանները:
Հանդիպման ավարտին Գալուստ Սահակյանը սիրով պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք վերաբերել են սահմանադրական բարեփոխումներին, խորհրդարանի գործունեությանը, երիտասարդների ներգրավվածությանը երկրի ներքին եւ արտաքին կյանքին: