Լուրեր
ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
08.07.2015
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովին մասնակցելուց առաջ այցելել է Հայաստանի Ամերիկյան համալսարան: Հանրապետության Նախագահը համալսարանի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել կրթական հաստատությունում, ծանոթացել բուհի ընթացիկ գործունեությանը, ուսումնառության պայմաններին և ծրագրերին: Սերժ Սարգսյանն այցելել է համալսարանի գրադարան, որն սպասարկում է ոչ միայն համալսարանի ուսանողադասախոսական անձնակազմին, այլ բաց է նաև հասարակության համար, ուսանողների գրանցման բաժին, համալսարանական միջոցառումների, համաժողովների անցկացման համար նախատեսված «Ալեք և Մարի Մանուկեան» սրահ, Հանրային առողջապահության ֆակուլտետ, ցուցահանդեսների և այլ մշակութային միջոցառումների համար նախատեսված «Ագեան» արվեստասրահ ու Բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետում հիմնադրված բնապահպանական կենտրոն: Նախագահը զրուցել է աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց կողմից իրականացվող աշխատանքներով և մաղթել հաջողություններ: