Լուրեր

Վարչապետն ընդունել է Հայաստանում Արգենտինայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

22.07.2015

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության մեջ: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է բարեկամ Արգենտինայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և համոզմունք հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմանի կապերի սերտացմանը:
Գոնսալո Ուռիոլաբեիտիան իր համար մեծ պատիվ է համարել բարեկամ Հայաստանում Արգենտինան ներկայացնելը և հավաստիացրել, որ պաշտոնավարման ընթացքում ներդնելու է առավելագույն ջանքերը՝ մինչ օրս արձանագրված ձեռքբերումները պահպանելու և տարբեր ոլորտներում հայ-արգենտինյան համագործակցությունը խորացնելու համար:
Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության մակարդակը և շնորհակալություն հայտնել Արգենտինայի իշխանություններին՝ տեղի հայկական համայնքի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի համար: Վարչապետն անհրաժեշտ է համարել հայ-արգենտինյան առևտրատնտեսական կապերի զարգացումն ու ապրանքաշրջանառության ծավալի ավելացումը և ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել այդ ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին:

 

← Վերադառնալ ցուցակին